տեսել Էժեն Սյուի, Բիչեր Սթոուի, Վիկտոր Հյուգոյի, Յոհան Գյոթեի, Ալեքսանդր Դյումայի, Ժան-Բատիստ Մոլիերի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ջորջ Բայրոնի, Ադամ Միցկևիչի, Շանդոր Պետեֆիի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի և ուր. ստեղծագործությունները։
1850-60-ական թթ-ի հայ գրակ-ը հատկանշվել է 2 գլխավոր ուղղությունների՝ ռոմանտիզմի և ռեալիզմի զուգահեռ գոյությամբ, որոնք էլ ընդլայնել են գրակ-յան արտահայտչամիջոցները։ Գեղարվեստական նվաճումներից էր վեպի ծնունդը։ Սենտիմենտալ-ռոմանտիկ. վիպագրության նմուշներ են ստեղծել Հովհաննես Հիսարյանը («Խոսրով եւ Մաքրուհի», 1851), Արմենակ Հայկունին («Էլիզա», 1861), Հակոբ Հաճյանը («Հեղինէ», 1869) և ռեալիստ. վեպեր գրել Հովսեփ Վարդանյանը («Ագապի», 1851), Պերճ Պռոշյանը («Սօս եւ Վարդիթեր», 1860), Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը («Տեր Սարգիս», 1861), Ղազարոս Աղայանը («Արութիւն եւ Մանուէլ», 1867)։
Դրամատուրգիայում կլասիցիզմից ռոմանտիզմին անցումը եղել է ժանրային փոփոխությամբ, պատմ. ողբերգությունը ձևափոխվել է պատմառոմանտիկ. դրամայի։ Դրամատուրգիայի ազգային ուղղության ճանաչված դեմքերն էին Մկրտիչ Պեշիկթաշլյանը («Կոռնակ», «Արշակ Երկրորդ»), Սրապիոն Հեքիմյանը («Արտաշէս եւ Սաթենիկ», «Սամուէլ»), Հակոբ Կարենյանը («Շուշանիկ», «Վարդան Մամիկոնեան»), Թովմաս Թերզյանը («Հռիփսիմէ», 1861, «Յովսէփ Գեղեցիկ», 1871)։
Պատմառոմանտիկ. դրամային զուգահեռ զարգացել է սոցիալ-կենցաղային կատակերգությունը։ Նիկողայոս Փուղինյանի, Նիկողայոս Ալադաթյանի, Միքայել Պատկանյանի, Միքայել Տեր-Գրիգորյանի և ուր. վոդևիլներում ու կատակերգություններում ներկայացվել են քաղքենիական միջավայրը, բարքերը։ Ռեալիստ. դրամատուրգիայի գեղարվեստական փորձի ընդհանրացումը Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործությունն է։ Նա «Խաթաբալա» (1866), «Էլի մէկ զոհ» (1870), «Պեպօ» (1871), «Քանդած օջախ» (1872) կատակերգություններում ներկայացրել է իրականության գեղարվեստական պատկերը, բուրժուականացող հասարակության սոցիալական և բարոյական նկարագիրը, սոցիալական խավերի հակադրությունը, մարդկային արժեքների կորուստը։ «Պեպո» կատակերգությունը հայ ռեալիստ. դրամատուրգիայի նշանավոր երևույթներից է։ Սունդուկյանը կերտել է աշխատավոր մարդու կերպար, որը մարմնավորել է ժողովրդի բարձր հատկանիշները՝ առաքինությունն ու հոգու գեղեցկությունը, նրա ընդվզումը կեղծիքի և անարդարության դեմ։ Հետագա տասնամյակներին Սունդուկյանը սիրո և ընտանիքի խնդիրը բարոյական լուծումներով կարգավորող պիեսներից («Ամուսիններ», 1893, «Սէր եւ ազատութիւն», 1910, «Կտակ», 1912) բացի՝ գրել է հրապարակախոս. ու արձակ երկեր։
1850-60-ական թթ-ին հայ գրակ-յան առաջատար ժանրը պոեզիան էր։ Քնարերգությունը, ազատագրվելով կլասիցիզմի կանոնականությունից, հարստացել է բնության, սիրո, կարոտի մոտիվներով։ Քնար. խոհերի առանցքում հայրենիքն է՝ որպես հոգևոր արժեքների լինելիության սկիզբ։ Մ. Նալբանդյանի «Ազատություն», Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը», Րաֆֆու «Ձա՛յն տուր, ո՛վ ծովակ», Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք», Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա», Սմբատ Շահազիզի «Երազ», Գևորգ Դոդոխյանի «Ծիծեռնակ», Գևորգ Միրիմանյանի «Հայոց աղջիկներ» բանաստեղծություններն ազգային, հայրենասիր. քնարերգության վառ նմուշներ են։
Մ. Պեշիկթաշլյանի քնարերգությանը բնորոշ է դասականության և ռոմանտիզմի ոճական ներհյուսումը, որը նրա բանաստեղծություններին տվել է ներքին ու արտաքին ձևերի ներդաշնակություն։ Պեշիկթաշլյանի գեղագիտական իդեալը գեղեցիկն ու բարին են («Գարուն», «Առ զեփիւռն Ալեմտաղի», «Գացե՛ք, իմ տաղք»)։ Ստեղծել է հայրենասիրության, հերոսության, փառքի ու անմահության քնար. հիմներ («Զեյթունյան երգեր», բանաստեղծությունների շարք), նաև պատմ. ողբերգություններ, ճառեր ու հրապարակախոս. հոդվածներ («Մատենագրութիւնք», 1870, «Քերթուածներ ու ճառեր», հրտ.՝ 1904, «Տաղք եւ թատերգութիւք», հրտ.՝ 1917)։
«Ազատութեան ժամեր» (1860) բանաստեղծությունների ժող-ից հետո, որի գլխավոր մոտիվը անձն. զգացմունքներն են, Ս. Շահազիզը հրատարակել է «Լեւոնի վիշտը եւ զանազան բանաստեղծութիւններ» (1865) ժող-ը, որը տոգորված է ազգ-ազատագր.