Այս էջը հաստատված է

Այդ աշխատությունները պարունակում են հարուստ, երբեմն եզակի նյութ ոչ միայն քաղաքական անցուդարձերի և ռազմ․ արշավների, այլ նաև հարևան ժողովուրդների կյանքի, նիստուկացի, բարքերի, պետական կառուցվածքի, հարկային համակարգի, առևտրի, տնտեսական վիճակի մասին։ Առանց հայկական աղբյուրների՝ անհնար է ամբողջությամբ վերականգնել և գրել Արևելքի որոշ երկրների ու ժողովուրդների պատմությունը։ Ուշ միջնադարում ի հայտ են եկել հայատառ թուրք., ղփչաղ., պարսկ., ասոր. և արաբ․ գրականություն, ինչպես նաև արաբատառ և ասորատառ հայերեն տեքստեր։

XVII-XIX դդ-ում արևելագիտական հետազոտություններ են կատարվել նաև Ամստերդամի, Վենետիկի, Վիեննայի, Փարիզի և այլ հայկական հոգևոր ու գիտակրթական կենտրոններում։ Արևելագիտության զարգացման մեջ հատկապես մեծ աշխատանք են կատարել Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունները (Ղուկաս Ինճիճյան, Միքայել Չամչյան, Հովսեփ Գաթըրճյան, Ղևոնդ Ալիշան և ուրիշներ)։ 1815-ին Մոսկվայում հիմնադրված Լազարյան ճեմարանի հետ է կապված Ստեփանոս Նազարյանի, Մկրտիչ Էմինի, Քերովբե Պատկանյանի, Գրիգոր Խալաթյանի և ուրիշներ արևելագիտական գործունեությունը (թուրքագիտության, իրանագիտության, արաբագիտության, քրդագիտության հարցեր և այլն)։ Նման աշխատանքներ են կատարվել նաև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

Հայաստանի խորհրդայնացումից (1920-ի դեկտ.) հետո Հրաչյա Աճառյանի ջանքերով ԵՊՀ-ում 1923-ին սկսվել է արլ. լեզուների և գրակ-յան դասավանդումը, իսկ 1940-ին բանասիր. ֆակ-ում բացված արևելագիտական բաժինը 1968-ին վերածվել է ֆակ-ի։

Խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին արևելագիտական հետազոտությունները պայմանավորվել են Հայաստանի պատմության, ժողովրդագրության և հայագիտական ուսումնասիրությունների խնդիրներով, ինչպիսիք էին Հ. Աճառյանի (իրանագիտություն), Երվանդ Տեր-Մինասյանի (ասորագիտություն), Արամ Սաֆրաստյանի (թուրքագիտություն), Լևոն Մելիքսեթ-Բեկի, Սուրեն Երեմյանի (կովկասագիտություն), Հակոբ Նալբանդյանի (արաբագիտություն), Հաջիե Ջնդիի, Ամինե Ավդալի (քրդագիտություն) և ուրիշների աշխատություններ։ 1943-ին նորաստեղծ ՀԽՍՀ ԳԱ-ի առաջին նախագահ է ընտրվել արևելագետ Հովսեփ Օրբելին, 1958-ին բացվել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորը։ Երիտասարդ արևելագետ-մասնագետներ պատրաստելու նպատակով ԽՍՀՄ գիտական կենտրոններ ուսանելու են գործուղվել Մանվել Զուլալյանը (թուրքագիտություն), Հրաչ Բարթիկյանը (բյուզանդագիտություն), Արամ Տեր-Ղևոնդյանը (արաբագիտություն), Հայկ Մելքոնյանը (ասորագիտություն), Պարույր Մուրադյանը (վրացագիտություն) և ուրիշներ։ Միաժամանակ ՀԽՍՀ-ում գիտական ավանդույթների և միջազգային գիտական նվաճումների հիման վրա իրականացվել են արևելագիտական հետազոտություններ՝ ամուր հենք ստեղծելով հայկական արևելագիտական դպրոցի ձևավորման համար (Նիկոլայ Հովհաննիսյան, Սիմոն Կրկյաշարյան, Ա. Սաֆրաստյան, Հ. Փափազյան, Ա. Փափազյան և ուրիշներ)։ 1950-60-ական թթ-ին հրատարակվել են առաջին հետազոտությունները («Օտար աղբյուրները Հայաստանի և Անդրկովկասյան ժողովուրդների մասին», «Մատենադարանի պարսկերեն վավերագրերը» և այլն), որոնք ձևավորել են գիտական նշված բնագավառների հետագա զարգացման ուղիները։ Արևելագիտության սեկտորը 1971-ին վերակազմավորվել է Արևելագիտության ինստ-ի, որտեղ, ըստ մասնագիտական բնագավառների, հիմնականում կենտրոնացվել և ավելի են ծավալվել արևելագիտական հետազոտությունները։ Արևելագիտության ինստ-ում ստեղծվել են Հին Արևելքի, արաբագիտության, իրանագիտության, թուրքագիտության, կովկասագիտության, բյուզանդագիտության և քրդագիտության առանձին բաժիններ։ 2000-ական թթ-ին ընդլայնվել են հետազոտությունների աշխարհագր. ընդգրկման սահմանները, բացվել են Արևելյան Ասիայի երկրների (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և միջազգային հարաբերությունների նոր բաժինները։

Կանոնավորվել է «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի հրատ-ը, ստեղծվել են նորերը ("Древний Восток", "Кавказ и Византия", «Արևելյան աղբյուրագիտություն»)։ Արևելագիտական ուսումնասիրություններ են կատարվում նաև Մատենադարանում,