Այս էջը հաստատված է
ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետություն

Ճարտարապետությունն ազգային ինքնատիպությամբ, ստեղծագործ․ բարձր մակարդակով, գեղարվեստական հարուստ ավանդույթներով առանձնահատուկ և կարևոր տեղ է գրավել հայկական մշակույթում՝ դեռևս հնադարից։

Հայկական ճարտ-ն ուշագրավ առանձնահատկությունների շնորհիվ XIX դ-ում դարձել է եվրոպացի և ռուս գիտնականների հետազոտության առարկան։ 1830-ական թթ-ին անվանի հնագետ ու ազգագրագետ շվեյցարացի Դյուբուա դե Մոնպերիոն և ֆրանսիացի գիտնական Շառլ Տեքսիեն իրենց չափագրություններով ու գրչանկարներով Արևմուտքին ներկայացրել են Անիի կոթողներն ու նշանավոր այլ հուշարձաններ՝ առաջին անգամ նշելով հայկական ճարտ-յան ինքնուրույն ոճի մասին։ 1840-ական թթ-ին լույս են տեսել Հ. Շահխաթունյանցի և Ս. Ջալալյանցի, իսկ XIX դ-ի 2-րդ կեսին՝ Ղևոնդ Ալիշանի աշխատությունները, որտեղ ամփոփված են պատմ. Հայաստանի տարբեր նահանգների ճարտ. բազմաթիվ հուշարձաններ՝ վիմագրություններով, կառուցման ժամանակաշրջաններով։

XIX դ-ի հայ ճարտ-ն ուսումնասիրել են մի շարք ռուս արվեստաբաններ ու պատմաբաններ (Ա. Մուրավյով, Դ. Գրիմ, Ն. Կոնդակով և ուրիշներ), որոնց մի մասը, սակայն, հետևելով «հռոմեակենտրոն» և «բյուզանդակենտրոն» տեսակետներին, ժխտել է հայկական ճարտ-յան ինքնուրույնությունը։ Գերմանացի արվեստաբան Կ. Շնաազեն, վերլուծելով «քրիստոնեական ծայրամասային երկրների» արվ-ը, հայկական «եկեղեցիների հետաքրքիր ոճը» համարել է հռոմեա-բյուզ. և պարսկա-արաբ. ձևերի համադրման արդյունք։ Ս. Պետերբուրգի ակադ-ի անդամ Մարի Բրոսսեն ուսումնասիրել է հայկական և վրաց. վիմագր. ժառանգությունը, հրատարակել է «Անիի ավերակները» (1860-61) երկհատոր գիրքը։ Ֆրանսիացի գիտնական Օ. Շուազին ճարտ-յան համընդհանուր պատմությանը նվիրված երկհատորում (1889) առանձին տեղ է հատկացրել հայկական ճարտ-յանը՝ կարևորելով նրա դերը եվրոպ. շատ երկրների շինարվ-ի զարգացման, ռոման․ ճարտ-յան կազմավորման գործընթացում, նաև նշել նրա տարածման հնարավորությունները։

XX դ-ի սկզբից Արևմուտքում մեծացել է հետաքրքրությունը հայկական ճարտ-յան հանդեպ։ Հատկապես արժեքավոր են Շառլ Դիելի, Վալտեր Բախմանի, Գ. Ռիվոյրայի, Յուրգիս Բալթրուշայտիսի, Հ. Ֆ. Բ. Լինչի ուսումնասիրությունները, որոնք մասամբ կամ ամբողջովին վերաբերում են հայկական ճարտ-յանը։ Շ. Դիելն իր վաղ շրջանի աշխատության մեջ հայկական ճարտ-ը համարել է բյուզ., սակայն ավելի խոր հետազոտության և նորահայտ տվյալների հիման վրա առաջադրել է հայկական և բյուզ. ճարտարապետությունների փոխազդեցության թեզը։ Իռլանդացի գիտնական Հ. Ֆ. Բ. Լինչը Հայաստանում իր 2 ուղևորությունների արդյունքներն ամփոփել է «Հայաստան» (1901) երկհատորում, որը, փաստորեն, յուրօրինակ հայագիտական հանրագիտարան է. ներկայացված են Անիի, Էջմիածնի, Վանի, Ախթամարի և այլ հուշարձաններ, նա հայկական միջնադարյան ճարտ-ը բարձր է դասել եվրոպականից։

XIX դ-ի վերջին տասնամյակում սկսվել են Անիի պեղումները (1892-93, 1904-17), որոնք գլխավորել է խոշոր հայագետ Նիկողայոս Մառը, իսկ արդյունքներն ամփոփել է «Անի» (1934) արժեքավոր աշխատության մեջ։ Այդ պեղումները կարևորագույն աղբյուր են դարձել հայկական ճարտ-յան հիմնավոր ուսումնասիրության և ճանաչման համար։

Անիի պեղումների ընթացքում Ն. Մառի մշտական գործընկերներից էր Թորոս Թորամանյանը, որը XX դ-ի սկզբից իր գիտական գործունեությամբ դարձել է Հայաստանի ճարտ. գիտության հիմնադիրը։ Նա դասակարգել և բնութագրել է հայկական ճարտ-յան զարգացման փուլերը, բացահայտել ինքնատիպությունը։ Աշխատությունների 2 ժող-ները լույս են տեսել հետմահու՝ 1942-ին և 1948-ին։

Հայկական ճարտ-յան ինքնուրույնության ճանաչմանն Արևմուտքում մեծապես նպաստել է ավստրիացի խոշոր գիտնական և արվեստաբան Յոզեֆ Ստրժիգովսկին. Հայաստանում իր հավաքած և Թ. Թորամանյանի տրամադրած նյութերի հիման