Այս էջը հաստատված է

Գովասանական ու խրատ. տաղերով Սյունեցին համարվել է ակրոստիքոսի չգերազանցված վարպետ։ Նրա լավագույն գործը «Ադամգիրք»-ն է՝ կազմված 3 պոեմից, գիրքը կորուսյալ դրախտի մասին արլ. տարբերակներից է։ Մշակելով Ադամի ու Եվայի դրախտից արտաքսվելու թեման՝ հեղինակն արծարծել է մարդկության կորցրած երջանկության խնդիրը, որը համահունչ էր հայ ժողովրդի քաղաքական կացությանը։ Սյունեցին «Դրախտագիրք» քնար. պոեմում պատկերել է անդրշիրիմյան աշխարհը, որը հիշեցնում է Դանտեի երկի կառուցվածքը։

XV-XVI դդ-ի չափածոյի հարուստ և ուշագրավ մասն են կազմել պատմ. ողբերը, որոնք ստեղծվել են քաղաքական մեծ իրադարձությունների առիթով և ճանաչող. ու գրական արժեք ունեն։ Նշանակալի են Գրիգոր Խլաթեցու «Յիշատակարան աղէտից» (1422), Աբրահամ Անկյուրացու «Ողբ ի վերայ առման Կոստանդինուպօլսոյ» (1453), Առաքել Բաղիշեցու «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլու» (1453), Ներսեսի «Ողբ մայրաքաղաքին Կաֆայու» (1475), Կարապետ Բաղիշեցու «Ողբ ի վերայ արշաւանաց Շահ-Իսմայէլի» (1513), Թադեոս Սեբաստացու «Ողբ ի վերայ մանկանց, որ գերի տարան ի քաղաքն Ստամպօլ» (1531), Մինաս Թոխաթցու «Ողբ ի վերայ Օլախաց երկրի հայերուն» (1551-52), անհայտ ողբագիրների «Տաղ վասն շարժման Կարմիր գլխոյն» (1552), «Տաղ վասն Յակոբ վարդապետին եւ ընկերաց նորին» (1552), Հովհաննես Մշեցու «Տաղ վասն Հայոց երկրի» (1553), Սիմեոն Ապարանեցու «Ի վերայ առման Թաւրիզոյ...» (1585) գործերը։ Այս ստեղծագործություններն իհարկե չունեն գեղարվեստական ու գաղափարական միևնույն արժանիքները, բայց, ճշմարտացիորեն արտացոլելով պատմ. անցքերը, միաժամանակ բացահայտել են հեղինակների ներաշխարհը, հայրենասիր. ու անձն. ապրումները, ժողովրդի ճակատագրին ու ապագային վերաբերող խոհերը։

Առաքել Բաղիշեցին, «Ողբ...»-ից բացի, գրել է նաև արձակ ու չափածո այլ գործեր: Արժեքավոր է նրա «Տաղ Յովասափու» (1434) պոեմը, որը համաշխ. գրակ-յան մեջ հայտնի «Յովասափ եւ Բարաղամ» վեպի բանաստեղծ. ինքնատիպ մշակումն է։ Ուշագրավ են Գրիգոր Լուսավորչին և Ներսես Մեծին նվիրված պատմ. պոեմները, պանդխտության թեմաներով տաղերը, աշխարհիկ ու կրոն. բովանդակությամբ խրատները, գանձերը ևն։

Կատարելագործելով պանդխտության երգը՝ Մկրտիչ Նաղաշն այն հարստացրել է նոր գծերով ու շեշտել թեմայի հուզական բնույթը («Տաղ վասն ղարիպի ասա- ցեալ»)։ Նաղաշը գրել է խրատ. («Խրատական բաներս ագահութեան եւ անընչութեան...», «Խրատական բաներս ի Նաղաշ Մկրտիչ վարդապետէ ասացեալ»), բնության ու սիրո («Տաղ վասն բլբուլին եւ վարդին») տաղեր, անձնական-քնար. և դամբան. ողբեր («Արարիչն Արաբացոց», 1469)։

Գրիգորիս Աղթամարցու տաղերն աչքի են ընկել փոխաբերություններով, ճոխ գրելաոճով և բնութագրվել են քնար. հերոսի ներաշխարհի բացահայտմամբ։ Գրել է սիրո («Գովեմ զքեզ մարմնով հրեշտակ», «Դու ես յԱդինայ դրախտէն», «Արեգակնափայլ գեղով լի լուսին»), բնության, գարնան («Գարունն է բացուեր, վարդն ի պաղչանին», «Ամէն առաւօտ եւ լոյս») տաղեր, «Յամէն առաւօտ եւ լոյս» սկսվածքով քնար. ողբը։ Նորովի խմբագրելով Աղեքսանդրի և Պղնձե քաղաքի պատմությունները՝ Աղթամարցին դրանք համալրել է բազմաթիվ ինքնուրույն կաֆաներով։

Այդ աշխատանքով հետագայում զբաղվել է Զաքարիա Գնունեցին։ Նա իր այլաբան., կրոն. և աշխարհիկ տաղերով շարունակել է Աղթամարցու ավանդույթները։ Հովասափ Սեբաստացին շարունակել է սիրային քնարերգությունը՝ իբրև նորություն հավելելով կնոջ հոգեբանության պատկերումը։ Նա պատմ. ու գովասան. բանաստեղծություններում, խոհախրատ. կաֆաներում նկարագրել է ժամանակաշրջանի աղետները, անցուդարձերը, ցույց տվել կյանքի չարն ու բարին, վառ պահել ժողովրդի հայրենասիր. ազատատենչ ոգին։

Սիմեոն Ապարանցին, Թավրիզի անկման մասին ողբից բացի, գրել է «Շարադրութիւն հոմերական վիպասանութեամբ» (1590) վիպ., «Ողբանք ի վերայ թախտին Տրդատայ թագաւորին» (1593), «Պատմութիւն Ապարանից Սուրբ Նշանին» և «Ողբ ցաւագին... ի վերայ Մեծոփոյ ուխտին» քնար. պոեմները, որոնք տոգորված են հայրենասիր. տրամադրություններով։

XVI դ-ում են ստեղծագործել նաև Վրթանես Կաֆացին (Սռնկեցի), Սարկավագ Բերդակցին,