Այս էջը հաստատված է

1960-ական թթ-ին Եվրոպայում իտալացիների շնորհիվ նոր վերելք է սկսվել հայ ճարտ-յան ուսումնասիրության ոլորտում։ 1966-ին Հռոմի համալսարանին կից ստեղծվել է Հայ ճարտ-յան ուսումնասիրման կենտրոն (ղեկ.՝ Պաոլո Կունեո), իսկ 1967-ին Միլանի պոլիտեխնիկ. ինստ-ում՝ Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոն (ղեկ.՝ Ադրիանո Ալպագո Նովելլո)։ Հռոմի Կենտրոնը 1971-82-ին հրատարակել է «Միջնադարյան հայ ճարտարապետության ուսումնասիրություններ» մատենաշարի 5 հատորը (Թ. Բրեչիա Ֆրատադոկի, Ֆ. Գանդոլֆո, Մ. դ՚Օնոֆրիո, Պ. Կունեո)՝ նվիրված անհայտ կամ քիչ ուսումնասիրված (հիմնականում Արևմտյան Հայաստանի) ճարտ. հուշարձաններին։ Պ. Կունեոն տպագրել է «Հայկական ճարտարապետությունը IV-XIX դդ.» հանրագիտարանային բնույթի երկհատոր աշխատությունը, որտեղ ընդգրկված են պատմ. Հայաստանի գրեթե բոլոր կարևոր հուշարձաններն ու համալիրները։

Միլանի Կենտրոնը բազմաթիվ երկրներում կազմակերպել է հայ ճարտ-յան շրջիկ ցուցահանդեսներ (տպագրել է տարբեր լեզուներով կատալոգներ), ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ի հետ հրատարակել է «Հայ ճարտարապետության վավերագրեր» (1967-98-ին լույս է տեսել 23 պրակ՝ հայերեն, իտալ., անգլ.) և «Հայ ճարտարապետության ուսումնասիրություններ» (1970-2005-ին տպագրվել է 26 պրակ՝ հայերեն, իտալ.) մատենաշարերը։ ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ը և Միլանի հայ մշակույթի հետազոտման ու վավերագրման կենտրոնը կազմակերպել են հայ արվ-ին նվիրված միջազգային գիտաժողովներ Իտալիայում (Բերգամո, 1975, Վիչենցա, 1981, Վենետիկ, 1988), Հայաստանում (Երևան, 1978, 1995)։

Ժան Միշել Թիերին (Ֆրանսիա) հիմնադրել է «Նյութեր հայ հնագիտության» մատենաշարը (Փարիզ-Լուվեն), 1960-ական թթ-ից ուսումնասիրել է Արևմտյան Հայաստանի ճարտ. հուշարձանները և հրատարակել «Հայկական արվեստ» (1987, Պատրիկ Տոնապետյանի մասնակցությամբ) մեծածավալ հատորը։ Ա. Խաչատրյանը (Փարիզ) ուսումնասիրել է վաղքրիստ. հայկական ճարտ-ը, Պ. Տոնապետյանը հրատարակել է «Հայկական ճարտարապետության ոսկեդարը, VII դ.» (Փարիզ, 2008) մենագրությունը։ Գ. Դիմիտրոկալլիսի (Հունաստան) աշխատություններում հիմնավորվել է հայկական ճարտ-յան ազդեցությունը եվրոպ. միջնադարյան շինարվ-ի վրա։

Տոկիոյի համալսարանի Տեխնոլոգիայի ինստ-ում ստեղծված հայ ճարտ-յան ուսումնասիրության կենտրոնում կատարված (1999, ղեկ.՝ Շ. Սասանո) հայկական միջնադարյան հուշարձանների հակաերկրաշարժային հատկանիշների հետազոտությունների արդյունքները տպագրվել են 5 գրքով (ճապ. և անգլ.)։

