Այս էջը հաստատված է

արևմտահայ գրական լեզվի նկարագրության լավագույն օրինակ է։

Արևելահայ իրականության մեջ մինչև XIX դ-ի 70-ական թթ. աշխարհաբարի քերականություն չի հրատարակվել։ Այդ փուլում շարունակվել է նաև գրաբարի ուսումնասիրությունը։ Առանձնահատուկ հիշատակության արժանի են Վիեննայի Մխիթարյանների փորձը՝ տարբերակելու V դ-ի 1-ին կեսի դաս. կամ ոսկեդարյան գրաբարը հաջորդ շրջանի գրաբարից, և Արսեն Բագրատունու «Հայերեն քերականութիւն ի պետս զարգացելոց» (1852) աշխատությունը, որը գրաբարի քերակ-յան փաստերի յուրատեսակ հանրագիտարան է։ Այս փուլում լեզվի տեսության հարցերին նվիրված առաջին աշխատությունը Պողոս Հովնանյանի «Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման եւ ազգային լեզուաց վրայ քննական տեսութիւն մը» (1857) գիրքն է։

Հաջորդ փուլը նշանավորվել է հայ-ի՝ հնդեվրոպ. ընտանիքի անկախ ճյուղ լինելու դրույթի առաջադրումով ու հիմնավորումով։ Հայնրիխ Հյուբշմանը «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» (1875) հոդվածով և դրան հաջորդող աշխատություններով [«Հայկական ուսումնասիրություններ», 1883 (հայերեն՝ «Հայագիտական ուսումնասիրություններ», 2004), «Հայերենի քերականություն», հ. 1-2, 1895-97] ստեղծել է ուղղություն, որի մեջ ներգրավվել են ոչ միայն եվրոպ. նշանավոր լեզվաբաններ Հոլգեր Պեդերսենը, Անտուան Մեյեն, Էվալդ Լիդենը, այլև հայ գիտնականներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ունի Հրաչյա Աճառյանը («Հայոց լեզվի պատմություն», հ. 1-2, 1940-51, «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների», հ. 1-6, 1952-71)։ Այժմ էլ հայ լեզվաբանությունը հետևում է այս տեսությանը և զարգացնում այն։ Եվրոպացի հայագետներին հետաքրքրել են նաև գրաբարի, միջին հայ-ի ուսումնասիրության հարցերը (Ա. Մեյե, Յոզեֆ Կարստ և ուրիշներ)։

Հայ իրականության մեջ երևան են եկել արևելահայ-ի առաջին դպրոց․ քերակ-ները՝ Ստեփան Պալասանյանի «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (1870), «Քերականութիւն մայրենի լեզուի» (1874) աշխատությունները. երկրորդը երկար ժամանակ ծառայել է որպես դպրոց․ դասագիրք և նշանակալիորեն ազդել է արևելահայ քերակ-յան զարգացման վրա։ Մանուկ Աբեղյանի «Աշխարհաբարի քերականութիւն» (1906) աշխատությունը կառուցված է միանգամայն այլ սկզբունքներով և զերծ է գրաբարի քերակ-ների սխեմայի ազդեցությունից։

Գրաբարի ուսումնասիրության պատմության մեջ նոր փուլ է նշանավորել Վրթանես Չալըխյանի քերակ-յան (1827)՝ 1885-ին Ա. Այտընյանի վերամշակած ու լրացրած հրատ-ը։ Սա դաս. հայ-ի լավագույն քերականությունն է, որտեղ հստակորեն առանձնացված են նաև ասորաբան և հունաբան ձևերը։ Գրաբարի և՛ հայերեն, և՛ օտարալեզու հետագա քերակ-ները (Ստեփան Մալխասյանց, Մ. Աբեղյան, Ա. Մեյե) մեծ մասամբ հենվել են այս աշխատության վրա։

Իր հիմքերն ունենալով նախորդ փուլում, հատկապես Ա. Այտընյանի և Ք. Պատկանյանի աշխատություններում՝ այս փուլում ձևավորվել է հայ բարբառագիտությունը՝ որպես հատուկ գիտակարգ։ Հայ-ով և այլ լեզուներով հրատարակվել են առանձին բարբառների նկարագրություններ [Ս. Սարգսյան, Յան Հանուշ, Ալեքսանդր Տոմսեն, Դավիթ-բեկ (Մարտիրոս Սարգիսյան), Լևոն Մսերյան, Հ. Աճառյան]։ Հ. Աճառյանն առաջարկել է հայ բարբառների դասակարգման ձևաբան․ սկզբունքը։ Կատարվել է հայ բարբառների բաղաձայնների փորձառ. ուսումնասիրություն, կազմվել են բարբառագիտական բառարաններ, քննվել են հայ բարբառների թուրք․ փոխառությունները (Հ. Աճառյան, Սահակ Ամատունի)։

Հայ լեզվաբանության զարգացման երրորդ շրջանի առանձնահատկությունները պայմանավորված են խորհրդային լեզվաբանության զարգացման ընդհանուր միտումներով և համաշխ. լեզվաբանության մեջ արծարծվող գաղափարների ազդեցությամբ։ Այս շրջանում տարբերակում են 2 փուլ, որոնց սահմանագիծն անցնում է XX դ-ի կեսով։

1-ին փուլին բնորոշ են մի կողմից գաղափար. որոնումները, մյուս կողմից՝ նոր կյանքի առաջադրած գործն․ պահանջները՝ դպրոց․ և բուհ․ դասագրքերի ստեղծում, գրական լեզվի նորմավորում ու տերմինակերտում, բառարանագր. աշխատանք։ Շարունակվել է հայ-ի պատմահամեմատ․