Այս էջը հաստատված է
ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Հայոց լեզուն (հայերենը) հայ ժողովրդի լեզուն է. հայտնի է իր պատմ., տարած․ ու գործառ․ դրսևորումներով՝ հին գրական հայերեն (գրաբար), միջին գրական հայերեն, նոր գրական հայերեն (աշխարհաբար)՝ արլ. և արմ. տարբերակներով, չորս տասնյակից ավելի բարբառները՝ իրենց բազմաթիվ ենթաբարբառներով ու խոսվածքներով։

Հայ-ը պատկանում է հնդեվրոպ. լեզվաընտանիքին, կազմելով ինքնուրույն ճյուղ՝ ընդգծված մերձավոր ցեղակցություն չունի որևէ լեզվի կամ լեզվաճյուղի հետ։ Համեմատաբար սերտ տարածքային առնչակցություններ են նկատվում հուն-ի, հնդ. և սլավոն․ լեզուների, ինչպես նաև փռյուգերենի, խեթա-լուվիական և իրան․ լեզուների հետ, ընդ որում՝ հնչյուն․ հատկանիշներով հայ-ը մոտենում է հուն-ին, փռյուգերենին և սլավոն․ լեզուներին, իսկ քերական․ զուգաբանություններով՝ հուն-ին, հնդ. և խեթա-լուվիական լեզուներին։

Լեզվի զարգացման արդի փուլում բարդ և յուրահատուկ կացության մեջ են հայ-ի բարբառները՝ պայմանավորված ինչպես լեզվի բարբառային խիստ մասնատվածությամբ, այնպես էլ բարբառախոսների պատմ. ճակատագրով։ Առաջին համաշխ. պատերազմի (1914-18) տարիներին Մեծ Եղեռնի (1915) և հայերի զանգվածային տեղահանությունների հետևանքով արևմտահայ բարբառների մեծամասնությունը զրկվել է իր տարած․ հիմքից՝ պահպանվելով միայն աշխարհում սփռված առանձին խմբերի խոսակց. լեզվում։ ՀՀ տարածքում, ինչպես նաև Սփյուռքում միևնույն վայրում ապրում են տարբեր բարբառներով խոսողներ, որի հետևանքով տեղի են ունենում բարբառների փոխներթափանցումներ։ Բացի այդ՝ սերնդափոխության, հայերեն գրական լեզվի, իսկ Սփյուռքում՝ նաև օտար լեզուների ազդեցությամբ բարբառները հետզհետե անհետանում են։ Որոշ բարբառներ (Կարինի, Ղարաբաղի, Սասունի, Արարատյան), ունենալով տարած․ հիմք և խոսողների համեմատաբար մեծ քանակ, ցուցաբերում են զգալի կայունություն և գոյատևելու կարողություն։ Քանի որ հայ-ի բարբառների մեծ մասն այժմ տեղաբաշխված չէ իր պատմ. տարածքում, դրանց անվանումները պայմանական են և արտացոլում են 1915-ից առաջ եղած իրավիճակը։ Ուստի հայ-ի բարբառների դասակարգումն առավելապես հետադարձ-վերականգնող. բնույթ ունի և ավելի շատ հենվում է լեզվ. և ոչ թե աշխարհագր. իրողությունների վրա։

Հայ-ի բարբառները բաժանվում են 2 մեծ՝ արմ. և արլ. ճյուղերի, որոնց մեջ առանձնացվում են բարբառախմբերը՝ իրենց բարբառներով ու խոսվածքներով։ Ընդհանուր առմամբ տարբերակվում է 11 բարբառախումբ (7-ը՝ արմ., 4-ը՝ արլ.), սրանց մեջ՝ 44 հիմն․ բարբառներ՝ իրենց ենթաբարբառներով։ Բազմաթիվ գաղթերի և բնակչության տեղաշարժերի հետևանքով դժվար է որոշել յուրաքանչյուր բարբառով խոսողների թիվը։ Ամենատարածված բարբառախմբերն են Արարատյանը (Երևան, Ջուղա, Բայազետ, Թիֆլիս և այլն)՝ արլ., և Փոքրասիականը (Կարին, Պոլիս, Մալաթիա, Կեսարիա և այլն)՝ արմ. ճյուղում։

Առանձին բարբառներով (Արարատյան, Թիֆլիսի, Նոր Ջուղայի, Ագուլիսի, Ղարաբաղի և այլն) XVII-XIX դդ-ում ստեղծվել է հարուստ չափածո և արձակ գրականություն, գրի է առնվել մեծաքանակ բանահյուս․ նյութ։ Այժմ բարբառային տարրերը ոճավորման նպատակով կիրառվում են գեղարվեստական գրակ-յան մեջ։

Հայոց լեզուն ՀՀ և ԼՂՀ պետական լեզուն է։

Հայախոս ստվար զանգվածներ կան Սփյուռքի հայկական գաղթավայրերում (ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկա, Ֆրանսիա, Լիբանան, Սիրիա, Իրան և այլն), ինչպես նաև ՌԴ-ում, Վրաստանում և ԱՊՀ-ի երկրներում։

Խոսողների ընդհանուր թիվը, ըստ տարբեր աղբյուրների, 7-10 մլն է։ ՀՀ բնակչությունը 3,3 մլն է, որի շուրջ 2 %-ն այլազգիներ են (2011)։ Սփյուռքի հայ համայնքների բնակչությունը, բացի նախկին ԽՍՀՄ-ի, Իրանի և Հնդկաստանի տարածքներից, ավանդաբար խոսել է արևմտահայ գրական լեզվով, մասամբ՝ արմ. ճյուղի բարբառներով։ 1990-ական թթ-ից պատկերն զգալիորեն փոխվել է։ Ակտիվ և տարընթաց ժողովրդագր. տեղաշարժերով պայմանավորված՝ Սփյուռքի այն վայրերում, որտեղ նախկինում գործածվել է միայն արևմտահայ-ը, մեծ չափով տարածվել է և արևելահայ-ը, որի հետևանքով նկատվում են այդ 2 տարբերակների որոշակի փոխներթափանցումներ։

Ի տարբերություն պետական լեզվի կարգավիճակ և գործառ. համապարփակություն ունեցող գրական արևելահայ-ի՝ գրական արևմտահայ-ի գործառությունը սահմանափակվում է միայն հայ համայնքների ազգային, հասարակական կյանքում՝ սփյուռքահայ մամուլում, գիտական, գեղարվեստական, ուսումնական գրակ-յան մեջ, կուս․ գործունեության ոլորտում, առօրյա ընտանեկան հարաբերություններում։ 2 տարբերակներով էլ ստեղծվել է հարուստ և բարձրարժեք գեղարվեստական գրականություն։

ՀՀ-ում խորհրդային տարիներին տարածված էր հայ-ռուսական երկլեզվությունը, որը ներկայումս սահմանափակվում է մասամբ ի հաշիվ այլ օտար լեզուների, հատկապես՝ անգլ-ի։ Սփյուռքահայերին բնորոշ է հայ-ի և բնակության երկրի պետական լեզվի իմացությունը։

Հայոց լեզուն ենթարկվել է նաև գործառ-հասարակական զգալի շերտավորման։ Հիմնականում առանձնացվում են գրական և խոսակց. տարբերակները։ Ուրույն տեղ է գրավում գեղարվեստական գրակ-յան լեզուն, որտեղ, ոճավորման նպատակով, բացի բուն գեղարվեստական ոճին հատուկ տարրերից, կիրառվում են նաև լեզվ. մյուս տարբերակների՝ բարբառների, խոսակց. լեզվի և այլ տարրեր։