Մադրասի խմբակի գործունեությամբ սկզբնավորվել է նոր ժամանակաշրջանի հայկական իրավագիտությունը, որի առանձնահատկություններն են ազատականությունը, ազգ-ազատագր. ուղղվածությունը, իրավաբ. աշխարհայացքը, լուսավորչականությունը։
Արևելյան Հայաստանը, Ռուսաստանին միանալու հանգամանքով պայմանավորված, XIX դ-ի սկզբին ներգրավվել է հետզհետե զարգացող ռուս․ իրավ․ մշակութային տարածք, որի առաջադիմ. հատկանիշները, Արևելքի կրոնաիրավական խտրական համակարգերի համեմատությամբ, ակնհայտ էին։ Սակայն անկախ պետականության բացակայության պատճառով հայկական կրթական կազմակերպությունների և մտավորականների ուշադրությունն այդ շրջանում առավել կենտրոնացել էր հայագիտական, կրթալուսավորչական, բնագիտական ոլորտների վրա, և պետաիրավական հոգևոր մշակույթը չի դարձել հայ հաս-քաղաքական շրջաններին հուզող խնդիրներից։
Ռուսաստանի դատաիրավական համակարգը ժողովրդավար․ հիմքերի վրա դրվելուց (1863) հետո այլազգիներին հնարավորություն է ընձեռվել ստանալու իրավաբ. կրթություն։ XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին ռուս․ համալսարանների իրավաբ. ֆակ-ներում սովորել են բազմաթիվ հայ ուսանողներ (Յուրի Ղամբարով, Գրիգոր Չուբարյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Սերգեյ Մյասնիկյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Գևորգ Վարշամյան, Սուրեն Հարությունյան, Գեորգի Եվանգուլով, Սարգիս Լուկաշին, Խաչիկ Սամուելյան և ուրիշներ), որոնցից շատերը Հայաստանի առաջին հանրապետության և խորհրդային տարիներին զբաղեցրել են կարևոր պետական պաշտոններ, իսկ հետագայում դարձել են նաև հայ իրավագիտական մտքի ակնառու դեմքեր։
Օսմանյան. կայսրությունում նույնպես XIX դ-ի 2-րդ կեսից իրավ․ համակարգի եվրոպականացման փորձերը նպաստել են հայերի՝ իրավագիտական կրթություն ստանալուն և այդ բնագավառում երևելի դեմքեր դառնալուն։ Ամենաականավորը Գրիգոր Զոհրապն էր, որն զբաղվել է ոչ միայն գործն․ իրավաբանությամբ, այլև դասավանդել է, կատարել իրավագիտական հետազոտություններ («Օսմանյան իրավունքում քաղաքացիության տարբերության պատճառով ժառանգություն ստանալու արգելքի մասին», «Հայկական հարցը փաստաթղթերի լույսի տակ», երկուսն էլ՝ ֆրանս., «Քրեական իրավունք», թուրք., և այլն)։ Պոլսահայ իրավագետներից էին նաև Կարո Սասունին, Սիրեկան Տիգրանյանը, որոնք Հայաստանի առաջին հանրապետության ականավոր պետական գործիչներից էին։ Ուշագրավ է վերջինիս «Հայ իրավունքի պատմության ներածություն» (1924) աշխատությունը։ Այս շրջանի հայագիտական հետազոտությունների շարքում ուրույն տեղ են զբաղեցնում հայ և օտար գործիչների աշխատությունները իրավունքի պատմության ոլորտում (Միքայել Չամչյան, Ղևոնդ Ալիշան, Վահան Բաստամյան, Ֆերդինանդ Բիշոֆ, Յոզեֆ Կոհլեր, Իվանե Ջավախիշվիլի, Յոզեֆ Կարստ, Նիկողայոս Ադոնց, Ներսես Ակինյան, Արսեն Ղլտճյան, Ներսես Մելիք-Թանգյան, Գալուստ Կոստանյան, Խ. Սամուելյան և ուրիշներ), իրավագիտական մտքի զարգացմանը նպաստել են նաև ռուս․ և արևմտաեվրոպ. հեղինակների՝ պետության ու իրավունքի հարցերին նվիրված աշխատությունների թարգմանությունները։ Պետության և իրավունքի պատմության, հատկապես Մխիթար Գոշի ու Սմբատ Սպարապետի դատաստանագրքերին նվիրված ուսումնասիրություններ, աղբյուրագիտական հետազոտություններ են հրապարակվել «Բազմավեպ» և «Հանդես ամսօրյա» պարբ-ներում։
XIX դ-ի վերջի-XX դ-ի սկզբի իրավագիտական աշխատությունները մեծ մասամբ նվիրված են հայ հին իրավունքի աղբյուրների հիմնախնդիրներին, առավելապես կառուցված են սովորութային իրավունքի նորմերի վերլուծության վրա։ Այս առումով նշանակալի է Խ. Սամուելյանի ներդրումը («Արեան վրէժ եւ փրկանք», 1903, «Հին հայոց իրաւունքը եւ նրա հետազօտութեան մէթոտը», 1904, «Առեւանգմամբ եւ գնմամբ ամուսնութիւն», 1905, «Հայոց ժառանգական իրաւունքը», 1907, «Հին հայոց քաղաքացիական իրաւունքը», 1911, և այլն), որոնք հետագայում ամփոփվել են նրա «Հին հայ իրավունքի պատմություն» (հ. 1, 1939) աշխատության մեջ։
Այս շրջանի մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են կանոնական իրավունքին, մասնավորապես՝ Վ. Բաստամյանի