Այս էջը հաստատված է
ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական դրամագիտությունն սկզբնավորվել է Եվրոպայում՝ սելևկյան, պարթև., հռոմ., բյուզ. ու խաչակրաց դրամագիտության շրջանակներում։ Առաջին հրատ-ը (հեղինակ՝ Ժան Տրիստան դե Սենտ Աման), որտեղ հիշատակվել է Կիլիկյան Հայաստանում թողարկված մի դրամ, լույս է տեսել Փարիզում 1644-ին։ Հայ թագավորների դրամներին իրենց աշխատություններում անդրադարձել են եվրոպացի մի շարք գիտնականներ։ Հին և միջնադարյան հայկական դրամների առաջին ուսումնասիրողներից է ֆրանսիացի հայագետ Վիկտոր Լանգլուան, որի աշխատությունները տպագրվել են Փարիզում 1855-ին և 1859-ին։ Էռնեստ Բաբելոնը 1890-ին հրատարակած գրքում ներկայացրել է Փարիզի ազգային գրադարանի հավաքածուի հին հայկական դրամները՝ մանրամասն նկարագրություններով ու մեկնաբանություններով։

Պատմամշակութային անցյալի նկատմամբ աճող հետաքրքրությունը նպաստել է, որ հայ մտավորականներից ոմանք հավաքեն հայկական հին դրամներ։ Հայր Կղեմես Սիպիլյանը (հայ դրամագիտության սկզբնավորողներից, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ), հայր Սիմոն Անտոնյանը, Սերովբե Ալիշանը մեծապես նպաստել են Վենետիկի և Վիեննայի միաբանությունների թանգարանների դրամագիտական հավաքածուների կազմավորմանն ու հարստացմանը։ Կ. Սիպիլյանն առաջին անգամ գիտականորեն դասակարգել է Կիլիկիայի հայկական թագավորության դրամները։ Նրա գիրքը հետմահու հրատարակվել է Կ. Պոլսում 1892-ին։

XX դ-ում հայկական դրամների ուսումնասիրությանն անդրադարձել են եվրոպացի, ամերիկացի և ռուս գիտնականները։ Կարապետ Բասմաջյանն առաջինն է ներկայացրել հայ և օտար տիրակալների՝ Հայաստանում թողարկած կամ Հայաստանին վերաբերող դրամները (Վենետիկ, 1936)։ Հայ դրամագիտության մեջ առանձնահատուկ ներդրում ունեն Զարեհ Պտուկյանը և Եղիա Ներսեսյանը (ԱՄՆ), որոնք տասնյակ հոդվածներում ու գրքերում անդրադարձել են հին, միջնադարյան և նորագույն ժամանակաշրջանների դրամագիտության գրեթե բոլոր խնդիրներին։ 1971-ին Լոս Անջելեսում ստեղծված Հայ դրամագիտական ընկերակցությունը 1975-ից հրատարակում է «Հայ դրամագիտական հանդեսը»՝ գիտության այս ճյուղի միակ հայկական պարբ-ը, որի անփոփոխ խմբագիրը Ե. Ներսեսյանն է։ Հանդեսի օրինակներից պարբերաբար ուղարկվում է հայրենիք՝ գրադարաններին։

Հայ դրամագիտության զարգացմանը մեծապես նպաստել է 1919-ին Հայաստանի պատմության թանգարանի (ՀՊԹ) հիմնադրումը։ Թանգարանի դրամագիտական հավաքածուի հիմքը կազմել են Կովկասի Հայոց ազգագր. ընկերության (Թիֆլիս) և Լազարյան ճեմարանի (Մոսկվա) թանգարանների, Վաղարշապատի մատենադարանի, Անիի հնադարանի և Հայաստանի հնության պահպանության կոմիտեի նյութերը։

1930-ական թթ-ից ՀԽՍՀ-ում սկսված կանոնավոր հնագիտական պեղումները դարձել են թանգարանի դրամագիտական հավաքածուի հարստացման նոր աղբյուր։ Գառնիի, Արտաշատի, Դվինի և այլ հնավայրերի հնագիտական պեղումներով հայտնաբերված մեծաքանակ դրամներն ու դրամ․ գանձերն առանձնահատուկ կարևորություն ունեն դրամագիտական հետազոտությունների համար։ ՀՊԹ-ի դրամագիտական ֆոնդը համալրվել է նաև հարյուրավոր անհատների, մասնավորապես սփյուռքահայերի նվիրատվությունների ու թանգարանի գնումների, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված և բռնագրավված դրամագիտական արժեքները թանգարանին հանձնելու շնորհիվ։ Տասնյակ դրամ․ գանձեր, եթե հայտնաբերողները չեն խաթարել կամ մասնատել, դարձել են դրամաշրջանառությունը լուսաբանող առաջնակարգ աղբյուր։

ՀՊԹ-ի դրամագիտական ֆոնդում պահվում է մ. թ. ա. V դ-ից մինչև մեր ժամանակների շուրջ 85 հազար մետաղադրամ։ Ինչպես այլ թանգարաններում, այստեղ նույնպես դրամագիտական ֆոնդում պահվում են նաև թղթադրամներ, հուշամեդալներ, պարգևանշաններ, ժետոններ, կնիքներ։ Կա նաև նամականիշների հավաքածու։ ՀՊԹ-ի դրամագիտական հավաքածուի գերակշիռ մասը Հայաստանին վերաբերող նյութեր են, որոնք արտացոլում են պատմ. տարբեր փուլերում Հայկական լեռնաշխարհում շրջանառվող դրամների կազմը. 1. հայ տիրակալների՝ Ծոփքի (մ. թ. ա. III դ-ի 2-րդ կես − մ. թ. ա. II դ.), Մեծ Հայքի (մ. թ. ա. I դ. - մ. թ. I դ-ի սկիզբ), Կոմմագենեի (մ. թ. ա. I-մ. թ. I դդ.), Լոռիի Կյուրիկյան թագավորության