Այս էջը հաստատված է

ստուգված չափանիշներ են ձևավորել Լևոն Քալանթարի հոդվածները, անցյալի արժեքները նորովի է իմաստավորել Սարգիս Մելիքսեթյանը, հին և միջնադարյան թատրոնի հետազոտման հիմքն է դրել Գարեգին Լևոնյանը, արևելահայ թատրոնի պատմությունն ամբողջացնելու առաջին փորձն է արել Արամ Երեմյանը (1930-40-ական թթ.), թատեր. քննադատութունը՝ որպես հրապարակախոսություն, զարգացրել են Ռուբեն Զարյանը, Սուրեն Հարությունյանը, Տիգրան Հախումյանը։ 1950-ական թթ-ին ուսումնասիրվել են Գ. Սունդուկյանի դրամատուրգիան (Գևորգ Աբով, Ս. Հարությունյան, Ռ. Զարյան), նախահեղափոխական բեմ. գործիչների կենսագրությունները (Ս. Մելիքսեթյան, Ռ. Զարյան, Ս. Հարությունյան), նոր ընթացք է տրվել հին և միջնադարյան թատրոնի հետազոտմանը (Գևորգ Գոյան), թատերագիտության ոլորտ է մտել Երևանի թատեր. ինստ-ի շրջանավարտ քննադատների նոր սերունդ։ Այդ շրջանում գրվել են հայ դրամատուրգիայի (Վահրամ Թերզիբաշյան), արևմտահայ թատրոնի (Գառնիկ Ստեփանյան) պատմությունները, ստեղծվել է հայ նոր թատրոնի ընդարձակ տարեգրությունը (Բաբկեն Հարությունյան), իմաստավորվել շեքսպիրյան խաղացանկի և հայ թատրոնի առնչությունները (Ռ. Զարյան, Լուիզա Սամվելյան), հիմք է դրվել բեմ. խոսքի պոետիկայի քննության, քննական վերաբերմունք է մշակվել հին և միջնադարյան թատրոնի հետազոտման հարցերի շուրջ (Հենրիկ Հովհաննիսյան), գրվել են XX դ-ի սկզբի հայ թատրոնի պատմությունը (Լևոն Հախվերդյան), հայ խորհրդային թատրոնի պատմությունը, առանձին քննության առարկա են դարձել հայ ռեժ. արվ-ը (Սաբիր Ռիզաև), բեմանկարչությունը (Լևոն Խալաթյան), հրատարակվել են բազում մենագրություններ, դերասան․ դիմանկարներ։

XXI դ-ի 1-ին տասնամյակում հայ թատերագիտության մեջ մշակվել են դերասանի արվ-ի տեսությունը, միջնադարյան հոգևոր դրամայի խնդիրները, գրվել է XIX դ-ի հայ թատրոնի ամբողջ․ պատմությունը, առաջադրվել է դրամայի ծագման նոր տեսություն՝ հայ հնագույն խորհրդապաշտ. դրամայի ուսումնասիրության հիման վրա։ Հայ թատերագիտության այս շրջանի զարգացումը կապված է Հ. Հովհաննիսյանի անվան հետ։

Թատերագիտական մտքի զարգացմանը նպաստում են ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ի, շեքսպիրագիտության և թատերագիտական բաժինների ուսումնասիրությունները։

Գրկ. Պլուտարքոս, Զուգակշիռք, հ. 1-6, Վնտ., 1832-35։ Էմին Մ., Վէպք հնոյն Հայաստանի, Մ., 1850։ Հացունի Վ., Ճաշեր եւ Խնջոյք հին Հայաստանի մէջ, Վնտ., 1912։ Լևոնյան Գ., Թատրոնը հին Հայաստանում, Ե., 1941։ Քոչարյան Ս., Կենդանի խոսքի ոլորտներում, Ե., 1963։ Քալանթար Լ., Արվեստի մայրուղիներում, Ե., 1963։ Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1-2, Ե., 1959-64։ Գրիգորյան Վ., Մետաքսյա (ալբոմ-ժողովածու), Ե., 2002։ Նույնի, Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (առաջին գիրք), Ե., 2004։

Տես նաև Թատրոն հոդվածի գրակ-ը։

Հենրիկ Հովհաննիսյան


Կինոգիտություն

Հայկական կինոգիտությունը ձևավորվել և զարգացել է XX դ-ի սկզբից, մշակելով իր տեսությունը՝ աստիճանաբար վերածվել է ինքնուրույն համակարգի, միաժամանակ նպաստել է կինոյի զարգացմանը։ Ուսումնասիրում է կինոարվ-ի պատմությունը, գեղարվեստական առանձնահատկությունները, փոխառնչությունն այլ արվ-ների հետ, նրա տեղն ու բնույթն ընդհանուր մշակութային համատեքստում։

Կինոգիտութան բաղկացուցիչ մասերից է կինոքննադատությունը, որն զբաղվում է կինոյում ընթացիկ փոփոխությունների, զարգացումների, նաև առանձին ֆիլմերի վերլուծությամբ։ Մյուս բաժիններն են կինոարվ-ի տեսությունն ու պատմությունը և կինոմատենագիտությունը (ֆիլմոգրաֆիա)։

Հայ իրականության մեջ կինոյի մասին հոդվածներ ու գրախոսականներ տպագրվել են 1922-ից, սակայն գիտական ուսումնասիրությունները և ազգային կինոնյութի մասնագիտական քննությունն սկիզբ են առել 1950-ական թթ-ից։ Դրան նպաստել