Այս էջը հաստատված է

գրականության պատմության ուրվագծեր, 1946-1985», 1987, Վ. Գաբրիելյան, «Սփյուռքահայ գրականություն», 1987)։

Գրականագիտության մեջ աստիճանաբար աշխուժացել է գրական կապերի և ընդհանրությունների ուսումնասիրությունը։ Լույս են տեսել մեծ թվով գրքեր ու հոդվածներ՝ նվիրված տարբեր ժողովուրդների գեղարվեստական մշակույթի հետ հայ գրակ-յան առնչություններին։ Հատկապես արդյունավետ է եղել հայ-ռուսական գրական կապերի ուսումնասիրման բնագավառը, որին նվիրվել են բազմաթիվ աշխատություններ (Գուրգեն Հովնան, Ռուսեթ Հովհաննիսյան, Ղազար Այվազյան, Լևոն Մկրտչյան, Ս. Դարոնյան, Ելենա Ալեքսանյան, Արմենուհի Արամյան, Մագդա Ջանփոլադյան)։ Մի շարք գրականագետներ ուսումնասիրել են Եվրոպ. գրակ-ը և հայ-եվրոպ. գրական կապերը (Սիմեոն Հակոբյան, Հովհաննես Մամիկոնյան, Սողոմոն Սողոմոնյան. Ռ. Զարյան, Լուիզա Սամվելյան, Վարդան Փարթամյան, Բելա Բարսեղյան, Ալբերտ Մուշեղյան, Գոհար Կարագյոզյան)։ Գրականագետների կոլեկտիվ ջանքերով ստեղծվել է «Հայ գրականության միջազգային կապերը» (հ. 1-2, 1983-87) աշխատությունը։

1950-ական թթ-ից զգալիորեն աշխուժացել է հետաքրքրությունը նաև գրակ-յան տեսության հարցերի նկատմամբ։ Հրատարակվել են աշխատություններ գրական ժանրերի, մեթոդների ու ոճերի, գրակ-յան յուրահատկության, գրական երկի կառուցվածքի և այլ հարցերի մասին (Է. Ջրբաշյան, «Գրականության տեսություն», 1961, «Աշխարհայացք և վարպետություն», 1967, «Պոետիկայի հարցեր», 1976, Հ. Մամիկոնյան, «Մարդը և նրա կերպարը գրականության մեջ», 1966, Ա. Գրիգորյան, «Գեղարվեստական ոճը և պատկերի կառուցվածքը», ռուս․, 1974, և այլն )։ Տևական ընդմիջումից հետո նորից քննության նյութ են դարձել տաղաչափության, հատկապես հայկական ոտանավորի յուրահատկության հարցերը (Է. Ջրբաշյան, Դ. Գասպարյան, Ռաֆայել Պապայան, Վահան Նավասարդյան և ուրիշներ)։

Գրակ-յան տեսության և տաղագիտության բնագավառում կատարված կոլեկտիվ աշխատանքի արդյունքները հրապարակվել են մի շարք ժող-ներում. «Գրական ժանրեր, պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը» (1973), «Տաղագիտության խնդիրներ» (ռուս․, 1976), «Ավանդույթները և գեղարվեստական զարգացումը» (1976), «Սովետահայ գրականության պոետիկան» (1980), «Գրական ստեղծագործություն, վերլուծության ուղիները և սկզբունքները» (1983), «Հայկական ռեալիզմի տեսության և պատմության հարցեր» (1987), «Հայ գրականությունը պատմա-գործառական լուսաբանությամբ» (1989), որոնց մեջ արծարծվել են գրականագիտական բազմազան խնդիրներ, մեծ մասամբ՝ հայ գրակ-յան երկերի հանգամանալի քննության հիման վրա։

Բարդ և ուշագրավ ճանապարհ է անցել նաև խորհրդահայ քննադատությունը, որը ոչ միայն անմիջապես արձագանքել է գեղարվեստական կյանքին, այլև ազդել է նրա ընթացքի վրա։ 1920-30-ական թթ-ի գրակ-յան զարգացման վրա խոր հետք են թողել Հարություն Սուրխաթյանի, Հայկ Գյուլիքևխյանի, Տիգրան Հախումյանի, Խորեն Սարգսյանի գրաքննադատ․ ելույթները։ Հետպատերազմյան տարիներին զգալիորեն բարձրացել է գրաքննադատության ներգործուն ուժը, մեծացել են նրա ընդգրկման շրջանակներն ու ժանրային կազմը՝ հոդված, այս կամ այն ժանրի տեսություն, դիմանկար, մենագրություն ժամանակակից գրողի մասին և այլն։ Այդ բնագավառում նշանակալի դեր են խաղացել Էդուարդ Թոփչյանը, Հ. Սալախյանը, Ս. Աղաբաբյանը, Հ. Թամրազյանը, Լ. Հախվերդյանը, Ալբերտ Արիստակեսյանը և ուրիշներ։

1970-ական թթ-ից սկսվել է նաև հայ քննադատության պատմության գիտական ուսումնասիրությունը։ Այս ոլորտում նշանակալի ներդրում են Գրակ-յան ինստ-ի հրատարակած «Հայ քննադատության պատմություն» (հ. 1-2, 1985-98), Հ. Թամրազյանի «Հայ քննադատություն» (գիրք 1-3, 1983-93), Ժենյա Քալանթարյանի «Հայ գրականագիտության պատմություն V-XIX դդ.» (1986), Լարիսա Մնացականյանի «Քսաներորդ դարասկզբի արևմտահայ գրական քննադատությունը» (1990) աշխատությունները։

Հայաստանի անկախության շրջանում հայ գրականագիտության մեջ մի կողմից շարունակվում են նախորդ տարիների ավանդույթները, մյուս կողմից փորձեր են արվում Նորովի մեկնաբանելու գրական իրողությունները, դաս. և ժամանակակից գրակ-յան շատ արժեքներ։