Այս էջը հաստատված է

(XI դ-ի 2-րդ կես), Կիլիկիայի հայկական իշխանապետության (1080-1197) և թագավորության (1198-1375), 2. Հայաստանի հարևան կամ Հայաստանը նվաճած պետությունների (մ. թ. ա. III - մ. թ. XX դդ.)՝ սելևկյան, պարթև., կապադովկյան, հռոմ., սասանյան, բյուզ., արաբ., սելջուկյան, վրաց., մոնղ., պարսկ., թուրք., ռուսական, 3. պատմ. Հայաստանի և հարակից տարածքներում IX-XV դդ-ում գոյություն ունեցած մահմեդ. փոքր իշխանությունների դրամների թողարկումները։ Հայաստանի պատմությունը լուսաբանող աղբյուրներից են նաև ի նշանավորումն Հայաստանի նվաճման թողարկված հռոմ. դրամները (մ. թ. ա. I դ-ի 2-րդ կես-մ. թ. II դ-ի 2-րդ կես)։

Դրամները կազմել են ՀՊԹ-ի հնագիտական ընդհանուր ֆոնդի մի մասը։ 1946-ին ստեղծվել է դրամագիտության կաբինետը (1977-ին վերակազմավորվել է որպես դրամագիտության բաժին), որը մինչև 1959-ը ղեկավարել է Ասլան Շահնազարյանը. նրա օրոք սկսվել է ֆոնդի գիտական մշակումն ու համակարգումը։ Մինչև 1992-ը՝ դրամագիտության կաբինետը, ապա՝ բաժինը գլխավորել է Խաչատուր Մուշեղյանը, որը համարվում է Հայաստանում դրամագիտության հիմնադիրը։ Նա մեծ ներդրում ունի ինչպես բաժնի կայացման, հավաքածուի հարստացման ու դասակարգման, այնպես էլ դրամագիտական ուսումնասիրությունները նոր որակի բարձրացնելու և թանգարանը գիտական հետազոտությունների կենտրոն դարձնելու գործում։ 1992-2000-ին բաժինը ղեկավարել է Հենրիկ Սարգսյանը՝ նշանակալի ավանդ ներդնելով մասնավորապես հայկական մեդալային արվ-ի պատմության ուսումնասիրման ոլորտում, 2000-ից՝ Ռուբեն Վարդանյանը։ 2011-ին լույս է տեսել «Sylloge» ձևաչափով առաջին կատալոգը։ ՀՊԹ-ի արդիականացված ցուցադրության մեջ տեղ են գտել աննախադեպ քանակությամբ հին և միջնադարյան մետաղադրամներ, ինչպես նաև մեդալներ, պարգևանշաններ, թղթադրամներ և նամականիշներ։

Վերջին տարիներին համացանցում ձևավորված մասնագիտացված կայքերն էապես ընդլայնել են դրամագիտական ժառանգության հասանելիության և որոնողական հետազոտությունները։

Ռուբեն Վարդանյան
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական, տնտեսական ու մշակութային սերտ կապերի շնորհիվ Հայաստանում դեռ հնագույն ժամանակներից որոշակի պատկերացում են ունեցել հարևան ժողովուրդների մասին։ Միջնադարյան հայ պատմիչների աշխատությունները, ինչպես նաև հուն-ից, եբր- ից, ասոր-ից, պարսկ-ից, արաբ-ից, վրաց-ից հայերեն թարգմանված պատմ., կրոն., փիլ., բնագիտական, գեղարվեստական երկերը մեծ քանակությամբ հավաստի և մեծարժեք տեղեկություններ են պարունակում հարևան երկրների ու ժողովուրդների մասին։

Վաղ միջնադարի հայ պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և ուրիշներ) աշխատություններում գերակշռում են Պարսկաստանի ու Հռոմի (Բյուզանդիայի) վերաբերյալ տեղեկությունները. մասնավորապես Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկում, ուշագրավ նյութեր կան Բաբելոնի, Ասորեստանի, Ասորիքի, Բյուզանդիայի, Վիրքի և Աղվանքի մասին։ VII-X դդ-ում, կապված արաբ, նվաճումների հետ, հայ պատմիչների (Սեբեոս, Ղևոնդ, Թովմա Արծրունի, Հովհաննես Ե Դրասխանակերտցի, Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ և ուրիշներ) երկերում տեղեկությունները հիմնականում վերաբերում են արաբներին։ Հետագա դարերում, երբ քաղաքական ասպարեզում հայտնվել են սելջուկ թուրքերը, մոնղոլ-թաթարները, օսմանյան կայսրությունը, Սեֆյան Իրանը և այլ ցեղեր, ժողովուրդներ ու պետական կազմավորումներ, նրանց մասին հավաստի տեղեկություններ են թողել Կիրակոս Գանձակեցին, Մատթեոս Ուռհայեցին, Արիստակես Լաստիվերցին, Հեթում պատմիչը, Սմբատ Սպարապետը (Գունդստաբլ), Առաքել Դավրիժեցին և ուրիշներ։

Բացի ընդհանուր բնույթի աշխատություններից՝ մի քանի հայ հեղինակներ (Գրիգոր Ակներցի, Թովմա Մեծոփեցի, Երեմիա Քյոմուրճյան և ուրիշներ) գրել են նաև առանձին երկրների նվիրված գործեր։ Միջնադարյան հայ հեղինակների երկերի գիտական արժեքը բարձրանում է շնորհիվ այն բանի, որ նրանցից շատերը, լինելով ականատեսներ, հավաստի և ամենայն բարեխղճությամբ են գրի առել իրադարձությունները։