Հայ-ի պատմությունը բաժանվում է նախագրային և գրային փուլերի։ Նախագրային փուլն ընդգրկել է հնդեվրոպ. մայր լեզվից հայ-ի անջատվելուց և որպես առանձին լեզու ձևավորվելուց (մ. թ. ա. III հազարամյակ) մինչև նրա գրավոր փուլը (V դ-ի սկիզբ՝ 405-ը), որը բաժանվում է 3 հիմն․ շրջանների՝ հին հայ-ի (V-XI դդ.), միջին հայ-ի (XII-XVI դդ.) և նոր հայ-ի կամ աշխարհաբարի (XVII դ-ից մինչև մեր օրերը)։
Հին հայերեն գրական լեզուն հայտնի է գրաբար անվանումով։ Աչքի է ընկնում կառուցվածքային միասնականությամբ, բարբառային կամ հասարակական բնույթի նվազագույն շեղումներով։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ գրաբարը զարգացել է նախապես մեկ կամ մի քանի մերձավոր բարբառների հիման վրա առաջացած ընդհանուր խոսակց. հիմքից։ Անշուշտ, գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել նաև բարբառներ, որոնք տարբերվել են հիմնականում հնչյուն․ և բառապաշարի առանձնահատկություններով՝ պահպանելով քերական․ կառուցվածքի ընդհանրությունը։ Գրական հայ-ն իր խոսակց. հիմքով չի նույնանում ո՛չ որևէ առանձին բարբառի, ո՛չ էլ որևէ հասարակական շերտի լեզվի հետ, այլ համաժողովրդական լեզվի գրական մշակված ձևն է։
Հին հայ-ի գրական տարբերակն ունեցել է ժամանակի համար գործառության ամենալայն շրջանակներ, կիրառվել է որպես պետական ու պաշտոն․ հաղորդակցման, կրոնապաշտամունքային արարողությունների, գիտության, կրթության ու լուսավորության և, որ ամենակարևորն է, գրակ-յան լեզու, վերջինս ունեցել է բազմազան դրսևորումներ՝ գեղարվեստական արձակ և չափածո ստեղծագործություններ, պատմագրություն, գիտություն և դավանաբանություն, վիմագրություն և այլն, որոնց ամբողջությունն էլ կազմել է հայ հին ինքնուրույն և թարգման․ գրակ-ը։
Կառուցվածքային տեսակետից գրաբարն աչքի է ընկնում քերական․ կարգերի հարստությամբ, քերական. իմաստների առատությամբ և դրանց արտահայտման միջոցների բազմազանությամբ, թեքական ու համադրական կառույցների գերակշռությամբ։
Գրաբարի հնչույթային համակարգը հարուստ է ձայնավորներով (այդ թվում՝ երկբարբառներով և եռաբարբառներով)։ Բաղաձայն․ համակարգը հիմնականում համընկնում է ժամանակակից գրական արևելահայ-ի համակարգին, բացակայում է միայն ֆ շփականը, իսկ ղ-ն ու ւ(վ)-ն ունեն ձայնորդի արժեք։ Շեշտը հիմնականում վերջնավանկային է, շեշտափոխության հետևանքով կարող են տեղի ունենալ ձայնավորների, երկբարբառների և եռաբարբառների հնչյունափոխություններ։
Գրաբարի բառապաշարի հիմքը հնդեվրոպ. բառաշերտն է, կան նաև զգալի թվով փոխառություններ իրան., փոքրասիական, կովկասյան, սեմ. (հիմնականում՝ ասոր-ից), հուն-ից և այլ լեզուներից։
Գրաբարի բառակազմությունն օժտված է մեծ հնարավորություններով՝ հատկապես բառաբարդման և ածանցման ժամանակ։ Նախածանցների համակարգը զարգացրել ու համալրել են հունաբան դպրոցի ներկայացուցիչները։
Քերական․ կառուցվածքը հիմնականում թեքական է. կան կցականության և վերլուծականության տարրեր։ Թեքվող խոսքի մասերն են գոյականը, ածականը, թվականը, դերանունը, ինչպես նաև դերբայները (հոլովում) և բայը (խոնարհում)։ Հոլովման համակարգում տարբերվում են անվան․ և դերանվան. հոլովումներ։ Դերանվան. հոլովման մեջ մեծ դեր ունեն տարահիմքությունը և տարարմատությունը։ Անվան․ հոլովման մեջ տարբերվում են ներքին և արտաքին թեքումներ (հոլովում)։ Արտաքին թեքման դեպքում հիմքին կցվում են վերջավորություններ։ Ներքին թեքման դեպքում տեղի է ունենում հիմքի ձայնավորների հերթագայություն, որն ունի ձևաբան․ արժեք։
Գրաբարն ունի 6 հոլով՝ ուղղ., սեռ., տր., հայց., բաց., գործ.։ Ոմանք ինքնուրույն հոլով են համարում նաև ներգոյականը։ Հոլովների կազմավորման մեջ կարևոր է նախդիրների դերը։
Բայական համակարգում, ըստ լծորդ ձայնավորների, առանձնացվում են ա, ե, ի, ու խոնարհման տիպերը։ Բային հատուկ են դեմքի, թվի, սեռի, եղանակի, ժամանակի քերական․ կարգերը։ Եղանակները 3-ն են՝ սահման․ (ներկա, անցյալ անկատար, անցյալ կատարյալ և ապառնի ժամանակաձևերով), ստորադաս․ (ապառնի ժամանակաձևով) և հրամայական (ներկա և ապառնի ժամանակաձևերով)։ Բոլոր հարացուցային ձևերը կազմվում են կա՛մ ներկայի, կա՛մ անցյալ կատարյալի հիմքից։ Զգալի թիվ են կազմում անկանոն, տարարմատ և տարահիմք խոնարհման բայերը։
Շարահյուսական կառուցվածքին բնորոշ են նախադասության անդամների ազատ շարադասությունը, ենթակայի և ստորոգյալի, որոշչի և որոշյալի համաձայնությունը, որոշչի և հատկացուցչի թե՛ նախադաս, թե՛ հետադաս կիրառությունը, ենթակայի արտահայտության բազմազանությունը (ուղղ., սեռ., տր. հոլովներով), բայ հանգույցի զեղչման հնարավորությունը, շարահյուսական հարաբերությունների արտահայտման մեջ նախդիրների գործուն դերը, համադաս․ և ստորադաս․ շաղկապների զարգացած համակարգը, պարզ և բարդ նախադասությունների կառուցվածքային կաղապարների հարստությունը, դերբայական կառույցների առատությունը։
Հին հայ-ի պատմ. զարգացման մեջ առանձնացվում է 3 ենթաշրջան՝ 1. վաղ հին հայ-ի կամ դաս. գրաբարի (V դ.), 2. հետդաս. գրաբարի (VI-VII դդ.), 3. նախամիջին հայ-ի (VII-XI դդ.)։