Այս էջը հաստատված է

ականավոր ներկայացուցիչներն էին Րաֆֆին, Հակոբ Պարոնյանը, Ծերենցը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Արփիար Արփիարյանը, Սրբուհի Տյուսաբը, որոնք ընդլայնել են իրականության ընդգրկման շրջանակները, արծարծել սոցիալական, ազգային, բարոյափիլ. խնդիրներ։

Աղայանը վիպակներում և պատմվածքներում արտացոլել է 1850-80-ական թթ-ի հայ հասարակական կյանքի համակողմանի պատկերը, հայ գյուղի սոցիալական շերտավորումը («Արութիւն եւ Մանուէլ», 1867, «Երկու քոյր», 1872, «Բաժանութիւն», 1881, «Սերը արտաքսուած», 1889)։ Գրել է ազգային, լուսավոր., քաղաքական ու սոցիալական, պատմ. բովանդակությամբ բազմաթիվ չափածո երկեր («Ճախարակ», «Ձմեռ», «Տորք Անգեղ», «Հիշողություն» ևն), հուշագրություն («Իմ կեանքի գլխաւոր դեպքերը», 1894), քննադատական, լեզվաբանական, հրապարակախոս. հոդվածներ, կազմել դասագրքեր։ Աղայանը գեղարվեստական հեքիաթագրության հիմնադիրն է հայ գրակ-յան մեջ («Անահիտ», «Արեգնազան», «Հազարան բլբուլ» ևն)։

Հայ ռեալիստ. գրակ-յան նշանավոր գործերից են Պ. Պռոշյանի «Հացի խնդիր» (1880), «Ցեցեր» (1889), «Բղդէ» (1890), «Յունոն» (1901) վեպերը, որտեղ գրողը նկարագրել է բուրժ. հարաբերությունների ներխուժումը նահապետական գյուղ և գյուղ. համայնքի քայքայումը։ «Կռուածաղիկ» (1878), «Շահէն» (1883) և «Սկիզբն երկանց» (1892) վեպերում անդրադարձել է ազգ-ազատագր. պայքարին։

Հայ դաս. պատմավեպի հիմնադիրը Ծերենցն է։ «Թորոս Լեւոնի» (1877), «Երկունք Թ դարու» (1879) և «Թեոդորոս Ռշտունի» (1881) պատմավեպերում գրողը պատկերել է հայոց պատմության առանձնապես դրամատիկ շրջանները։ Ծերենցը բացահայտել է հասարակությունը միավորող դասերի «բարոյական դաշինքի» պատմափիլ. դրույթը։

Հայ գրակ-յան մեջ ֆեմինիստ. շարժման առաջին արձագանքը Սրբուհի Տյուսաբի ստեղծագործությունն է։ Հրապարակախոս. հոդվածներում («Կանանց դաստիարակություն», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատութան սկզբունքները») և վեպերում («Մայտա», 1883, «Սիրանոյշ», 1889, «Արաքսիա կամ Վարժուհին», 1887) արտացոլել է կանանց ազատագրման խնդիրները։

Հայ երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը Հակոբ Պարոնյանն է։ Երգիծ. հրապարակախոս. հոդվածներում, կատակերգություններում («Երկու տէրով ծառայ մը», 1865, հրտ.՝ 1911, «Ատամնաբոյժն արեւելեան», 1868), արձակ գործերում («Ազգային ջոջեր», 1874, «Կսմիթներ», 1874-78, «Հոսհոսի ձեռատետրը», 1880, «Քաղաքավարութեան վնասները», 1886-87, «Խօսակցութիւնք մեռելոց», 1886-87) ծաղրել է XIX դ-ի հայ ազգային, հասարակական կյանքը, ընտանեկան կենցաղն ու բարքերը։ Երգիծ. ժանրի կատարյալ նմուշներ են «Պաղտասար աղբար» (1886-87) կատակերգությունը և «Մեծապատիւ մուրացկաններ» (1887) վեպը, որոնք առանձնանում են խոսքի, կերպարների և դրության ընդգծված կոմիզմով։

1870-80-ական թթ-ի գրակ-յան կենտրոնական դեմքը Րաֆֆին է։ Հրապարակախոս. և քննադատ. հոդվածներում, չափածո և արձակ գործերում նա արձագանքել է ժամանակաշրջանի կենս. հարցերին, լուսաբանել սոցիալական և ազգ-քաղաքական հրատապ խնդիրները, ուղղորդել մտավոր և գրական շարժումը։ «Սալբի» (1866), «Հարեմ» (1868), «Խաչագողի յիշատակարանը» (1873) վեպերում և մի շարք պատմվածքներում («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմէն», 1872, «Մի օրավար հող», 1873, ևն) արտացոլել է պարսկ. ավատատիր. իրականութունը։ «Զահրումար» (1871), «Ոսկի աքաղաղ» (1878) և «Մինն այսպես, միւսն այնպես» (1890) վեպերում պատկերել է արևելահայ առևտր. բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ «Ջալալէդդին» (1878), «Խենթը» (1880), «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) ծրագրային-քաղաքական վեպերում Րաֆֆին պատկերել է արևմտահայության ողբերգ. վիճակը թուրք. տիրապետության տակ և առաջադրել ազգ-ազատագր. պայքարի ուղին։ Այնուհետև ընդհանրացնելով պատմության փիլիսոփայությունը՝ հայ ժողովրդի ազատագրության պայքարը հանգեցրել է ազգային հեղափոխության գաղափարին («Դաւիթ Բեկ», 1881, «Սամուէլ», 1888)։

Շուրջ մեկուկես տասնամյա տեղատվությունից հետո վերելք է ապրել քնարերգությունը։ Արդեն 1880-ական թթ-ի 2-րդ կեսին ասպարեզ է եկել հայ նոր բանաստեղծության «երկրորդ սերունդը»,