Մուրադ Հասրաթյան


Կերպարվեստագիտություն

Քրիստոնեության հաստատումից հետո միջնադարյան Հայաստանում անտիկ գեղագիտությունը (հատկապես պլատոն. և նորպլատոն.) հարմարեցվել է նոր կրոնի պահանջներին։ Մշակվել են Հին և Նոր կտակարանների թեմաների պատկերագր. համակարգեր, նաև բուս․ և կենդ․ աշխարհը պատկերվել են հարուստ, բազմանշանակ խորհրդաբանությամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի առկա են միջնադարի հեղինակների (Վրթանես Քերթող, VI-VII դդ., Հովհան Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի, VIII դ., Ներսես Շնորհալի, XII դ., Գրիգոր Տաթևացի, XIV-XV դդ., Ղուկաս Վանանդեցի, XVII-XVIII դդ., և ուրիշներ) աստվածաբան. երկերում։

Կերպարվ-ի տեսության միջնադարյան եզակի օրինակներ են «Խորանների մեկնությունները» (Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ), որտեղ հստակ բացատրվում է խորանների պատկերման գեղագիտական, գունային, խորհրդանշ., կիրառ. նշանակությունը։ XIV դ-ի մանրանկարիչ Սարգիս Պիծակի, նաև XIII-XIV դդ-ի հայկական մանրանկարչության տարբեր դպրոցների, նկարչության արվ-ի մասին տեղեկություններ կան Ղևոնդ Ալիշանի որոշ աշխատություններում և նրա հրատարակած «Պատկերուսոյց գրքում» («Բազմավեպ», 1896, № 7-10)։ «Կարսի Ավետարանի» («Գագիկ թագավորի Ավետարան», XI դ.), «Կեռան թագուհու Ավետարանի» (XIII դ.), XIII դ-ի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի մանրանկարներն արժևորել է Մովսես Տեր-Մովսիսյանը («Հայկական մանրանկարներ», 1910, գիրք 20, № 2, գիրք 24, № 1, 1913, և այլն)։

Ռուս․ արվ-ի քննադատ և տեսաբան Վլադիմիր Ստասովն առաջինն է բարձր գնահատել հայկական զարդարվ-ը՝ իր «Հայկական ձեռագրերը և նրանց զարդանկարումը» հոդվածում (ռուս․, 1886), իսկ ավստր. արվեստագիտական դպրոցի խոշոր ներկայացուցիչ Յոզեֆ Ստրժիգովսկին լրջորեն զբաղվել է հայկական եզակի մատյանով («Էջմիածնի Ավետարան», հոդված 1891), որի շնորհիվ ձեռագիրը գրավել է հայ, ռուս և եվրոպացի մի շարք գիտնականների (Ֆրեդերիկ Մակլեր, Եգոր Ռեդին, Կուրտ Վայցման, Սիրարփի Տեր-Ներսեսյան, Կարլ Նորդենֆալկ, Անդրե Գրաբար, Լիդիա Դուռնովո, Վիկտոր Լազարև, Թոմաս Մեթյուս, Նիկոլայ Քոթանջյան և ուրիշներ) ուշադրությունը։ Ֆ. Մակլերի՝ հայ մանրանկարչության նմուշների հրապարակումներից հետո ֆրանսիացի բյուզանդագետ Գ. Միլլեն դիտարկել է որոշ պատկերագր. յուրահատկություններ, որոնք հետագայում զարգացրել են Մ. Տեր-Ներսեսյանը, Վ. Լազարևը, Լ. Դուռնովոն, Թ. Մեթյուսը և ուրիշներ։

XX դ-ի 1-ին կեսին զարգացել է նաև հայկական արվ-ի քննադատությունը հատկապես «Գեղարվեստ», «Գեղունի», «Անահիտ» և այլ հանդեսներում (Գարեգին Հովսեփյան, Տիրան Չրաքյան, Արշակ Չոպանյան և ուրիշներ ), հայ ընթերցողին ծանոթացրել են դեկադենտ․ և մոդեռնիստ․ հոսանքներին։