Այս էջը հաստատված է

է ՀԽՍՀ ԳԱ Արվ-ի ինստ-ում (հիմն.՝ 1958) ստեղծված կինոյի մասնաճյուղը (1979-ից՝ կինոյի և հեռուստատեսության բաժին), որն իր շուրջն է համախմբել կինոյի հարցերով զբաղվող թատերագետների, գրականագետների ու երաժշտագետների՝ Գրիգոր Չախիրյան, Սաբիր Ռիգաև, Լևոն Հախվերդյան, Սուրեն Հասմիկյան, Կարեն Քալանթար, Վադիմ Մելիքսեթյան, Լևոն Ներսիսյան, հետագայում՝ Էմանվել Մանուկյան, Միքայել Ստամբոլցյան, Էվերտ Պայազատյան, Գարեգին Զաքոյան, Սվետլանա Գուլյան և ուրիշներ։ 1958-ին և 1960-ին մասնաճյուղը հրատարակել է կինոգիտական հոդվածների 2 ժողովածու՝ «Հայկական կինոարվեստը», որտեղ շոշափվում են հայ կինոյի պատմության և ընդհանուր տես. հարցեր։ Դանիել Դզնունու («Հայ կինոն 10 տարում», 1935, «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության», 1961, և այլն), Ս. Ռիզաևի («Հայկական գեղարվեստական կինոն», ռուս․, 1963, և այլն) և Գ. Չախիրյանի («Հայաստանի մեծ էկրանը», ռուս․, 1971, և այլն) աշխատությունները դարձել են հայ կինոյի պատմության գիտական ուսումնասիրության հիմքը։

1960-70-ական թթ-ին մամուլում հայ արդի կինոյի մասին ավելի հաճախ են տպագրվել հոդվածներ ու քննադատ․ բանավեճեր՝ պայմանավորված ազգային կինոարվ-ի զարգացման նոր և ինքնատիպ շրջափուլով։ Այդ և հետագա փուլերում կինոգիտության ոլորտը համալրվել է նոր մասնագետներով՝ Ռազմիկ Մադոյան, Գևորգ Հայրյան, Ռոբերտ Մաթոսյան, Տավրոս Դաշտենց, Դավիթ Մուրադյան, Սերգեյ Գալստյան, Անետա Երզնկյան, Սիրանույշ Գալստյան և ուրիշներ։ Հայ կինոյի պատմությանն ու տեսությանն են վերաբերում նաև Գարեգին Զաքոյանի («Հայկական համր կինոն», ռուս․, 1976, և այլն), Ս. Հասմիկյանի («Հայաստանի կինոն», ռուս․, 1981, և այլն), Է. Պայազատյանի («Կատակերգականի եզրերը», 1982), Է. Մանուկյանի («Ժամանակի վկան», 1982), Արտավազդ Փելեշյանի («Իմ կինոն», ռուս․, 1988) ուսումնասիրությունները։

Արվ-ի ինստ-ի մասնաճյուղը հրատարակել է «Կինոյի և հեռուստատեսության խնդիրները» (2 ժողովածու, ռուս․, 1980, 1984), կազմակերպել համաժողովներ և գիտաժողովներ։ Գրքեր են տպագրվել նաև հայկական կինոյի նշանավոր գործիչների մասին. Ս. Ռիզաևի «Հրաչյա Ներսիսյան» (ռուս․, 1968), Է. Պայազատյանի «Ներսես Հովհաննիսյան» (1985), Կ. Քալանթարի «Համո Բեկնազարյան» (1986), «Ակնարկներ Փարաջանովի մասին» (ռուս․, 1998), Ս. Գալստյանի «Ֆրունզե Դովլաթյան. կյանքը և ստեղծագործությունը» (2007) և այլն։

1994-ին ԵԹԿՊԻ-ում բացվել է կինոգիտության բաժին։ 1996-ին հիմնադրվել է Կինոգետների և կինոլրագրողների հայկական ընկերակցությունը՝ Մամուլի միջազգային ընկերակցության մասնաճյուղը, հրատարակել է «Հայկական կինո. 1924-1999» (2000) լիակատար կատալոգը։ Հայկական կինոյի պատմության ու տեսության կարևորագույն խնդիրներին են նվիրված Ս. Հասմիկյանի («Փրկության կղզին», 2003), Կ. Քալանթարի («Հայկական կինոյի պատմության ակնարկներ», 2007), Սիրանույշ Գալստյանի («Հայացք մեր կինոյին», 2011) և այլ հեղինակների ուսումնասիրություններ ու բազմաթիվ հոդվածներ։

Գրկ. Հայ կինոյի զարգացման ուղիները (ժողովածու), Ե., 1927։ Հայկական կինոարվեստը, հոդվածների ժողովածու (հ. 1-2), Ե., 1958-60։ Հայրյան Գ., Գրականություն և կինո, Ե., 1974։ Մանուկյան է., ժամանակի վկան (ժողովրդական), Ե., 1980։ Մադոյան Ռ., Տարիներ և ֆիլմեր, Ե., 1984։ Գալստյան Ս., Կախարդական գորգ (Հայկական անիմացիոն կինո), Ե., 2008։ Նույնի, Կանխատեսություն ըստ Սահակյանցի, Ե., 2011։ Ризаев С., Армянская художественная кинематография, Е., 1963; Чехирян Г., Изобразительный мир экрана, М., 1977; Закоян Г., Язык и кино, Е., 1989; Асмикян С., Тесный кадр, Е., 1992; Калантар К., Очерки о Параджанове, Е., 1998.

Դավիթ Մուրադյան