պատմութիւնը», Խիկար Իմաստունի «Պատմութիւնք եւ խրատք»-ը, վարքեր և վկայաբանություններ։ Որոշ հայերեն թարգմանությունների, մասնավորապես փիլ. և քերական․ աշխատություններին կցվել են սեփական մեկնություններ։ Հայերեն որոշ հնագույն թարգմանություններ բնագրի արժեք և համաշխ. նշանակություն ունեն, որովհետև նրանց բնագրերը չեն պահպանվել կամ պահպանվել են մասամբ, դրանցից են Հերմես Եռամեծի «Սահմանք», Զենոնի «Յաղագս բնութեան», Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն», Փիլոն Եբրայեցու «Յաղագս նախախնամութեան», «Վասն լինելութեան», «Լուծմունք Ելիցն», «Առանց պատրաստութեան ի Սամփսովն», «Յաղագս բան ունել եւ անասուն կենդանեացդ», Արիստիդեսի «Ջատագովութիւն», Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն», Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեանց» երկերը, Իրինեոսի և Հովհան Ոսկեբերանի ճառերն ու աստվածաբան. գրվածքները, Արիստոտելի «Յաղագս մեկնութեան» և «Ստորոգութիւնք» երկերի մեկնությունները՝ վերագրված նորպլատոնականության ներկայացուցիչ Յամբլիքոսին։
Հնագույն հայերեն թարգմանություններն աչքի են ընկնում բնագրին բացառիկ հարազատությամբ ու ճշգրտությամբ։ Դրանք ընդլայնել են զարգացման ավելի բարձր ասիճանի հասած ժողովուրդների հոգևոր արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունները, նպաստել թարգման․ արվ-ի, գիտական մտքի ու գեղագիտական ճաշակի զարգացմանը, նոր տերմինների ստեղծմանը, ազգային գրական լեզվի հարստացմանը։
Հին գրակ-յան սկզբնավորման մեջ կարևոր դեր են կատարել նաև հայկական ավանդույթները։ Որոշ փաստեր հնարավորություն են տալիս խոսելու հեթանոս․ շրջանի գրակ-յան մասին՝ անկախ այն բանից, թե ինչ գրերով կամ լեզվով է գրվել։ Ըստ հնագույն տվյալների՝ Մեթրոդորոսը գրել է Տիգրանի մասին պատմություն (այն մեզ չի հասել)։ Պլուտարքոսը վկայում է, որ Հայոց Արտավազդ թագավորը (մ. թ. ա. 55-34) հուն․ գրել է ողբերգություններ, ճառեր ու պատմ. գործեր։ Մովսես Խորենացին հաղորդում է հեթանոս․ տաճարներում պահվող «Մեհենական պատմությունների» մասին (հեղինակներից հիշատակվում է Ողյումպ քրմի անունը), որն ասորի Բարդածան Եդեսացին (II-III դդ.) թարգմանել է ասոր-ի և հուն-ի. դրանից էլ օգտվել է Խորենացին «Պատմութիւն Հայոց»-ը գրելիս։ Ուսումնասիրողները հեթանոս․ շրջանի գրականություն են համարել նաև Մար Աբաս Կատինայի մատյանը, որը Խորենացու գլխավոր սկզբնաղբյուրներից է։
Ազգային գրական ավանդույթների ձևավորման մեջ նշանակալի են III-IV դդ-ի հուն․ և ասոր. գրակ-ները, որոնք գրվել են հատկապես հայ ընթերցողի կամ ունկնդրի համար (օր.՝ Գրիգոր Լուսավորչի «հաճախագույն», «դժվարապատում» ճառերը, որոնց մասին նշում է Ագաթանգեղոսը)։
Հայոց հին գրակ-յան սկզբնավորման և ձևավորման մեջ կարևոր դեր է ունեցել հայերեն ժողովրդական բանահյուսությունը, որը եղել է առաջին դաս. հեղինակների հիմն․ աղբյուրներից։ Գրակ-յան լեզուն հին հայերենն է՝ գրաբարը, որի ճոխության ու մշակվածության մասին են վկայում ազգային առաջին մատենագիրների երկերն ու առաջին թարգմանությունները, որոնցից Աստվածաշնչինը համարվել է «թարգմանությունների թագուհի»։
Բազմաժանր է V դ-ի հայ մատենագրությունը՝ աստվածաբանություն, վարք, վկայաբանություն, հոգևոր երգ, ճառ, քարոզ, ջատագովություն, հայրաբանություն, մեկնություն, պատմագրություն և այլն։ Վարքերի և վկայաբանությունների սկզբն. շրջանում թարգմանվել են ասոր. և հուն․ բնագրերը, մի մասը տեղայնացվել է։ Հետագայում հայ հեղինակներն այս ժանրերով ստեղծել են ինքնուրույն երկեր, որոնք էլ դաձել են օտար տիրապետության և նրա կրոն․ հալածանքների դեմ ուղղված զորեղ ապացույցներ։ Այս ժանրերի (հատկապես՝ վկայաբանությունների) ստեղծագործությունների զգալի մասը դրամատիկ․ բախումներով հարուստ, հավատին ու հայրենիքին նվիրված նահատակների վառ կերպարներով, պատկերավոր լեզվով ու գունեղ նկարագրություններով պատումներ են։ Վաղ շրջանի լավագույն գործերից է Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Շուշանիկի հերոս․ կյանքի ու նահատակության պատմությանը նվիրված վկայաբանությունը (V դ.). գոյություն ունի այդ երկի նաև վրաց. խմբագրությունը։ V դ-ի