Այս էջը հաստատված է

խավերից էին. նրանց լեզուն միջին հայերենն էր (մասամբ՝ պարզ գրաբարը և բարբառները), իսկ թեման՝ սերը, բնությունը, խրախճանքը, անձն. ապրումները, սոցիալ. կյանքը։ Սերը կնոջ նկատմամբ զերծ էր այլաբանությունից, բացահայտ էր և անկաշկանդ, կնոջ գեղեցկությունն ըմբռնվել է որպես բնության ստեղծագործություն։ Մեղքի և ահեղ դատաստանի գաղափարներն այլևս նախկին ուժով չեն խանգարել սիրո զգացմունքի արտահայտմանը, տիրապետողն աշխարհիկ ոգին էր։

Նոր շեշտադրումներ են ստացել պանդուխտ տաղասացների հայրենաբաղձ երգերը։ Լայնորեն տարածվել են նաև երգիծ., խոհախրատ., սոցալ. մոտիվներով գրված տաղերը։ Ժամանակի տաղասացներից հիշատակելի են Խաչատուր Խասպեկ Երեցը, Ղազար Սեբաստացին, Ստեփանոս Վարագեցին, Քոսա Երեցը, Ստեփանոս Դաշտեցին, Դավիթ Սալաձորցին, Նաղաշ Հովնաթանը, Ղունկիանոս Կարնեցին և ուր.։

Առանձնահատուկ նշանակություն ունի Նաղաշ Հովնաթանի տաղերգությունը։ Նրա սիրո և խրախճանքի տաղերով կատարելապես աշխարհիկացել է հայ քնարերգությունը։ Յուրացնելով նախորդ տաղերգուների լավագույն ավանդույթները և արտահատելով ժամանակի ոգին ու գեղ. մտածողությունը՝ Նաղաշ Հովնաթանն իր ստեղծագործություններով առնչվում է աշուղ. բանաստեղծությանը։

Ժամանակի տաղասացներից է նաև Մարտիրոս Ղրիմեցին։

Ժողովրդագուսանական երգը ներթափանցված է 3 շերտերով՝ ժող., ազգ-գուսան. և աշուղ.։ Ժողովրդագուսան. երգերն արտահայտվել են բուն ազգային և արլ. աշուղ. ձևերով, հիմնականում՝ հայրեններով։ Ուշ միջնադարի հայկ. աշուղ. երգերը վերաձևվել են հայ բանահյուսության և գրակ-յան հենքի վրա՝ որպես գուսան. արվ-ի նոր տեսակ։ Հայ աշուղները երգերն ստեղծել են բարբառներով և կատարել լարային գործիքների նվագակցությամբ՝ իրենց հորինած կամ հայտնի եղանակներով։ Ժամանակի աշուղներից նշանավոր են Ղուլ Էգազը, Մկրտիչը, Արթինը, Ռումանին, Քիչիկ-Նովան, Շամչի Մելքոնը, Ամիր Օղլին և ուր.։

XVII-XVIII դդ-ում հայ աշուղ. բանաստեղծությունն աննախադեպ բարձունքի է հասել Սայաթ-Նովայի շնորհիվ։ Հզոր տաղանդի ուժով և շեշտված անհատականությամբ, խռովահույզ սիրերգերով ու մարդասիր. բարձր գաղափարներով Սայաթ-Նովան դուրս է եկել աշուղ. բանարվ-ի սահմաններից և կանգնել միջնադարյան խոշորագույն բանաստեղծների կողքին։ Նա Նաղաշ Հովնաթանի հետ եզրափակել է միջնադարյան հայ քնարերգությունը։

XVII-XVIII դդ-ում շարունակել են գոյատևել նաև գեղ. արձակի որոշ ժանրեր՝ քարոզը, առակը, զրույցը, վարքը և վկայաբանությունը։ Այդ ժանրերով գրված հին և նոր ստեղծագործություններն ամփոփվել են Քարոզգիրք, Աղվեսագիրք, Հարանց վարք, Հայսմավուրք և այլ ձեռագիր ու տպագիր ժող-ներում։

Հենրիկ Բախչինյան

Գրկ. Ավետիքյան Գ., Նարեկ աղօթից համառօտ ևւ զգուշաւոր լուծմամբք բացայայտեալ..., Վնտ., 1827։ Էմին Մ., Վէպք հնոյն Հայաստանի, Մ., 1850։ Նույնի, Մովսէս Խորենացին եւ հայոց հին վէպերը, Մ., 1886։ Ալիշան Ղ., Շնորհալի եւ պարագայ իւր, Վնտ., 1873։ Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց (դար Դ-ԺԳ), Վնտ., 1889։ Ակինյան Ն., Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնն., 1921։ Մկրյան Մ., Գրիգոր Նարեկացի, Ե., 1955։ Նույնի, Հայ հին գրականության պատմություն (V-X դդ.), Ե., 1976։ Մնացականյան Ա., Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Ե., 1956։ Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1-2, Ե., 1959-64։ Մալխասյան Ստ., Մատենագիտական դիտողություններ, Ե., 1961։ Աբեղյան Մ., Երկ., հ. 2-4, Ե., 1967-70։ Չոպանյան Ա., Գրիգոր Նարեկացի, Երկ., Ե., 1968։ Սրապյան Ա., Հայ միջնադարյան զրույցներ, Ե., 1969։ Խաչատրյան Պ., Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ-ԺԷ դդ.), Ե., 1969։ Սևակ Պ., Սայաթ-Նովա, Ե., 1969։ Տեր-Մինասյան Ե., Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե., 1971։ Ավդալբեկյան Մ., Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը (V դ.), Ե., 1971։ Սիմոնյան Հ., Հայ միջնադարյան կաֆաներ (X-XVI դդ.), Ե., 1975։ Ներսիսյան Վ., Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցներ (XIII-XIV դդ.), Ե., 1976։ Տեր-Դավթյան Ք., XI-XV դարերի հայ վարքագրությունը, Ե., 1980։ Բախչինյան Հ., Սայաթ-Նովա. կյանքը և գործը, Ե., 1988։ Նույնի, XVII-XVIII դարերի հայ գրականությունը, Ե., 1999։ Նույնի, XV դարի հայ գրականությունը, Ե., 2004։ Սաֆարյան Վ., Կիլիկյան Հայաստանի գրականությունը (ԺԱ դարի վերջ-ԺԳ դարի սկիզբ), Ե., 1990։ Անանյան Գ., Ակնարկներ հայոց հին և միջնադարյան գրականության, Ե., 2005։ Марр Н., Сборники притч Вардана։ Материалы для истории средневековой армянской литературы, ч. 1, Исследование, СПБ, 1899; Адонц Н., Поэзия Армении с древнейших времен до наших дней, М., 1916; Орбели И., Избр. труды, т.1, М., 1968; Налбандян В., Уроки армянской древности, Е., 1985.