ժամանակաշրջանում ժողովրդի սոցիալ-պատմ. կյանքի հետ։
Իրապատում հեքիաթները ձևավորվել են ավատատիր. հարաբերություների իրական պատմ. հենքի վրա և արտացոլում են տվյալ դարաշրջանին բնորոշ տնտեսական, սոցիալական, իրավ․ ու տնտ-կենցաղային կյանքի տարբեր կողմերն ու երևույթները։ Իրապատում հեքիաթներում նույնպես դրսևորվում են հրաշապատում մոտիվներ ու միջադեպեր, որոնք, սակայն, էապես չեն ազդում ընթացքի վրա։
Հայկական հեքիաթների մեծագույն մասը, ունենալով այլ ժողովուրդների հեքիաթների զուգահեռներն ու տարբերակները, միաժամանակ հատկանշվում է տեղային՝ ազգային երանգով ու յուրահատկությունով։
5. Առակներն ու զվարճապատում զրույցները հայ բանավոր արձակի հնագույն տեսակներից են. դրանք կենդանիների, մասամբ նաև բույսերի մասին իրապատում զրույցներ են. XII դ-ում գրառել ու մշակել են Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Դրանց մեջ ուղղակի կամ խրատ․ այլաբանությամբ արտացոլվել են միջնադարյան Հայաստանի սոցիալ-կենցաղային կյանքը, բարքերը։ Այդ առակների շատ նմուշներ, նույնությամբ կամ վերափոխված, ինչպես նաև բազմաթիվ նոր առակներ ու կենցաղային զրույցներ գրառվել են XIX դ-ի 2-րդ կեսից։
Սոցիալ-կենցաղային զրույցներից են նաև անեկդոտներն ու երգիծական զվարճապատումները։ Դրանք, հաճախ ունենալով իրական հիմքեր, բանավոր ավանդվում են, մշակվում ու ընդհանրացվում, նորոգվում են ու փոխակերպվում՝ հարմարեցվելով կյանքի նոր պայմաններին, և ձեռք են բերում գեղարվեստական նոր արժեք։ Այսպիսի զրույցները խմբվում են որոշակի անձերի, միջազգային, ազգային կամ տեղական սրամիտ զվարճախոսների, որոշակի տեղավայրերի կամ ազգագր. շրջանների անունների շուրջը։ Հայ բանավոր ավանդության մեջ հայտնի են Մոլլա Նասրեդդինի (հարևան մահմեդ. ժողովուրդներից փոխառված), Պոլոզ Մուկուչի, Պըլը Պուղու, Վարդանիկի, ինչպես նաև գյումրեցիների, քյավառցիների, վանեցիների և այլոց անեկդոտների շարքերը՝ տեղական բարբառով ու արտահայտչամիջոցներով։
6. Վիպական երգերը վիպ. բանահյուսության չափածո երգային ստեղծագործություններ են՝ հորինված առասպել., կրոն․ և պատմ. անձանց ու իրադարձությունների շուրջ։ Հնագույնը առասպելաբան. վիպերգերն են, որոնք նվիրված են աստվածներին, դյուցազունների ծննդին, արարքներին, գործերին, հիմնված են հավատալիքների ու պատկերացումների վրա («Վահագնի երգը»)։
Համեմատաբար ուշ շրջանի արդյունք են կրոն․ վիպերգերը («Նարեկացի», «Կարոս խաչ»)։ Ամենատարածվածը պատմ. վիպերգերն են. ամենավաղը «Լևոնի երգը» պատմ. վիպերգն է, որը հորինվել է XIII դ-ում՝ Կիլիկիայի Հեթում Ա թագավորի որդու գերման կապակցությամբ, «Մոկաց Միրզան»՝ նվիրված Մոկաց Միրզայի եղեր․ մահվանը։ Պահպանվել են XIX-XX դդ-ի ռուս-պարսկ. և ռուս-թուրք. պատերազմների հայազգի հերոսների (Ռոստոմ բեկ, Լոռիս-Մելիքով, Տեր-Ղուկասով) և հայ ազգ-ազատագր. պայքարի հերոս ֆիդայիների (Աղբյուր Սերոբ, Գևորգ Չավուշ, Անդրանիկ և այլն) մասին վիպերգերը։ Կան նաև բազմաթիվ տեղային պատմակենցաղային վիպերգեր («Գուլաբեցի Արշակի երգը»)։