Այս էջը հաստատված է

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ հոգեբ. միտքը V դ-ից զարգացել է փիլ-յան, տրամաբանության, աստվածաբանության, բարոյագիտության, պատմագրության, բնական գիտությունների զարգացմանը զուգընթաց։ Նրա վրա բեղմնավոր ազդեցություն են ունեցել հուն․ փիլ-ը և հոգեբ. միտքը։

V և հետագա դարերում հայ փիլիսոփաները, աստվածաբանները, մանկավարժները, բարոյախոսները փորձել են մեթոդաբան․ տարբեր ելակետերից բացահայտել մարդու էությունը, նրա մարմնական ու հոգևոր յուրահատկությունները։

IV-V դդ-ի փիլիսոփա Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» և «Խրատներ» երկերում հանդես է եկել բարու և չարի զրադաշտ-դուալիստ. ըմբռնման դեմ, որը չարիքը համարելով սուբստանց՝ այն վերածում է անխուսափելի ճակատագրի։ Նրա կարծիքով՝ չարն անխուսափելի չէ, և մարդը, տնօրինելով իր կամքը, կարող է ոչնչացնել նաև չարը։

V- VII դդ-ի իմաստասեր Դավիթ Անհաղթը «Սահմանք իմաստասիրութեան» և «Մեկնութիւն ի «Վերլուծականն» Արիստոտելի» աշխատություններում անդրադարձել է ճանաչողության տեսության, տրամաբանության և բարոյագիտության հիմնախնդիրների հոգեբ. ակունքներին։ Մշակել է հոգեբ. գաղափարների որոշակի համակարգ, որտեղ բացառիկ նշանակություն է ստացել հոգեկան երևույթների անընդհատության և անընդհատելիության ժամանակի հարցադրումը։ Նա արժեքավոր դատողություններ է արել բնավորության և վարքի, խոսքի և մտածողության կապերի, հույզերի և զգացմունքների վերաբերյալ, դիտարկել է հոգու և մարմնի հարաբերակցությունը, հոգու տեսակների, մասերի, ունակությունների և դրանց գործառույթների հարցեր, բնութագրել զգացմունքների հոգեբ. կողմերը։ Նրա ուսմունքում առկա են իմացաբան. հարցերի հոգեբ. հիմնավորման առանձին սաղմեր։

Հայ ժողովրդի մշակույթի ու գիտության մեջ շրջադարձային էր X դ-ի բանաստեղծ, իմաստասեր Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը, որտեղ խորը և բազմակողմանի ներկայացված են մարդու հոգու ծալքերը, վերծանված են նրա խորհրդածությունները կյանքի իմաստի, ազատության ու ճանաչման շուրջ, աստվածընկալման համակարգը, և այս ամենի կենտրոնում անձն է՝ իր հոգեվիճակով, ապրումներով ու մտքերով։ Իզուր չէ, որ դարեր ի վեր հայ ժողովուրդը «Նարեկը» սրբությամբ պահել է որպես հոգու ամոքիչ միջոց, նրան վերագրել է հիվանդություններ բուժելու մեծ կարողություն։

X-XIV դդ-ի հայ փիլ-յան և բնափիլ-յան մեջ ընդլայնվել է հոգեբ. գիտելիքի շրջանակը։ Իրենց ստեղծագործություններում սոցիալ-հոգեբ. բազմաթիվ խնդիրներ են արծարծել միջնադարյան մտածողներ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Ֆրիկը և ուրիշներ։ Կամքի ազատության հիմնախնդիրն արտացոլվել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի, Ներսես Լամբրոնացու, Վահրամ Րաբունու աշխատություններում։

Հայ փիլ-յան բնագիտական ուղղության խոշորագույն ներկայացուցիչ Հովհաննես Պլուզ Երզնկացին (XIII դ.) փորձել է բացատրել հոգու և մարմնի միասնության բնախոս. հիմքերը։ Ըստ նրա՝ մարդու հոգին չունի բնածին գիտելիք և բարոյական հատկանիշ, միտքը նման է անմշակ հողի, «որ ինչ սերմանեն զայն պտղաբերե». մարդու հինգ զգայարանները բավական են աշխարհի բոլոր իրողությունների մասին գաղափար կազմելու համար։ Մխիթար Հերացին «Ջերմանց մխիթարութիւն» երկում անդրադարձել է մատերիալիստ․ հայացքների հոգեֆիզիկական և առանձին դեպքերում՝ հոգեբնախոս. խնդիրներին։ Երկու հեղինակներն էլ բնագիտական նախագիտելիքների և հասկացությունների միջոցով փորձել են հիմնավորել հոգեկան տարբեր երևույթների կապը գլխուղեղի հետ։

Հոգեբ. մտքի յուրօրինակ հանրագիտարան է XIV դ-ի աստվածաբան, փիլիսոփա Հովհան Որոտնեցու «Հավաքեալ ի բանից իմաստասիրաց» աշխատությունը, որտեղ նա շարադրել և գնահատել է հոգու մասին անտիկ և միջնադարյան գրեթե բոլոր հայտնի տեսությունները։ Իր նախորդների նման՝ Որոտնեցին նույնպես պաշտպանել է հոգու վերաբերյալ քրիստ. ըմբռնումը, ըստ որի՝ հոգին աննյութական է, անմահ, գերազանց ու պատվական՝ մարմնից։

XIV-XV դդ-ի աստվածաբան և փիլիսոփա Գրիգոր Տաթևացին քննարկել է հոգու և մարմնի ծագումնաբանությունը, հոգու մասերին, տեսակներին, հոգու բնական ունակություններին, հոգու անմահությանն առնչվող հարցեր։

Հոգու ծագման ու բնույթի մասին մեկնաբանություններ է արել XIV-XV դդ-ի տաղերգու, փիլիսոփա Առաքել Սյունեցին. առաջադրել է մարդու ճանաչող․ ունակությունների, գիտելիքի ձևերի և այլ դասակարգումներ։

XVII-XVIII դդ-ում նույնպես հոգեբ. հարցադրումները կարևոր տեղ են գրավել հայ իրականության մեջ։ Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին, Հակոբ Ղրիմեցին, Խաչատուր Էրզրումցին, Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիները բնական և ճշգրիտ գիտությունների զարգացման պայմաններում փորձել են համակարգել կուտակված գիտելիքները, ինչպես նաև նոր ձևավորվող հոգեբ. պատկերացումները։ Չնայած գերիշխող բարոյակրոն. և հոգեպաշտ․ մտայնությանը՝ մարդու, նրա իմացական կարողությունների հիմնախնդիրը առանցքային էր, որին նպաստել են հատկապես բնագիտական նոր մտածողությունը, միջնադարյան սահմանափակումներից ձերբազատվելու ձգտումը, հոգեբ. նոր հարցերի ամբողջության ընդգրկումը։ Կենսաբանության, ֆիզիոլոգիայի, հոգեբուժության և մանկավարժության զարգացման շնորհիվ Մինաս Բժշկյանը («Ճեմարան գիտելեաց», 1815, «Հմտութիւն մանկանց», 1818), Սերովբե Վիչենյանը («Մանկատածութիւն...», 1844, «Բարոյական սկզբունք», 1851) վերլուծել են հոգեկան երևույթները,