Այս էջը հաստատված է

«Ամուսնութիւնն ըստ հայոց եկեղեցական իրաւաբանութեան» («Փորձ», 1880-81), Սարգիս Բահթրյանցի «Հողային եւ անձնական իրաւունքը հին Հայաստանում» (1884), Ս. Տիգրանյանի «Կանոնագիրքը եւ մեր կանոնական իրաւունքը» («Արարատ», 1902), «Հին հայկական կանոնագիրքը» (ռուս․, 1918), Ն. Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրաւունքը» (գիրք Ա, Բ, 1903, 1905), Ա. Ղլտճյանի «Ամուսնութիւն, ամուսնալուծութիւն եւ քաղաքացիական պսակ» (1904), «Սահմանք եւ կանոնք կարգի եկեղեցւոյ սրբոյն Ներսէսի հայոց Հայրապետի» («Հանդես ամսօրյա», 1906), «Հայոց հին իրաւունքը. Ընտանեկան իրաւունք» (1913), Սողոմոն Եղիազարովի «Ուսումնասիրություն հայ հանրային և մասնավոր իրավունքի պատմության» (ռուս․, 1919) և այլ աշխատություններ։

Օտարազգի մի շարք գիտնականներ նույնպես հետազոտել են հայ հին իրավունքը և իրենց զգալի ավանդը ներդրել այդ բնագավառում։ Հատկապես արժեքավոր են ավստրիացի գիտնական Յու. Կարստի 1905-ին լույս ընծայած երկհատոր աշխատությունը՝ նվիրված Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերի թարգմանություններին, ուսումնասիրություններին և աղբյուրներին, ինչպես նաև 1909-ին հրատարակած հայ իրավունքի տարբեր ճյուղերի տեսությանը վերաբերող ուսումնասիրությունը։

Հայ իրավունքի հետազոտության առաջին փորձն արել է Ֆ. Բիշոֆը. զբաղվել է լեհահայոց իրավունքի հիմնահարցերով, տպագրել «Հայոց հին իրաւունքը Լեհաստանում» (1857) և «Հայոց հին իրաւունքը Լեմբերգում» (1862) աշխատությունները (երկուսն էլ՝ հայերեն)։ Համեմատ. իրավագիտության հայտնի մասնագետ Յու. Կոհլերը հրատարակել է «Հայերի իրավունքը» (գերմ., 1885) աշխատությունը։ Հայ իրավունքի հիմնահարցերով զբաղվել են նաև Միխայիլ Ալեքսեևը («Հայկական դատաստանագրքերը», 1870), Մաքսիմ Կովալևսկին («Օրենքն ու սովորույթը Կովկասում», 1890) և Ի. Ջավախիշվիլին («Հին Վրաստանի և Հին Հայաստանի պետական կառուցվածքը», 1905, բոլորն էլ՝ ռուս․) և ուրիշներ։

ՀԽՍՀ-ում սկզբն. շրջանում իրավ․ համակարգն ամբողջատիրական էր, որն ինքնին նշանակում էր իրավունքի և պետության արմատ., անհատի իրավունքների և ազատությունների, քաղաքաց. հասարակության անկախության բացասում, հետևաբար նաև իրավագիտության դերի նսեմացում։ Խորհրդային շրջանի իրավագիտությանը բնորոշ էր գաղափարականացված մարքս-լենինյան մոտեցումը։ Այդուհանդերձ, այդ շրջանում հայ իրավագիտական միտքը նկատելիորեն զարգացել է։ 1922-ին իրավագետների ջանքներով մշակվել է ՀԽՍՀ Սահմանադրությունը, որի հիման վրա ընդունվել են իրավունքի տարբեր ճյուղերին վերաբերող օրենսգրքեր, դրվել է օրենսդրության համակարգման հիմքը։ Սահմանադրությունն ու օրենսգրքերը խթանել են իրավագիտության հետագա զարգացումը, ԵՊՀ իրավաբ. ֆակ-ը դարձել է գիտական կենտրոն։ Դասախոսներ Զարմայր Աշրաֆյանը, Հրանտ Գալիկյանը, Արամ Եսայանը, Ժիրայր Միրզախանյանը, Գ. Չուբարյանը, Խ. Սամուելյանը գիտական և մանկավարժ․ գործունեությանը զուգահեռ մասնակցել են նաև օրենքների նախագծերի մշակմանն ու համակարգմանը։

1930-ական թթ-ին խորհրդահայ իրավագիտական միտքը կենտրոնացել է օրենսդրության կատարելագործման և մեկնաբանման հիմնահարցերի վրա, ռուս-ից թարգմանվել են մի շարք մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, կազմվել են տեղեկագրեր, բառարաններ և այլն։

1950-ական թթ-ից խորհրդային իրավագետները մշակել են տես. նոր դրույթներ, որոնք ներառվել են ԽՍՀՄ-ի և միութ. հանրապետությունների օրենսդրության հիմունքներում ու միութ. ընդհանուր այլ օրենքների հիմքում։ Այդ փոփոխությունների հիման վրա ՀԽՍՀ-ում մշակվել են իրավունքի տարբեր ոլորտները կարգավորող օրենսգրքեր ու օրենքներ։

Հայ հին և միջնադարյան իրավունքի պատմությանն են վերաբերում Արամ Եսայանի «Մուլքադարային իրավունքը Հայաստանում» (ռուս․, 1948), Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքի» առաջին (1958, Աշոտ Գալստյանի աշխատասիրությամբ) և երկրորդ (1971, Ալեքսեյ Սուքիասյանի աշխատասիրությամբ) հրատ-ները (ռուս․), Արշակ Թովմասյանի «Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք» (հ. 1-2, 1962-77), Ա. Սուքիասյանի «Վաղ ավատատիրական շրջանի Հայաստանի հասարակական-քաղաքական