Այս էջը հաստատված է

և ուրիշներ), մշակութային կապերի (Կ. Խուդավերդյան, Արամ Շահինյան) զարգացման վերաբերյալ աշխատություններով։

Ուսումնասիրվել են Սփյուռքի սոցիալ-տնտ. ու հասարակական կյանքի, քաղաքական կուս-ների ու կազմակերպությունների, սփյուռքահայության հայրենադարձության կազմակերպման ու իրագործման պատմության հարցերը (Լ. Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Հովիկ Մելիքսեթյան և ուրիշներ)։

Հրատարակվել են աշխատություններ պատմագիտության, խորհրդահայ պատմագրության հարցերի վերաբերյալ (Շմավոն Հարությունյան, Լևոն Բաբայան, Գ. Սարգսյան, Վ. Բարխուդարյան, Կ. Խուդավերդյան, Նորայր Սարուխանյան)։ Փաստացի մերկացվել են թուրք․ պատմագրության հերյուրանքները Հայաստանի հին ու միջնադարյան, նոր և նորագույն պատմության հարցերի վերաբերյալ (Մանվել Զուլալյան, Երվանդ Սարգսյան, Ռուբեն Գ. Սահակյան)։

Ստեղծվել են ընդհանրացնող աշխատություններ հայ ժողովրդի պատմության վերաբերյալ. «Հայ ժողովրդի պատմություն» (բուհ․ դասագիրք, հ. 1-4, 1963-70), «Հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (1972), «Հայ ժողովրդի պատմություն» (հ. 1-8, 1967-84, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1986)։

Խորհրդային ամբողջատիրության պայմաններում պատմության շատ հիմնահարցեր կամ շրջանցվում էին, կամ էլ աղավաղվում, նենգափոխվում, առանձին դեպքերում՝ գունազարդվում ու միակողմանիորեն ներկայացվում պատմ. իրադարձություններն ու երևույթները։ Կաշկանդված էր գիտնականների ստեղծագործ. միտքը, արգելված էր հայկական ազգային կուս-ների, Հայաստանի առաջին հանրապետության մասին գրելը, իսկ գրելու դեպքում պետք էր միայն դատապարտել ու հայհոյել։

1930-ական թթ-ին տագնապահարույց կացություն է ստեղծվել խորհրդահայ բազմաթիվ անվանի գիտնականների ու նրանց գործերի գնահատման հարցում։ Նիհիլիզմի համար մեղադրվել են Լեոն, Հ. Մանանդյանը։ Դաշնակցական-բուրժ. պատմագրության ներկայացուցիչներ են հայտարարվել Թադևոս Ավդալբեկյանը, Հակոբ Զորյանը (Հազոր) և ուրիշներ։ Հակահեղափոխական է համարվել Աշոտ Հովհաննիսյանը, որն իբր հայ ժողովրդի պատմությունը լուսաբանել է դաշնակցական, սպեցիֆիկյան դիտակետից, որի համար ենթարկվել է դաժան հալածանքի։

1952-ին մտավորականության դեմ բարձրացել է ստալինյան հալածանքների հերթական ալիքը։ «Միասնական հոսանքին» պատկանողները մեղադրվել են բուրժ. նացիոնալիզմի մեջ, «մերկացվել» իրենց աշխատություններում դասակարգային պայքարն անտեսելու, ազգային բուրժուազիային որպես համազգային շահերի արտահայտիչներ դիտելու համար։ Բանավեճերում քննադատել են Աշոտ Հովհաննիսյանին՝ Միքայել Նալբանդյանին նվիրված նրա աշխատությունները որակելով որպես բուրժուա-ազգայնական արատավոր գործեր։ «Միասնական հոսանքի» գաղափարակիրների շարքում նշվել են նաև Վահան Ռշտունու, Արսեն Տերտերյանի, Վարդան Պարսամյանի, Մ. Ներսիսյանի, Աբգար Հովհաննիսյանի անունները։ Հատկապես Վ. Ռշտունին և Արսեն Տերտերյանը «Միասնական հոսանքի» ներկայացուցիչների դեմ Պատմության և Գրակ-յան ինստ-ների համատեղ նիստում բանավեճի ժամանակ աներեր պաշտպանել են իրենց տեսակետները։

Ինչպես ողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում ժողովուրդների պատմությունը ներկայացվել է ծուռ հայելու մեջ։ Խրախուսվել է մերկապարանոց, դատարկահնչուն պատմահրապարակախոսությունը։ Հրատարակվել են ակադ-ներ Ծատուր Աղայանի «Հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը» (1961) և Արտաշես Կարինյանի «Ժողովուրդների եղբայրության դրոշի ներքո» (1976) աշխատությունները։

Խորհրդային տարիներին հայ պատմագիտությունը որոշակի ազատություն է ստացել գորբաչովյան «վերակառուցման» տարիներին։ Արցախյան շարժման առաջին օրերին ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստ-ում ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղ» տեղեկատուն (1988), որը թարգմանվել է մի քանի լեզվով։

Նորայր Սարուխանյան