(1901-13)։ 1881-ին ռուս․ թարգմանել, ծանոթագրել և հրատարակել է «Սասունցի Դավիթ» (գերմ.՝ 1886) հերոսավեպի առաջին պատումը, տպագրել հայկական հեքիաթների մասին համեմատ․ հետազոտություն («Հայ ժողովրդական հեքիաթների ընդհանուր ուրվագիծ», ռուս․՝ 1885, գերմ.՝ 1886)։ Մանուկ Աբեղյանն Էջմիածնում գրի է առել «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի նոր պատում («Դաւիթ եւ Մհեր», 1889), գրել «Սասնա ծռերին» նվիրված առաջին մենագրությունը («Ազգային վէպ», 1889), հետազոտել հայ հին առասպելները («Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ», 1899) և ժողովրդական հավատալիքները («Հայ ժողովրդական հավատքը», 1899, գերմ.), Կոմիտասի հետ ձեռնամուխ է եղել հայ գեղջկական երգերի հավաքմանը, մշակմանը («Հազար ու մի խաղ», 1903, 1905)։ Հրատարակել է գյուղ․ խաղիկներին նվիրված անդրանիկ ուսումնասիրությունը («Ժողովրդական խաղեր», 1904), որտեղ միջազգային բանագիտության տես. նվաճումների հիման վրա բացատրել է ժողովրդական երգերի ժանրային, տիպաբան., կառուցվածքային, տաղաչափ. հատկանիշները, տարբերակների առաջացումը, երգերի հարակցումն ու զարգացումը և բովանդակության հիմն․ գծերը։ Մ. Աբեղյանի ուսումնասիրությունների շնորհիվ դրվել է հայ բանագիտության, էպոսագիտության, առասպելաբանության, ժողովրդական հավատալիքների և քնար․ բանահյուսության դաս. ուսմունքների հիմքը։
XIX դ-ի վերջերին և XX դ-ի սկզբներին տարբեր բանահավաքներ (Գ. Հովսեփյան, Արտաշես Աբեղյան, Սարգիս Հայկունի, Ստեփան Կանայան, Հարություն Ավչյան, Տիգրան Չիթունի և ուրիշներ) գրառել և հրատարակել են «Սասնա ծռերի» նորանոր պատումներ, գրել են ուսումնասիրություններ՝ նվիրված հատկապես վեպի պատմ. և վիպ. հիմքերի բացահայտմանը։
1913-15-ին Ե. Լալայանը լույս է ընծայել ավելի քան 90 հեքիաթների եռահատորյակը («Մարգարիտներ հայ բանահիւսութեան»), 1915-16-ին կազմակերպել բանահավաքչական արշավախումբ։ Խորհրդային տարիներին բանագիտական աշխատանքների հոգածությունն ու հովանավորությունը ստանձնել է պետությունը։ 1920-ական թթ-ի 2-րդ կեսից կազմակերպվել են բանահավաքչական արշավախմբեր Հայաստանի տարբեր շրջաններ, գրառվել են «Սասնա ծռերի» 8 նոր տարբերակներ (Կարապետ Մելիք-Օհանջանյան), Սասունի, Ալաշկերտի, Մոկաց և Շատախի բարբառներով բազմաթիվ վիպերգեր, հեքիաթներ, առակներ, երգեր։
Հրատարակվել են Հայկ Աճեմյանի «Ծաղկաքաղ Վասպուրականի հայ ժողովրդական բանահյուսության» (1917) և Սպիրիդոն Մելիքյանի «Շիրակ» (1917) ժողովրդական երգերի ժող-ները, Ս. Մելիքյանի առաջաբանով և Գ. Գարդաշյանի «Վանա ժողովրդական երգերը» (պր. 1-2, 1927-28), Կոմիտասի «Ազգագրական ժողովածու» (1931), Մ. Աբեղյանի միջնադարյան հայրեններին և անտունիներին նվիրված «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931) բանասիր. մենագրությունները։
Մ. Աբեղյանը գրել է «Հայ վիպական բանահյուսություն» (հ. 1, հրտ.՝ 1966), Կ. Մելիք-Օհանջանյանի հետ կազմել և հրատարակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի պատումների գիտական համահավաք աշխատությունը (հ. 1-2,1936-51), Արամ Ղանալանյանը տպագրել է աշխատանքային երգերի համահավաքը («Հայ շինականի աշխատանքի երգերը», 1937)։
Հերոսավեպի 1000-ամյա հոբելյանի տոնակատարության (1939) առիթով կազմվել և հրատարակվել է «Սասունցի Դավիթ»-ի (1939) համահավաք բնագիրը (Մ. Աբեղյան, Գևորգ Աբով, Ա. Ղանալանյան), հոդվածների 2 ժողովրդական։
1930-ական թթ-ի վերջերին բանագիտության մեջ հիմնադրվել է նոր ուղղություն՝ գրակ-յան և բանահյուսության առնչությունների ուսումնասիրությունը, որի հիմնադիրն Ա. Ղանալանյանն է («Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1938, «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1940)։ Շարունակվել է բանահյուս․ հուշարձանների գիտական համահավաք բնագրերի հրատ-ը (Մ. Աբեղյան, «Գուսանական-ժողովրդական տաղեր», «Ժողովրդական խաղիկներ», երկուսն էլ՝ 1940)։
ՀԽՍՀ ԳԱ-ի կազմավորվելուց հետո բանագիտական աշխատանքները կենտրոնացել են ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականություն ինստ-ի ժողովրդական բանահյուսության բաժնում, պատրաստվել են նոր կադրեր։ Տպագրվել են Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմությունը» (1944-46),