X-XII դարերի գրակ-ը՝ որպես ինքնուրույն շրջափուլ և նոր որակ, Հայաստանի քաղաքական, տնտեսական ու հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների արտահայտությունն է։ Գրակ-ը, շարունակելով անցյալի ավանդույթները, սկսել է ավելի մոտենալ կյանքին։ Հումանիզմի, հայրենասիրության և մարդկային այլ բարձր գաղափարների տեսակետներից անդրադարձել է բնության, մարդու ներքին և արտաքին գեղեցկության, ուժի և առաքինության փառաբանմանը։
Պատմ. արձակը, որը V-IX դդ-ի գրակ-յան մեջ գլխավոր ժանրն էր, X-XII դդ-ում սկսել է առաջնությունը զիջել չափածո խոսքի տեսակներին։ X դ-ի 1-ին կեսի գրակ-յան մեծարժեք կոթողներից է Թովմա Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» մատյանը, որտեղ պատմիչն արժևորել է ժողովրդի ուժն ու ազատասիր. ոգին։
X դ-ի 20-ական թթ-ին Հովհաննես Դրասխանակերտցին գրել է «Պատմութիւն Հայոց»-ը. նա նույնպես մատյանն սկսել է հնագույն ժամանակներից և հասցրել մինչև իր օրերը։ Գիրքը գրված է գեղեցիկ ոճով, ճարտասան. և գեղարվեստական բազմաթիվ հնարանքներով, դեպքերի ընթացքը հաճախ ընդմիջվում է ողբերով։
Անանուն Արծրունու «Պատմութիւնը» հիմնականում նվիրված է Գագիկ Արծրունու թագավորության վերջին շրջանի դեպքերին։ Մատյանը՝ Գրիգոր-Դերենիկի սպանության և այդ կապակցությամբ նրա կնոջ կազմակերպած սգահանդեսի նկարագրությամբ ու միջավայրի գունեղ, առարկայական վերարտադրությամբ, գեղարվեստական արձակի իսկական նմուշ է։
X դ-ի 2-րդ կեսից պատմության մեջ սկսվել է գիտական և գեղարվեստական արձակների սահմանազատումը։ Պատմության գեղարվեստական կողմի անկման բնորոշ արտահայտություն է Ուխտանեսի «Պատմութիւնը», որը վաղ շրջանի պատմիչներից քաղված հայտնի տվյալների և VII դ-ի սկզբի հայ-վրաց. եկեղեց. հարաբերությունների առիթով ստեղծված վավերագրերի ամփոփում է և զուրկ է գեղարվեստական արժեքից։ Այս միտումը մասամբ առկա է նաև Ստեփանոս Տարոնեցու «Պատմութիւն տիեզերական» երկում։ Մատյանը շարադրված է ժամանակագրությանը հատուկ սեղմ ոճով, փաստերի և գործող անձանց զուսպ թվարկումով։
Պատմագրության գիտագեղարվեստական միասնությունը վերստին ի հայտ է եկել Արիստակես Լաստիվերցու «Պատմութիւն» մատյանում, որտեղ իրադարձությունների մեծ մասի ժամանակակից պատմիչը նկարագրել է XI դ-ի Հայաստանի իրադրությունը՝ բյուզ. նվաճումները և սելջուկ թուրքերի արշավանքները։ Երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի մեծագույն գործերից է։
Դաս. պատմագրությունից արմատապես տարբերվում է Անանուն Զրուցագրի «Պատմութիւնը». այն պատմ. զրույցների ժողովրդական է, ստեղծվել է արաբ. տիրապետության ու Բագրատունյան թագավորության շրջաններում ձևավորված բանահյուս. պատումների հիման վրա։
XI-XII դդ. առատ են ժամանակագրություններով. հայտնի են Հակոբ Սանահնեցու, Հովհաննես Սարկավագի, Մատթեոս Ուռհայեցու, Գրիգոր Երեցի, Սամվել Անեցու և ուր. երկերը։ Առավել ուշագրավը Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրութիւն» երկն է, որտեղ պատկերված են Բագրատունիների թագավորության կործանումը, սելջուկ թուրքերի արշավանքներն ու նվաճումները։
Այս շրջանում աննախադեպ վերելք է ապրել չափածո գրակ-ը։ Երբեմն չափածո են ստեղծվել ներբողը, խրատը, վկայաբանությունը, քարոզը, թուղթը, հիշատակարանը ևն։ Ձևավորվել են տարատեսակներով հարուստ ծավալուն քերթվածը, որը պոեմի նախօրինակն է հայ միջնադարյան գրակ-յան մեջ, իմաստասիր. բանքը, հայրենը, կաֆան, հանելուկը։ Բանաստեղծության վերելքը պայմանավորված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործությամբ։ Նրա ներբողները նախապատրաստել են չափածո ներբողի երևան գալը։ Ռիթմական արձակի նմուշներ են նրա քարոզները, որոնք անվանվել են գանձեր։ Նարեկացին հայ քնարերգության մեջ արմատավորել է իրական կյանքի, ապրած ընկալումների գեղագիտական սկզբունքները, սկզբնավորել է սիրո և բնության թեմաները։ Նրա տաղերը մտահղացմամբ կրոնական են, արտացոլված նյութով՝ աշխարհիկ։ Սբ Կույսին, Հիսուս Քրիստոսի ծնունդն ու հարությունը գովերգելով՝ հեղինակը իրականորեն փառաբանել է կնոջ մարմնական բարեմասնությունները, տղամարդու