Հայաստանում հնագույն ժամանակներում երեխաներին հիմնականում դաստիարակել են ընտանիքում։ Առանձնահատուկ նշանակություն են ունեցել նաև հրապարակային հանդիսությունները, ծեսերը, մարզ․ վարժությունները, ավանդույթները։ Հելլենականության շրջանում բացվել են աշխարհիկ ու պետական դպրոցներ, որտեղ երեխաներն ստացել են մտավոր ու ռազմաֆիզիկական դաստիարակություն։ Այդ շրջանում ձեռք բերած մանկավարժ․ փորձը դարձել է այն հիմքը, որի վրա զարգացել են հայկական միջնադարյան դպրոցն ու մանկավարժ․ միտքը։
Հայ ժողովրդի համար բախտորոշ էր հայ գրերի գյուտը (405), որին հաջորդել է լուսավոր․ շարժումը, ստեղծվել են մշակութային բազմաթիվ արժեքներ։ Սակայն տևական ժամանակ հայ մանկավարժ․ միտքը զարգացել է գիտագրական, պատմափիլ. գրակ-յան շրջանակներում։
V-VII դդ-ում հայ պատմագիրների ու փիլիսոփաների աշխատություններում առկա էին մանկավարժ․ փորձի իմաստավորման ու դրսևորման առաջին լուրջ քայլերը։ Դրանք տեղեկություններ են պարունակում ժամանակի լուսավոր․ շարժումների, դպրոցների հիմնադրման, ուսուցման կազմակերպման ձևերի ու մեթոդների, մանկավարժ․ մտքի զարգացման մասին։ Ուշագրավ են Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրության» աշխատությունը, Անանիա Շիրակացու երկերը։ Դիդակտիկ․ առաջավոր սկզբունքներով կազմված Շիրակացու դասագիրքը՝ «Քննիկոնը» (բաղկացած է թվաբ. աղյուսակից և խնդրագրքից), համարվում է ժամանակի մաթեմատիկական մտքի նվաճում՝ լայն առումով։
V դ-ում Մեսրոպ Մաշտոցի սկզբնավորած մշակութային շարժումը շարունակել է իր վերընթացը հետագա դարերում։ X-XV դդ-ում հիմնված ուսումնագիտական կենտրոնները, բարձր տիպի դպրոցները (Տաթևի, Գլաձորի, Սանահինի համալսարանները, Նարեկավանքի, Վարագավանքի, Հաղպատի, Մեծոփավանքի դպրոցները և այլն), մանկավարժ․ փորձի հարստացումը հող են նախապատրաստել մանկավարժ․ գիտելիքների զարգացման, տես. ընդհանրացումների համար։ Այդ ամենն արտացոլվել է ժամանակի անվանի գիտնականների և րաբունապետների աշխատություններում։ Հովհաննես Սարկավագը Ֆրենսիս Բեկոնից ու Յան Ամոս Կոմենսկուց 400 տարի առաջ հիմնավորել է փորձի մեթոդը, ապացուցել, որ փորձն իմաստության աղբյուրն է ու ճշգրտողը։
X-XVIII դդ-ի հայ մանկավարժ․ մտքի զարգացումն արտահայտվել է ոչ միայն ուսումնական գրակ-յան ստեղծումով, մեթոդ․ ցուցումներով, այլև մանկավարժ․ գրակ-յան մշակմամբ։ Գրվել են աշխատություններ, որոնք կարելի է համարել միջնադարյան մանկավարժ․ մտքի գլուխգործոցներ։ Հովհաննես Երզնկացին (Պլուզ) մշակել է դաստիարակչական մեթոդներ՝ հաշվի առնելով մարդու (հատկապես երեխայի) ֆիզիոլոգիան, հոգեբանությունն ու տարիքային առանձնահատկությունները, սոցիալական պայմաններն ու միջավայրը։ Գրիգոր Տաթևացին երեխայի դաստիարակության համար որոշիչ է համարել ուսուցչի դերը։ Ըստ նրա՝ դաստիարակը պետք է լինի լուսավոր մտքի ու անաղարտ վարքի տեր, աշակերտի մեջ սեր արթնացնի գիտության հանդեպ և ամենայն զգուշությամբ լրացնի նրա հոգու «մաքուր տախտակը», իսկ մտավոր ու բարոյական դաստիարակությունը պետք է զուգակցվի ֆիզիկական դաստիարակությանը։ Միջնադարյան մանկավարժ․ մտքի զարգացման մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Ներսես Մշեցին, Ստեփանոս Օրբելյանը, Եսայի Նչեցին, Հովհան Որոտնեցին, Սիմեոն Ջուղայեցին, Մխիթար Սեբաստացին և ուրիշներ։
Հայ իրականության մեջ մանկավարժ․ գիտությունների զարգացմանը մեծապես նպաստել է Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Ուսուցման սխոլաստիկ. ոգին և դոգմատիկ․ մեթոդները փոխարինվել են ժողովրդավար․ մանկավարժության մոտեցումներով՝ ի դեմս Հարություն Ալամդարյանի, Մեսրոպ Թաղիադյանի, Անդրեաս Փափովիչի, Նիկողայոս Տեր-Ղևոնդյանի, Իսահակ Հարությունյանի, Ստեփան Պալասանյանի և ուրիշների։ Այս շրջանում առանձնանում է լուսավորիչ, մանկավարժ Խաչատուր Աբովյանի գործունեությունը։ Ըստ նրա՝ հարկավոր է ուսուցանել ոչ թե սխոլաստիկ․ օրենքներով ու մեռած լեզվով, այլ կենդանի խոսքով, զննական միջոցներով, կրթությունը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին ու ժամանակի պահանջներին, աղջիկները պետք է ստանան տղաներին հավասար կրթություն («Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից», 1838, և այլն)։
Հատկանշական են նաև Ստեփանոս Նազարյանի աշխատությունները («Առաջին հոգեղէն կերակուր հայազգի երեխաների համար», 1853, «Տեսական եւ գործնական առաջնորդ ռուս լեզուի ի պէտս հայկազեան մանուկների», 1871, և այլն). ազգային առաջադիմության հարցում վճռական դեր է հատկացրել լուսավորությանը, պաշտպանել է աշխարհաբարը, պայքարել աշխարհիկ կրթության զարգացման համար։ Ըստ նրա՝ դաստիարակության մեթոդները պետք է համապատասխանեն երեխաների տարիքային առանձնահատկություններին ու անհատ․ խառնվածքին։
XIX դ-ի 2-րդ կեսին Միքայել Նալբանդյանի և Հարություն Սվաճյանի ջանքերով ձևավորվել է հայ հեղ-ժողովրդավարական մանկավարժ․ ուղղությունը։ Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, որի հիմն․ կենտրոնը պետք է լինի եկեղեցուց անկախ, խորապես ազգային ժողովրդական դպրոցը։ Կրթության և դաստիարակության գործում նա բացառիկ տեղ է հատկացրել մայրենի լեզվին, առանձնակի շեշտել ընտանիքի, մասնավորապես՝ կնոջ դերը։ Արևմտահայ հրապարակախոս Սվաճյանն իր ուսուցչապետության տարիներին