Այս էջը հաստատված է

ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

ՀՀ բուսաշխարհը՝ ֆլորան, կամ ինչպես ներկայումս ընդունված է՝ բույսերի տաքսոնոմիական բազմազանությունը, տվյալ տարածաշրջանում աճող տեսակների և դրանց առաջացրած լանդշաֆտային էկոհամակարգերի բուսածածկույթի ամբողջությունն է։

ՀՀ-ն, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսատեսակների ու համակեցությունների չափազանց հարուստ բազմազանությամբ, որն արդյունք է երկրակեղևի բարդ երկրբ. կառուցվածքի, կլիմ. ու հողային պայմանների խայտաբղետության, ռելիեֆի խիստ կտրտվածության և, որ ամենակարևորն է, ֆլորոգենետիկ. տեսակետից նպաստավոր աշխարհագր. դիրքի։

ՀՀ-ի բուսաշխարհը ներկայացնում են մոտ 3600 տեսակի անոթավոր բույսեր (Կովկասի ֆլորայի մոտ 60 %-ը), որոնք ընդգրկված են ավելի քան 800 ցեղերում և 160 ընտանիքներում։ Հայաստանի տարածքով են անցնում շատ բուսատեսակների տարածման արեալների սահմանները։

Հանրապետության ֆլորայի առավել հարուստ ընտանիքներից են Աստղածաղկազգիները (429 տեսակ), Բակլազգիները (346), Դաշտավլուկազգիները (336), Վարդազգիները (210), Կաղամբազգիները (203), Մեխակազգիները (183), Խուլեղինջազգիները (153), Նեխուրազգիները, Հովանոցազգիները (132) և այլն, որոնք միասին ներկայացնում են ֆլորայի տեսակային կազմի ավելի քան 55 %-ը։

156 ընտանիքի 879 ցեղի պատկանող 3260 բուսատեսակ ներառված է «Հայաստանի ֆլորա» ժող-ի 11 հատորում (1-ին հատորը լույս է տեսել 1954-ին), որոնց տպագրության ընթացքում հանրապետության բուսաշխարհի հետևողական ուսումնասիրության արդյունքում գիտության համար բազմաթիվ նոր տեսակներ են հայտնաբերվել։ 10-րդ հատորի լույս ընծայումից հետո Հայաստանի ֆլորայում հայտնաբերվել են 4 նոր ընտանիքներ, 33 ցեղ, 445 տեսակ և 16 ենթատեսակ։

ՀՀ-ի ֆլորայի բնաշխարհիկ սաքսոնները ներկայացնում են 26 ընտանիք, 56 ցեղ և 124 տեսակ, ընդ որում՝ ցեղերի առաջին տեղում Pyrus (Տանձենի) ցեղն է. հանրապետությունում հանդիպում է 32 տեսակ, որոնցից 12-ը բնաշխարհիկ են, 6-ը հանդիպում են միայն Դարալագյազի, Ջանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկ շրջաններում։ Սա վկայում է ՀՀ-ի տարածքում, հատկապես հվ. շրջաններում, Pyrus ցեղի ներսում ինտենսիվ ձևով տեսակագոյացման մասին։ Երկրորդ տեղում է Centaurea ցեղը, որի ներսում նույնպես բուռն տեսակագոյացման շարժընթաց է նկատվում։ Նույնը վերաբերում է նաև Cousinia և Astragalus ցեղերին։ Բնաշխարհիկներ են նաիրյան նշենին, հայաստանյան արոսենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Մաղաքյանի ստելերոպսիսը, Տիգրանի թանթրվենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը և այլն։

Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի բնաշխարհիկ հացազգիները (ցորեն, գարի, աշորա, վարսակ)։ Ըստ ռուս բուսաբան Ն. Վավիլովի՝ Հայաստանն Առաջավոր Ասիայում հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից է։ Այդ բույսերն օժտված են ներտեսակային խիստ բազմազանությամբ ու արժեքավոր հատկանիշներով (երաշտադիմացկունություն, վաղահասություն, պրոտեինի և հում սոսնձանյութի պարունակություն) և այլն։ Բնաշխարհիկ բույսերը ՀՀ բուսաշխարհի ամենաարժեքավոր գենոֆոնդն են, ունեն գիտական և գործն․ մեծ նշանակություն։

ՀՀ-ի ֆլորայի կազմում զգալի են նաև մնացորդային (ռելիկտային) տեսակները, որոնց մեծ մասը ծառեր ու թփեր են, օր.՝ ունաբին, կենին, սոսին, արջատխլենին, խնկենին, գիհին, գայլահատը, մրտավարդը, պարիլյակը, սովոր,