Այս էջը հաստատված է

որի նշանավոր դեմքերն են Հովհաննես Հովհաննիսյանը, Լևոն Մանվելյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Արշակ Չոպանյանը, Վահրամ Մալեզյանը, Վահան Միրաքյանը և ուրիշներ։ Ազգայինից դեպի ժողովրդականը և գաղափարից դեպի ոգին՝ այսպիսին էր նոր ուղղության գեղագիտական իմաստը։ Յուրացնելով ազգային բանաստեղծության հարուստ ավանդույթները և կատարելագործելով համաշխ. պոեզիայի գեղարվեստական նվաճումները՝ բանաստեղծների նոր սերունդն աննախադեպ բարձրության է հասցրել հայ քնարերգութունը։

Պոեզիայի նոր ուղղության համար հատկանշական է եղել Հ. Հովհաննիսյանի անդրանիկ՝ «Բանաստեղծութիւններ» (1887) ժող-ը։ Արևելահայ բանաստեղծ. նոր դպրոցի հիմնադիրը Հովհաննիսյանն է, որի քնար. բանաստեղծությունների հիմն. թեման հայրենիքն է, սերը, բնությունը («Տեսե՞լ ես արդյոք բլուրները», «Մայրս», «Տղմուտ», «Սարն ի վեր», «Իզուր է, հոգի՛ս, իզուր, ի՛մ հրեշտակ», «Կուզեի լինել կարկաչուն վտակ», «Վահագնի ծնունդը» ևն)։

Պոեզիայի նոր ուղղության էական հատկանիշը բանաստեղծի անհատականության ընդգծումն էր։ Հեղինակներից յուրաքանչյուրը բերել է իր նախասիրած մոտիվը, բանաստեղծ. աշխարհի գույնը, քնարը, իր հայեցակարգը։

Ա. Ծատուրյանի բանաստեղծ. ընկալումների հիմն. ոլորտը գերազանցապես բնությունն է, ազգ-ազատագր. պայքարը («Նավավար», «Բնության գրկում», «Գետակ», «Սերմնացան», «Ղրիմի ալբոմից», «Տուր ձեռքդ», «Զինվորի երգը»), Լ. Մանվելյանինը՝ փիլ. խոհականությունը («Բանաստեղծութիւններ եւ պոէմաներ», գիրք 1-2, 1899-1907)։

Ա. Չոպանյանը կյանքն ու աշխարհը դիտել է իր հավերժ. ընթացքի մեջ («Արշալոյսի ձայներ», 1891, «Թրթռումներ», 1892, «Քերթուածներ», 1908)։

Հայկական ուշ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչը Մուրացանն է։ Նրա առաջին գեղարվեստական գործը «Ռուզան կամ Հայրենասէր օրիորդ» (1881) պատմառոմանտիկ. դրաման է։ «Հայ բողոքականի ընտանիքը» (1882), «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885), «Չհաս է» (1886) վիպակներում մերժել է այլադավանությունը՝ այն համարելով ազգը տրոհող չարիք։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Ի՞նչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886), «Հարուստները զուարճանում են» (1888) վիպակներում քննադատել է բուրժ. բարքերը, ապազգային մարդկանց։ Մուրացանի իդեալ. հերոսն առաքյալն է, որի շուրջ հյուսելով հասարակական ուտոպիայի իր գաղափարը՝ միաժամանակ ցույց է տվել ռոմանտիկ. այդ պատրանքների փլուզումը («Խորհրդաւոր միանձնուհին», 1889, «Լուսավորութեան կենտրոնը», 1890, «Նոյի ագռաւը», 1899, «Առաքեալը», 1902)։ Հայ դաս. պատմավեպի նվաճումներից է Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի»-ն (1896)։

1889-ից մամուլում Վրթանես Փափազյանն սկսել է արևմտահայության կյանքը պատկերող պատմվածքների տպագրությունը, որը հետագայում լույս է տեսել 2 գրքով («Պատկերներ թիւրքահայոց կեանքից», 1891, «Պատմուածքներ թուրքահայերի կեանքից», 1904)։ «Էմմա» (1895, հրտ.՝ 1901) վեպում և «Հաջի բեկ» (1906) վիպակում քննադատել է ազգային կուս-ներին, XX դ-ի սկզբին հանգել է դասակարգային պայքարի գաղափարին («Վիշապ», 1903)։ Փափազյանը նպաստել է հայ ազգային դրամատուրգիայի զարգացմանը («Արշալոյս», 1905, «Հոսանք», 1902, հրտ.՝ 1905, «Ժայռ», 1907, և այլն)։

1880-90-ական թթ-ի գեղարվեստական արձակի զարգացումն ուղեկցվել է նոր հերոսի, սոցիալական նոր միջավայրի և ժանրային նոր տարբերակների ընտրությամբ, գրակ-յան գլխավոր խնդիրը դարձել է մարդու ճակատագիր, մեծ տեղ է հատկացվել կնոջ ու ընտանիքի թեմաներին։ Պոլսահայերի հասարակական կյանքը, բուրժ. բարքերի ապականությունը, նյութապաշտ աշխարհի բարոյազրկությունն ու հասարակ մարդկանց անխուսափելի կործանումն է արտացոլված Ա. Արփիարյանի «Կատակ մը» (1884), «Դատապարտեալը» (1885), «Ապուշը» (1886), «Ոսկի ապարանջան» (1906), «Կարմիր ժամուց» (1909) վիպակներում ու պատմվածքներում, Տիգրան Կամսարականի «Վարժապետին աղջիկը» (1888) վեպում, Լևոն Բաշալյանի «Ղալաթիոյ րէսդը» (1889), «Խաչախճին» (1890) և այլ նովելներում։

Հայ դաս. ռեալիզմը գեղարվեստական նշանակալի հաջողության է հասել Գրիգոր Զոհրապի, Շիրվանզադեի, Նար-Դոսի ստեղծագործություններում։

Ռեալիստ. գրական ուղղության խոշոր նվաճումներից է նովելի (նորավեպ)