Այս էջը հաստատված է

Թատերագիտություն

Ուշ անտիկ և վաղ բյուզ. հեղինակների երկերի թարգմանություններում, հատկապես Դիոնիսիոս Թրակացու «Քերականության» մեկնություններում (VXVI դդ.), առկա են թարգմանաբար յուրացված և բուն հայ-ից եկող տերմիններ՝ նոխազերգութիւն (տրագոդիա), կատկերգութիւն (կոմոդիա), նմանաբանութիւն (միմեսիս), ենթադատութիւն (հիպոկրիզիս) և այլն։ Վաղ բյուզ. դպրոց․ ճարտասանությունը հայ կրթական միջավայր է մտել իր տեսությամբ, ազգայնացվել առասպելավարժութիւն անվամբ, և նրա տեսաբանների համեմատության առարկան որոշ դեպքերում ժողովրդական թատեր. բանահյուսությունն է՝ «զկատականաց նուագել խօսս» (Դավիթ Անանուն, Համամ Արևելցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ)։ Վաղ միջնադարում արմատավորվել է նաև թատրոնի ժխտող․ տեսությունը. Հովհան Ոսկեբերանի թատրոնամերժ ճառերի թարգմանությունների հիման վրա գրվել են համանման ճառեր, որոնցից ամենավաղը Հովնան Մանդակունուն (V դ.) վերագրվող «Վասն անօրեն թատերաց դիւականաց» ճառն է, մյուսը՝ Սիմեոն Աղձնյաց եպիսկոպոսի (մոտ VII-VIII դդ.) «Վասն գինո խմողաց» ճառը, որոնք կյանքի և արվ-ի հարաբերությունները քննող առաջին գրական փաստաթղթերն են՝ յուրահատուկ քննադատություն երևույթի ժխտման պաթոսով։ Սա նաև թատրոնը որպես արվ․ ժխտելու՝ միջնադարում տարածված և ընդունված շարժման հայկական արտահայտությունն է, որի հետ շփման եզրեր ունի Պետրոս Մինասյանի «Յաղագս օգտակարութեանց եւ վնասուց թատերական հանդեսից» բարոյագեղագիտական աշխատությունը (XIX դ-ի 1-ին կես)։

Հայ թատերագիտական նոր միտքը կազմավորվել է XIX դ-ի 30-50-ական թթ-ին։ Կլասիցիզմի տեսությունը ձևավորվել է և ավարտվել Սարգիս Տիգրանյանի «Ինչ-ինչ զեղերերգութենէ» փիլ. երկով, որը դրամայի պատմաքննախոսության առաջին փորձն է հայ իրականության մեջ։ 1850-60-ական թթ-ին՝ պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման շրջանում, լուսավորականությունը դարձել է թատեր. քննադատության գեղագիտական նախասկիզբը, յուրացվել են եվրոպ. լուսավոր. թատրոնի գեղագիտությունը (Հովհաննես Հիսարյան, Մ. Գարագաշյան, Հ. Խորասանճյան), դրամայի գերմ. տեսությունները (Ստեփանոս Նազարյան), գիտակցվել թատրոնի ազգ-հայրենասիր. և սոցիալական գործառույթը (Միքայել Պատկանյան, Միքայել Նալբանդյան)։ 1870-80-ական թթ-ի թատեր. քննադատության մեջ կարևորվել է բեմ. ուղղությունների խնդիրը, քննադատների մի մասը պաշտպանել է ռոմանտիզմը և մելոդրամայի սալոնային խաղաոճը (Սպանդար Սպանդարյան), մյուսը՝ ազգ-ռեալիստ. դրամատուրգիան (Գրիգոր Արծրունի), հաջորդը՝ քննադատ․ ռեալիզմը և կենցաղային ու սոցիալ-հոգեբ. թատրոնը (Գևորգ Չմշկյան)։

XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին թատեր. քննադատությամբ զբաղվել են ժամանակի գրեթե բոլոր գրողներն ու գրական գործիչները, արևմտահայ իրականության մեջ՝ Հակոբ Պարոնյանը, Գրիգոր Զոհրապը, Լևոն Բաշալյանը, Արշակ Չոպանյանը, Այսրկովկասում՝ Գ. Չմշկյանը, Աբգար Հովհաննիսյանը, Պերճ Պռոշյանը, Ռափայել Պատկանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Հովհաննիսյանը։ 1893-ից Թիֆլիսում հրատարակվել է Ալեքսանդր Թարխանյանի «Թատրոն» հանդեսը, մամուլում տպագրվել են անցյալի արժեքները հետազոտող հոդվածներ, հանդես է եկել թատեր. քննադատների նոր խումբ (Սիմեոն Հախումյան, Տիգրան Զավեն, Տ. Հովհաննիսյան, Լեո, Ս. Բերբերյան), հիմնվել են «Թատրոն և երաժշտություն» (1910) և «Հուշարար» (1912) հանդեսները։ Օվի Սևումյանը իր «Զեկուցում հայ թատրոնի ցանկալի բարեփոխումներից անհրաժեշտագոյնների մասին» (1913) երկում առաջադրել է թատրոնի գեղարվեստական ու կազմակերպ․ բարեփոխումների նոր ծրագիր՝ հիմնված ՄԳԹ-ի և Կոնստանտին Ստանիսլավսկու փորձի վրա։ Նույն շրջանում պոլսահայ բեմի անցյալն են ուսումնասիրել Սմբատ Դավթյանը, Հրանդ Ասատուրը, Ս. Թյությունջյանը, որոնք փաստ․ հիմք և կողմնորոշիչներ են ստեղծել հետագա ուսումնասիրողների համար։

Հայ թատերագիտությունը՝ որպես ինքնուրույն ոլորտ, կազմավորվել է խորհրդային շրջանում։ Տեսական-մասնագիտ․