Այս էջը հաստատված է

հետ կապերի մասնագիտացումներով։ Ֆակ-ում գործում են կիրառ. սոցիոլոգ․ հետազոտությունների և հեռաուսուցման լաբորատորիաները։

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ՓԻԻ-ի սոցիոլոգ․ հետազոտությունների բաժնում սկիզբ է դրվել աղետների սոցիոլոգիայի նոր ուղղության, որը միակն էր Խորհրդային Միությունում։ Անկախ պետության կազմավորումը և հասարակության ազատականացումը լրջորեն խթանել են հասարակական, փիլ. և հումանիտար մտքի նոր փուլի զարգացումը։ 1990-ին հիմնադրվել է Հայկական սոցիոլոգ․ ընկերակցությունը (ՀՍԸ, նախագահ՝ Գ. Պողոսյան), որը 1992-ին ընդգրկվել է Միջազգային սոցիոլոգ․ ընկերակցության մեջ՝ որպես ազգային անդամ։ Արտասահմանի հայ սոցիոլոգներին հնարավորություն է տրվել անդամակցելու ՀՍԸ-ին [պատվավոր անդամներ են Էդվարդ Թիրյաքյանը, Լևոն Չորբաջյանը, Անի Քալեյջյանը, Անի Բակալյանը (բոլորն էլ՝ ԱՄՆ) և ուրիշներ]։ Հայ սոցիոլոգները գիտական զեկույցներով հանդես են եկել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում և համաշխ. սոցիոլոգ․ կոնգրեսներում՝ Դելի (1987), Մադրիդ (1991), Բիլեֆելդ (1995), Մոնրեալ (1998), Թայփեյ (2009), Գյոթեբորգ (2010) և այլն։

1992-ին ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծվել է Սոցիոլոգ․ հետազոտությունների կենտրոն (ղեկ.՝ Գ. Պողոսյան), 1998-ին ԵՃՇՊՀ-ում բացվել է արդյունաբերական սոցիոլոգիայի ամբիոն (վարիչ՝ Էդվարդ Կյուրեղյան)։ Ստեղծվել են նաև մասնավոր ոչ մեծ սոցիոլոգ․ կազմակերպություններ («Սոցիոմետր», «Առաջատար սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն», «Մենեջմենթի հայկական ընկերակցություն», «Ինտերռեյտինգ» և այլն)։

1998-ի հունիսին Սոցիոլոգ․ հետազոտությունների կենտրոնը միավորվել է ՀՀ ԳԱԱ ՓԻԻ-ին (2001-ից՝ ՀՀ ԳԱԱ Փիլ-յան, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ)։ Հիմնադրվել են սոցիոլոգ․ հետազոտությունների նոր՝ միգրացիայի և արտագաղթի, փախստականների սոցիալական հիմնախնդիրների, հասարակության սոցիալական կառուցվածքի, աղքատության, ընտանիքի, արդի հայ հասարակության տրանսֆորմացիայի և այլ ուղղություններ։ Միգրացիային, ազգամիջյան հակամարտություններին ու բախումներին նվիրված բազմաթիվ սոցիոլոգ․ հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են Գ. Պողոսյանի մի շարք հրատ-ներում։ հշ

Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն առավելապես զարգացել են 1991-ի խորհրդարան․ և նախագահ․ ընտրություններից հետո։ ՀՀ-ում անցկացվող ընտրություններին քաղաքական կուս-ների մասնակցությանը և հասարակության մեջ տիրող տրամադրություններին են վերաբերում մի շարք ուսումնասիրություններ (Գ. Պողոսյան, Սամսոն Մխիթարյան, Ալեքսանդր Մարկարով, Հովհաննես Հովհաննիսյան և ուրիշներ)։

Ուսումնասիրվել են հայ ընտանիքի սոցիալական (Յուրի Գասպարյան), հայ ազգային գործընթացների տես. ու գործն. (Ռաֆայել Սամսոնյան, Արմեն Կարապետյան) հիմնախնդիրները, հրատարակվել են հայ սոցիոլոգների, քաղաքագետների և հոգեբանների բազմաթիվ ուսումնասիրություններ ժամանակակից հայ հասարակության մեջ տեղի ունեցող բարդ գործընթացների և արմատ․ վերափոխումների մասին (Գ. Պողոսյան, Մանուկ Հարությունյան, Վալերի Առաքելյան)։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակ-ն իրականացրել է հայ հասարակության տարբեր ոլորտների հիմնախնդիրների ուսումնասիրությանն ուղղված մի շարք նախագծեր, առանձին գիտական ժող-ներով հրատարակվել են (նաև արտասահմանում) ֆակ-ի ամբիոնների ԳՀ և ուսումնամեթոդական գործունեության արդյունքները։ Ֆակ-ը համագործակցում է Բեռլինի, Մյունստերի, Բոխումի, Պոտսդամի, Շվեյցարիայի, Կալիֆոռնիայի, Ջորջ Մեյսոնի, Ուփսալայի, Սարատովի և այլ համալսարանների հետ, Միջազգային սոցիոլոգ. ընկերակցության անդամ է։

Վերջին տարիներին հայ սոցիոլոգներն զգալիորեն ընդլայնել են իրենց միջազգային համագործակցությունը մի շարք երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, Ուկրաինա, Մոլդովա, Հունգարիա, Լեհաստան, Վրաստան) գիտական կենտրոնների ու համալսարանների, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի հետ, հաստատվել են գիտական կապեր, հայ սոցիոլոգների հետազոտություններն ու գիտական հրապարակումները ճանաչվել են նաև արտերկրում։

2008-ին ՀՀ ԳԱԱ Փիլ-յան, սոցիոլոգիայի և իրավունքի ինստ-ին կից ստեղծվել է սոցիոլոգիայի բնագավառում գիտական աստիճան շնորհող առաջին մասնագիտացված խորհուրդը։