Այս էջը հաստատված է

են 1920-22-ի հայ-ռուսական հարաբերությունները (Կարեն Խաչատրյան), 1920-40-ի քաղաքական կյանքը, բռնաճնշումները (Արմենակ Մանուկյան), 1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը (Արարատ Հակոբյան, Ռեմ Ղազանջյան և ուրիշներ), ՀՅԴ- խորհրդային իշխանություն հարաբերությունները (Վ. Ղազախեցյան), 1920-30-ական թթ-ի գյուղատնտեսությունը (Էդիկ Գևորգյան), Երկրորդ համաշխ. և Հայրեն․ մեծ պատերազմներին հայերի մասնակցությունը (Կ. Հարությունյան), հետպատերազմյան առաջին տարիների հաս-քաղաքական կյանքը (Ամատունի Վիրաբյան), խորհրդահայ մշակույթը (Ռուբեն Միրզախանյան, Գագիկ Եթիմյան), 1980-ական թթ-ի խորհրդահայ գյուղը (Լիլիթ Զաքարյան)։

Աշխատություններ են հրատարակվել նաև Հայաստանի երրորդ հանրապետության և ԼՂՀ պատմության վերաբերյալ։ Ուսումնասիրվել են Հայաստանի անկախացման գործընթացը, սոցիալ-տնտեսական դրությունը, քաղաքական կյանքը (Ռուբեն Ազիզբեկյան, Էդիկ Մինասյան և ուրիշներ), Արցախյան պատերազմը (Մհեր Հարությունյան, Անդրանիկ Արշակյան, Լևոն Մելիք-Շահնազարյան, Սենոր Հասրաթյան և ուրիշներ), Արցախյան հիմնախնդրի արդի զարգացումները, ԼՂՀ կայացման ընթացքը (Հրանտ Աբրահամյան, Վահրամ Բալայան, Ալեքսանդր Մանասյան, Հայկ Դեմոյան և ուրիշներ)։

Հայոց պատմությանն առնչվող տարբեր հարցեր արտացոլվել են անցած 2 տասնամյակում հրատարակված հանրագիտարաններում [«Հայկական համառոտ հանրագիտարան» (հ. 1-4, 1990-2003), «Հայկական հարց» (ռուս․՝ 1990, հայերեն՝ 1996), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» (2004), «Սուրբ Հայաստան» (2007), «Դպրոցական մեծ հանրագիտարան» (գիրք II, հ. 1-2, 2009-10]։

Հայաստանի անկախացումից հետո հայ պատմագիտության ձեռքբերումներն ի մի են բերվել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստ-ի պատրաստած «Հայոց պատմություն» ակադեմ. նոր հրատ-յան մեջ (4 հատոր, յուրաքանչյուրը՝ 2 գրքով)։ 2010-ին լույս է տեսել III հատորի 1-ին գիրքը (XVII դ-ի 2-րդ կես-XIX դ-ի վերջ) և IV հատորի 1-ին գիրքը (1918-45)։

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական լեռնաշխարհի հնագիտական նյութերի մեկնաբանման առաջին փորձերը հանդիպում են դեռևս վաղմիջնադարյան հայ պատմիչների երկերում։ Հայաստանում հնագիտական առաջին պեղումներն արել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանը. 1871-ին Որնակ (այժմ՝ Ակներ՝ Ալավերդի քաղաքի շրջագծում) գյուղի մոտ նա պեղել է վաղերկաթեդարյան 23 դամբարան։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին մեծածավալ պեղումներ են կատարել Երվանդ Լալայանը և Ժան-Ժակ Մարի դը Մորգանը։ 1898-99-ին՝ Կարլ-Ֆրիդրիխ Լեհման-Հաուպտի և Վալդեմար Բելքի գլխավորած գերմ. արշավախումբը, իսկ 1916-ին Հովսեփ Օրբելին և Նիկողայոս Մառը պեղումներ են արել Վանում (Թոփրաք կալե), 1907-08-ին Խաչիկ վրդ. Դադյանը՝ Դվինում, 1912-ին Աշխարհբեկ Քալանթարը՝ Վանստան գյուղում (վանքում)։ Սակայն ամենանշանավորը Ն. Մառի ղեկավարությամբ արված պեղումներն էին Անիում։ Անիի արշավախումբը մի դպրոց էր, որտեղ հմտություն են ձեռք բերել Հ. Օրբելին, Թորոս Թորամանյանը, Նիկողայոս Ադոնցը, Ա. Քալանթարը, Սմբատ Տեր-Ավետիսյանը և ուրիշներ։

Հնագիտական աշխատանքները խթանելու քայլեր են ձեռնարկվել Հայաստանի առաջին հանրապետության (1918-20) տարիներին, ստեղծվել են Հնությունների կոմիտեն և Հնագիտական հանձնաժողովը, բացվել է ազգային թանգարանը։

Հայաստանի խորհրդայնացումից հետո հնագիտական աշխատանքները կազմակերպել է Հնությունների պահպանության կոմիտեն՝ Ալեքսանդր Թամանյանի գլխավորությամբ։ 1920-ական թթ-ի վերջից մինչև 30-ական թթ-ի կեսերը պեղումներ են արվել Էլարում (այժմ՝ Աբովյան) և Սևանում (Ե. Լալայան), Գոլովինոյում (այժմ՝ Դիլիջանի շրջագծում), Վաղարշապատում (Ա. Քալանթար), Ամբերդում (Հ. Օրբելի), Շենգավիթում (Եվգենի Բայբուրդյան), Հին Արմավիրում (Սենեքերիմ Տեր-Հակոբյան) և այլուր։ 1937-ին՝ Սմբատ Տեր-Ավետիսյանի, հետագայում Կարո Ղաֆադարյանի գլխավորությամբ սկսվել են Դվինի, իսկ 1939-ին՝ Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ՝ Վանի թագավորության