Այս էջը հաստատված է

խորացել դրանց առանձնահատկությունների իմացաբան. և բնախոս․ էության մեջ։

Խաչատուր Աբովյանն իր «Նախաշաւիղ կրթութեան» (1837-40) գրքում մանկավարժ․ հայացքներին զուգահեռ նշել է նաև մանկավարժ․ հոգեբանության մի շարք կարևոր նախապայմաններ, ուսուցումը կազմակերպելիս պետք է հաշվի առնել երեխաների տարիքային հոգեբ. առանձնահատկությունները, և քանի որ մարդն աշխարհը ճանաչում է զգայությունների միջոցով, հայտնիից պետք է անցում կատարել դեպի անհայտը, կենդանի աշխարհից՝ վերացականը և մտայինը։ Նա անդրադարձել է նաև ուսուցչի մասնագիտական և հոգեբ. հատկանիշներին։

Հայերեն լույս տեսած առաջին զուտ հոգեբ. գործը Ստեփանոս Նազարյանի «Յաղագս փորձնական հոգեբանութեան ճառ» (1851) երկն է։ Հենվելով Արիստոտելի գաղափարների վրա՝ հեղինակը եզրակացրել է, որ հոգեբանությունը գիտություններից լավագույնն է, նախապատվելին, և գիտելիքների տարածումը պետք է սկսել հոգեբանությունից։ Նույն աշխատության մեջ նա շարադրել է իր ժամանակի հոգեբանության հիմունքները՝ հանգամանալի խոսելով նաև ախտաբան․ հարցերի մասին, նկարագրել իրական, ոչ թե իդեալ․ մարդուն, անդրադարձել է մանկավարժության բնագավառում հոգեբանության կիրառության խնդիրներին, ինչպես նաև երեխաների տարիքային առանձնահատկություններին, հետևողականորեն քննարկել է հոգեբանության առարկան, մեթոդները (հատկապես ինքնադիտումն ու արտաքին, առարկայական դիտումը), մարդկանց անհատ. տարբերությունները, միջավայրի ազդեցությունն անձի ձևավորման վրա՝ հիրավի դառնալով նորագույն շրջանում հայ հոգեբ. գիտական գրակ-յան սկզբնավորողը։

Միքայել Նալբանդյանն իր երկերում անդրադարձել է սոցիալական, էթնիկ․ և արվ-ի հոգեբանության հարցերին, առաջադրել խոսքի և մտածողության միասնության սկզբունքը։ Կարևոր է նաև Առաքել Բահաթրյանի «Համառոտ գործնական հոգեբանութիւն» (1882) աշխատությունը, որտեղ ակնհայտ է ռուս ֆիզիոլոգ Ի. Մ. Սեչենովի ռեֆլեքսային տեսության ազդեցությունը։

XIX դ-ի վերջի-XX դ-ի սկզբի արևմտահայ մանկավարժ-հոգեբաններից Մատթեոս Մամուրյանը, Ռեթեոս Պերպերյանը, Մինաս Չերազը, Համբարձում Իփեքչյանը և ուրիշներ իրենց հրապարակումներում մեծ ուշադրություն են դարձրել երեխայի մտածողության, հիշողության, բնավորության, կամքի, զգացմունքների և խաղի հոգեբանության հարցերին։

Նշանակալի է Նիկողայոս Զորայանի ներդրումն արևմտահայ հոգեբանության մեջ. «Նկարագիր ազգային դաստիարակութեան» (1848), «Ընթերցասիրութիւն» (1852) աշխատություններում նա ուշագրավ մտքեր է առաջադրել զգայական իմացության ու մտածողության կապի, այլ հոգեբ. խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև տեսակետներ է արտահայտել երեխաների՝ սոցիալական գաղափարներով թելադրված մտավոր ընդունակությունների նախադրյալների մասին։

XIX դ-ի հայ հոգեբ. մտքի զարգացմանը նպաստել է նաև պարբ. մամուլը («Մանկավարժական թերթ», 1878-79, «Վարժարան», 1882-84, երկուսն էլ՝ Թիֆլիս, և այլն). նյութեր է տպագրել եվրոպ. և ռուս․ հոգեբ. դպրոցների մասին։

Հայ հոգեբանության պատմության մեջ հիշարժան են Լևոն Շանթի գիտահոգեբ. աշխատությունները, մասնավորապես «Հոգիները ծարաւի» (1945) հոգեբ. վեպը։

XX դ-ի սկզբին հայ հոգեբ. մտքի զարգացումն անմիջականորեն կապված է Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1919-ին հիմնադրված ԵՊՀ-ի գործունեության հետ։ Համալսարանի միակ՝ պատմալեզվագր. ֆակ-ում դասավանդվել է «Հոգեբանություն» առարկան (դասախոս՝ Սիրեկան Տիգրանյան)։

Այդուհանդերձ, Հայաստանում հոգեբանության զարգացումը հիմնականում սկսվել է 1930-ական թթ-ին։ Ընդհանուր և մանկավարժ․ հոգեբանության բնագավառներում տես. և փորձարար․ կարևոր հետազոտություններ է կատարել մանկավարժ և հոգեբան Գուրգեն Էդիլյանը (1885-1942), զբաղվել է նաև դատական հոգեբանության, մտածողության, ընկալման և այլ խնդիրներով («Հոգեբանության ուրվագծեր», 1958)։ Նա 1934-ին Հայաստանում ստեղծել է հոգեբանության առաջին ԳՀ լաբորատորիան։

1940-50-ական թթ-ին հանրապետության մի շարք բուհերում հիմնադրվել են հոգեբանության ամբիոններ և գիտական կենտրոններ։ 1957-ին մանկավարժ, հոգեբան Շավարշ Սիմոնյանի և հոգեբան Մկրտիչ Մազմանյանի նախաձեռնությամբ Երևանի մանկավարժ․ ինստ-ում (այժմ՝ ՀՊՄՀ) ստեղծվել է հոգեբանության ԳՀ լաբորատորիա (գործում է ցայսօր), որտեղ հետազոտություններ են կատարվել տարիքային և մանկավարժ․ հոգեբանության, միջին մասնագիտական կրթության, բուհ․ միջավայրում ուսանողների հարմարվելու և այլ խնդիրների վերաբերյալ։

Ուշագրավ են Մ. Մազմանյանի հետազոտությունները զգայական իմացության և ստեղծագործության հոգեբանության բնագավառներում, զբաղվել է անգիտակցականի հոգեկան ակտիվության խնդիրներով («Ուրվագծեր հոգեբանությունից», 1951, «Բնավորություն», 1969, «Մանկավարժական հոգեբանության մի քանի հարցեր», 1975, և այլն)։

Եվգենի Միլերյանն անդրադարձել է աշխատանքային հոգեբանության հարցերին («Ընդհանուր աշխատանքային քաղաքական հմտությունների ձևավորման հոգեբանություն», ռուս․, 1973, և այլն)։

Մուշեղ Երիցյանի ուսումնասիրությունները վերաբերում են երեխաների և մանկավարժ․ հոգեբանության հարցերին, հատկապես կրտսեր տարիքի դպրոցականների մտածողության ակտիվացմանը, մեծ է նաև նրա ավանդը Հայաստանում ճարտարագիտական հոգեբանության զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում։

1956-90-ին ՀԽՍՀ-ում գործել է ԽՍՀՄ հոգեբանների ընկերության հայկական բաժանմունք (նախագահ՝ Մ. Մազմանյան)։