Այս էջը հաստատված է

Օձնեցու համակարգումից հետո Հայ եկեղեցու իրավաստեղծ գործունեությունը շարունակվել է, իսկ կանոնական ակտերն ավելացել են։ Այդ իսկ պատճառով X-XIII և հետագա դարերում ստեղծվել են «Կանոնագիրք Հայոց»-ի խմբագրված նոր տարբերակներ։ Կանոնական իրավագիտության մեջ իր ուրույն տեղն ունի Դավիթ Ալավկա Որդու «Կանոնական օրինադրությունը» (XII դ-ի սկիզբ), որը հայկական ինքնուրույն, համակարգված և ամբողջ․ օրենսգրքի ստեղծման առաջին փորձն է։

X-XIV դդ-ում Հայաստանի իրավ․ համակարգը կրել է էական փոփոխություններ։ Մնալով որպես ավատատիր. սովորութային իրավ․ համակարգ՝ այն բանավոր սովորութային իրավունքից անցել է գրավոր սովորութային իրավունքի՝ չփոխելով իր կրոն․ բնույթը։ Զաքարյանների օրոք հայ աշխարհիկ իրավունքը նույնպես թևակոխել է զարգացման նոր՝ գրավոր սովորութային իրավունքի շրջան։ Դարաշրջանի իրավագիտական մտքի բարձր մակարդակը վկայող երկ է մեծ իրավագետ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն (1184), որը հայ իրավունքի, հայ հաս-քաղաքական ու իրավ․ մտքի կարևորագույն հուշարձան է և համաշխ. իրավ․ մշակույթի պատմության արժեքավոր հուշարձաններից։ Դատաստանագիրքը շրջանառության մեջ է դրել մի շարք առաջադիմ. սկզբունքներ (պետականություն, համապետական օրենքների նշանակություն, օրինականության պահպանում, կամքի ազատություն, պատժի կիրառման նպատակ և այլն), դասակարգային հակասությունները մեղմելու նպատակով նախատեսվել է ավատատիր. չարաշահումների սահմանափակում։

Կիլիկիայի հայկական թագավորությունը (XI-XIV դդ.), լինելով կենտրոնացված ու բավականաչափ կենսունակ միապետություն, ոչ միայն պահպանել է հայ իրավ․ մշակույթի նախորդ շրջանի տարրերն ու կարգավորիչ աղբյուրները, այլև հասցրել է զարգացման նոր աստիճանի։ Կիլիկիայում իրավահարաբերությունները կարգավորելիս առաջնորդվել են հիմնականում «Կանոնագիրք Հայոց»-ով և եկեղեց. ժողովների կանոնական որոշումներով։ Օգտագործվել են նաև բյուզ. օրենքները (թարգմանիչ՝ Ներսես Լամբրոնացի) և «Անտիոքի ասիզները» (թարգմանիչ՝ Սմբատ Սպարապետ)։

Իրավագիտական կարևորագույն աղբյուր է Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրքը» (1265), որը հայ իրավագիտության գոհար է, կարգավորել է իրավունքի գրեթե բոլոր (պետական, եկեղեց. և աշխարհիկ) ճյուղերն ընդգրկող իրավահարաբերությունները, իրավաբանորեն ամրապնդել դատական իշխանության անջատումը հոգևորից։ Այն սովորութային իրավունքի, կանոնական իրավունքի, Մխիթար Գոշի դատաստանագրքի՝ արևմտաեվրոպ. իրավունքի ազդեցությամբ կատարված կոդիֆիկացիա է։ Կիլիկիայում զարգացել է նաև հայկական կանոնագիտությունը, որի բացառիկ օրինակ է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ը (1166). հեղինակն արգելքների ու խրատների ձևով սահմանել է հայ հասարակության բոլոր խավերի վարքագծի ու ապրելակերպի նորմերը։ Կանոնական իրավունքի զարգացման հաջորդ աստիճանը Սսի 1243-ի եկեղեց. ժողովի կանոնական որոշումներն են։

XIV-XIX դդ-ի քաղաքական միջավայրը հայկական իրավ․ համակարգի և իրավագիտության զարգացման համար աննպաստ էր, որի հետևանքով իրավ․ մշակույթի ակնհայտ նվաճումներ բուն Հայաստանում չեն եղել։ Հայ պետաիրավական միտքը՝ որպես իրավ․ մշակույթի բաղադրատարր, ձևավորվել է հայկական գաղթավայրերում։ Իր գործունեությամբ հատկապես աչքի է ընկել Մադրասի խմբակը (1770-ական թթ.), որի անդամների աշխատությունները (Մովսես Բաղրամյան, «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ», 1772, Շահամիր Շահամիրյան, «Տետրակ, որ կոչի նշաւակ», 1783, «Որոգայթ փառաց», 1788-89) հայ պետաիրավական մտքի կարևոր հուշարձաններ են։ Առավել արժեքավոր է «Որոգայթ փառաց»-ը, որը, ըստ էության, ապագա հայոց պետության սահմանադրության նախագիծն է, և այդ իրավաբ. աշխատությամբ են պայմանավորված նոր ժամանակաշրջանի հայ սահմանադրական մտքի ձևավորումն ու զարգացումը։ Մադրասի խմբակի գործիչները պաշտպանել են բնական իրավունքի գաղափարները, դատապարտել բռնապետությունը, իրենց աշխատություններում հռչակել են ժողովրդական ինքնիշխանության, ընդհանուր ընտրական իրավունքի, անձն․ ազատության, խոսքի ազատության, մասնավոր սեփականության անձեռնմխելիության սկզբունքներ։