Այս էջը հաստատված է

կենտրոնացման հետևանքով։ Սկսել է զարգանալ ընդհանուր խոսակց. լեզու, որը շուտով ձեռք է բերել նաև գրական լեզվի գործառույթ։

Նոր գրական հայ-ը քերական․ առանձնահատկությունների տեսակետից հենվել է ժամանակի խոսակց. լեզվի վրա։ Միջին հայ-ի համեմատությամբ այն ձգտել է քերական․ ձևերի միասնականացման, բազմաձևության վերացման, իսկ գրաբարի համեմատությամբ՝ անկանոն և զարտուղի ձևերի նվազեցման։ Ձևաբանության մեջ զարգացումն ընթացել է անվան․ և դերանվան. հոլովման, բայերի խոնարհման մեջ գրաբարյան ձևերի արտամղման, կցական և վերլուծ. կառույցների հետագա տարածման ուղղությամբ։ Հնչյուն․ և բառապաշարային տեսակետից վերականգնվել և կիրառվել են գրաբարյան մի շարք օրինաչափություններ, հատկապես պահպանվել են երկբարբառները՝ երկհնչյունների տեսքով, վերականգնվել են բարբառներում բառամիջի սղված ձայնավորները, պահպանվել է գրաբարի վերջնավանկային շեշտը և այլն։ Կենդանի և գործուն են մնացել գրաբարի բառակազմ․ կաղապարները, որոնցով ստեղծվել են նոր բառեր կամ փոխառվել են գրաբարից։ Աստիճանաբար արտամղվել են օտարաբանությունները։

Նոր հայ-ի զարգացման պատմությունը բաժանվում է 3 ենթաշրջանի՝ 1. վաղ աշխարհաբարի (XVII-XIX դդ-ի կեսերը), 2. երկճյուղ աշխարհաբարի (XIX դ-ի կեսերից մինչև 1920-ը), 3. ժամանակակից հայ-ի (1920-ից մինչև մեր օրերը)։

Վաղ աշխարհաբարով պահպանվել են ձեռագիր և տպագիր հուշարձաններ՝ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, օրագրություններ, կրոն., գրական, գեղարվեստական երկեր (հատկապես՝ քնարերգություն)։

Սկզբնապես գրական աշխարհաբարը դրսևորվել է տեղային տարբերակներով՝ կրելով այս կամ այն բարբառի (Թիֆլիսի, Երևանի, Նոր Ջուղայի) կնիքը, այնուհետև, մինչև XVIII դ., զարգացել է համեմատաբար միասնական հունով՝ արտամղելով նեղ բարբառային ձևերը, ապա սկսել են առանձնանալ գրական աշխարհաբարի արլ. և արմ. տարբերակները՝ պայմանավորված պետականության բացակայությամբ, երկրի տարածքային մասնատմամբ՝ Թուրքիայի ու Պարսկաստանի, ապա՝ նաև Ռուսաստանի միջև, արլ. և արմ. գաղթավայրերի ոչ բավարար կապով և այլն։

Նոր գրական հայ-ի արմ. տարբերակի հիմքը Պոլսի, իսկ արլ. տարբերակինը՝ Երևանի կամ Արարատյան բարբառն է։

Երկճյուղ աշխարհաբարի ենթաշրջանում սկսվել է գրական լեզվի գիտակցված մշակման ու նորմավորման գործընթացը, ի հայտ են եկել լեզվաշինության և լեզվ. քաղաքականության որոշակի միտումներ, այսպես կոչված գրապայքարը, որով հաստատվել է աշխարհաբարի՝ գրական լեզվի կարգավիճակը, և որոշվել են հետագա զարգացման ուղիները։ Առաջացել է գրավոր գրական և բանավոր խոսակց. տարբերակներն առավելագույն չափով մերձեցնելու անհրաժեշտություն։ Ժամանակակից աշխարհաբարի ենթաշրջանում արլ. տարբերակը դարձել է ՀՀ պետական լեզուն՝ գործառ. համապարփակությամբ և զարգացման լայն հնարավորություններով, իսկ արմ. տարբերակը՝ սփյուռքահայության հաղորդակցման հիմն․ լեզուն։

Ժամանակակից հայերենի կառուցվածքը

Հնչյունաբանություն։ Ժամանակակից գրական արևելահայ-ը ժառանգել է գրաբարյան հնչույթային համակարգը՝ որոշ փոփոխություններով, գրական հայ-ի 2 տարբերակներում էլ վերացել են գրաբարյան երկբարբառներն ու եռաբարբառները, պահպանվել են պարզ ձայնավորները (ա, ե, ը, ի, ո, ու)։ Արևելահայ-ի բաղաձայն․ համակարգը գրեթե ամբողջապես գրաբարյան է. պահպանվել է պայթականների ու հպաշփականների եռաշարք հակադրությունը՝ ձայնեղներ, խուլեր և շնչեղ խուլեր։ Արևմտահայ-ում առաջացել է հիշյալ բաղաձայնների երկշարք հակադրություն, նախկին ձայնեղները վերածվել են շնչեղ խուլերի, իսկ խուլերը ձայնեղացել են։

Արևմտահայ-ում պակասում են պարզ խուլերի շարքը (պայթական պ, տ, կ և հպաշփական ծ, ճ) և ռ ձայնորդը, որն արտասանությամբ նույնացել է ր-ի հետ։ Այսպիսով՝ արևմտահայ-ում առկա է 24 բաղաձայն հնչույթ՝ արևելահայ-ի 30-ի դիմաց։

Գրական 2 տարբերակներում էլ շեշտը քանակական-ուժային է. շեշտվող վանկն ունի ավելի ուժգին և երկար արտասանություն։ Ձևաբան․ տեսակետից շեշտը վերջնավանկային է, այսինքն՝ բառի աճման դեպքում դարձյալ տեղափոխվում է վերջին վանկ։ Շեշտ չունեն բառավերջի գաղտնավանկը (ա՛ստըղ), ը հոդը (տո՛ւնը), օժանդակ բայը (գնո՛ւմ եմ), որոշ շաղկապներ (ես ու դու, վաղ թե ուշ)։ Մի շարք բառերում շեշտն ընկնում է վերջնավանկից առաջ (հինգերորդ և նրանից բարձր դաս. թվականներում շեշտվում է -երորդ ածանցին նախորդող վանկը, որոշ եղանակավորող բառերում՝ առաջին կամ երկրորդ վանկը՝ մա՛նավանդ, մի՛թե, իհա՛րկե ևն) ։

Վանկի կառուցվածքը 2 տարբերակներում էլ նույնն է։ Վանկարար տարրը կարող է լինել պարզ ձայնավոր կամ ուղեկցվել յ ձայնորդով՝ հյուր, հայր, կյանք։

Բառագիտություն։ Ժամանակակից գրական հայ-ի 2 տարբերակներն էլ օժտված են հարուստ բառապաշարով, նյութ․ աշխարհի իրերն անվանելու, վերացական բարդ հասկացություններն արտահայտելու կարողությամբ, ոճականապես տարբերակված հոմանիշների առատությամբ, որը յուրաքանչյուր գործառ․ ոճում ընտրություն կատարելու հնարավորություն է տալիս։ Ըստ կիրառության ոլորտների՝ առանձնացվում