Այս էջը հաստատված է

որոնցից մեզ են հասել 5 տասնյակ տաղեր՝ ողբ, խրատ, գանգատ։ Ֆրիկի քնար. հերոսը ժողովրդասեր, անարդարությունների հետ չհաշտվող, ազգային ու հասարակական խնդիրներով այրվող անհատն է, որն արտահայտում է ընչազուրկ խավերի շահերը։ Հայ քաղաքաց. քնարերգության ցայտուն նմուշներ են Ֆրիկի «Գանգատ», «Ընդդէմ Ֆալաքին...», «Վասն Դալեհի եւ Բրջի», «Վասն Արղուն-Ղանին եւ Բուղային» բանքերը, որոնցով ազգային բանաստեղծության մեջ սկզբնավորվել է սոցիալական թեման։ Օգտագործելով հակադրության և հարակրկնության հնարանքները՝ Ֆրիկը պատկերել է կյանքի, ազգերի քաղաքական և իրավ. անհավասարությունները, ըմբոստացել սոցիալական կեղեքման, օտար նվաճողների դեմ։ Ֆրիկը գրել է նաև կրոնաբարոյախոս. և խոհ. տաղեր («Գեղեցիկ պատկերք ու հեր», «Մինչ ածէ զմահն ու մոտ է եւ անողորմ գըրօղն գայ», «Ի՛մ սիրտ, վատին մի՛ լսեր...», «Պատգամն, որ երետ Աստուած...» ևն), որտեղ փառաբանել է աստվածային արարչագործությունը, խոսել հոգու և մարմնի հակամարտության, այսաշխարհային և հանդերձյալ կյանքի մասին ևն։

Միջնադարի մարդու հոգու տվայտանքները լավագույնս արտահայտել է XIII դ-ի վերջի -XIV դ-ի սկզբի բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին։ «Վասն աւերման տանս արեւելեան» պատմաքաղաքական ողբում, ինչպես նաև մյուս տաղերում անդրադարձել է ժամանակի հրատապ խնդիրներին։ Նրա ողբերն ու խրատները հեղինակի կրոն. պատկերացումների, կյանքի վաղանցիկության ու մահվան նկատմամբ վախի, հայրենասիր. ու մարդկային վեհ ձգտումների մասին են։ Կեչառեցին խմբագրել է Կեղծ Կալիսթենեսի «Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացւոյ» միջնադարյան արձակ երկը, որի առանձին դրվագների համար գրել է հարյուրից ավելի կաֆաներ։

Նույն ժամանակաշրջանում է ստեղծագործել Կոստանդին Երզնկացին, որի տաղերով հայ գրակ-յան մեջ սկզբնավորվել է սիրային քնարերգությունը։ Վարդի և սոխակի այլաբան. մշակումները, անկախ դրանց հիմքում դրված կրոն. պատկերացումներից, տոգորված են սիրո հաղթանակի, ուրախության ու վայելքի գաղափարներով։ Հայ գրակ-յան մեջ Երզնկացին է առաջին անգամ ստեղծագործության նյութ դարձրել կնոջ ոչ միայն արտաքին գեղեցկությունը, այլև ներաշխարհը։ Բանաստեղծը, որի երգերում կարևոր տեղ է գրավում գարնան նկարագրությունը, կրոն. առանձին այլաբանություններով նույնպես անդրադարձել է բնությանը («Մեծ գոհութիւն հարիւր հազար», «Այսօր եղեւ պայծառ գարուն», «Գարունն լինի ուրախութիւն»)։

Բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցին (XIV դ-ի 2-րդ կես-XV դ-ի 1-ին կես) բնության և սիրո տաղերում, ի տարբերություն նախորդ բանաստեղծների (Գրիգոր Նարեկացի, Կոստանդին Երզնկացի), առանց այլաբանության է փառաբանել սերն ու բնությունը («Տաղ գարնան»)։ Բնության գովքը, որ երբեմն ներհյուսված է սիրո երգին, կրել է աշխարհիկ բնույթ։ Հայ միջնադարյան տաղերգության մեջ բացառիկ արժեքավոր են Թլկուրանցու վիպ. տաղերը։ Նա առաջին հայ տաղերգուն է, որ մշակել է ժողովրդական բանահյուսությունից վերցրած թեմաներ, այդպիսիք են կիլիկյան հայ զորավար Լիպարիտի, Գրիգոր Նարեկացու և Ալեքսիանոսի վերաբերյալ ժողովրդական զրույցներն ու ավանդությունների մշակումները։

Հայ միջնադարյան քնարերգության պսակը հայրեններն են (500), որոնք նոր ժամանակներում վերագրվել են Նահապետ Քուչակին, մեծ մասը պահպանվել է իբրև անանուն հեղինակների գործեր։ Հայրենները, որոնք ստեղծվել են XIII-XVI դդ-ում, հիմնականում սիրո, ուրախության, խրատ, գողտրիկ քառյակներ են. հորինվել են միջին հայ-ով, նախապես փոխանցվել են բանավոր, ապա մոռացվել են ստեղծողների անունները, մտել են ձեռագիր ժող-ների մեջ։ Հայրեններում պատկերվել են աշխարհիկ սիրո բերկրանքն ու տառապանքը, մերժվել է «ծախու սերը», փառաբանվել են վայելքի, անմնացորդ նվիրումի, սիրած էակին երջանկություն պարգևելու ձգտումները։

XIV դ-ի վերջին և XV դ-ի սկզբին է ապրել Առաքել Սյունեցին, որը, հեղինակելով քերական., փիլ. և դավանաբան. արձակ գործեր, թողել է նաև չափածո հարուստ ժառանգություն։ Պաշտպանելով քրիստ. բարեպաշտության ոգով մարդու վերադաստիարակման և այդ կերպ երջանկության հասնելու գաղափարը՝ նա կրոն. հենքի վրա արտացոլել է իրականությունը: