թախծի թեմաները։ Տերյանի բանաստեղծ. շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Կատվի դրախտ») ստեղծել են քնար. հերոսի ներքին կյանքի ամբողջական համակարգ։ Բանաստեղծին հուզել է հայրենիքի վիճակը, և նա նորովի է անդրադարձել նրա քաղաքական ճակատագրին («Մեզ չի հասկանա օտարերկրացին», «Հայրենիքում իմ արևաներկ...», «Մշուշի միջից,- տեսիլ դյութական,- բացվում է կրկին Նաիրին տրտում...»)։ Տերյանը արմատ. հեղաշրջում է կատարել հայկական տաղաչափության մեջ՝ վանկային համակարգով գրված բանաստեղծությունների կողքին ստեղծելով վանկաշեշտային կառուցվածքով բանաստեղծություններ։ Նրա լեզուն իր հղկվածությամբ, մաքրությամբ և հարստությամբ արևելահայ գրական լեզվի ամենաբարձր ու կատարյալ դրսևորումներից է։
1910-ական թթ-ին հայ բանաստեղծության զարգացումն ընթացել է Տերյանի ազդեցությամբ։ Ասպարեզ է իջել նրան հետևող երիտասարդ բանաստեղծների սերունդ՝ Ազատ Վշտունի, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Գառնիկ Քալաշյան և ուրիշներ։
XX դ-ի առաջին երկու տանամյակներով ամբողջացել է հայ նոր գրակ-յան պատմությունը։
Գրկ. Լեո, Ռուսահայոց գրականութիւնը սկզբից մինչեւ մեր օրերը, Վնտ., 1904։ Սարգիսյան Բ., Երկհարիւրամեայ գրականական գործունէութիւն եւ նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1905։ Արփիարյան Ա., Պատմութիւն ԺԹ դարու Թուրքիոյ հայոց գրականութեան, Կահիրե, 1943։ Տերտերյան Ա., Հայ կլասիկներ, Ե., 1944։ Օշական Հ., Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հ. 1-6, Բեյրութ, 1945-66։ Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1-2, Ե., 1959-64։ Սարինյան Ս., Հայկական ռոմանտիզմ, Ե., 1966։ Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Ե., 1967։ Աբեղյան Մ., Ուրվագծեր 19-րդ գարու հայոց գրականության պատմությունից (առաջին երեսնամյակ), Երկ., հ. 4, Ե., 1970։ Սուրխաթյան Հ., Գրականության հարցեր, Ե., 1970։ Դանիելյան Կ., Հայ գյուղագրությունը 19-րդ դարում (1860-1890), Ե., 1973։ Գաբրիելյան Վ, Արևմտահայ բանաստեղծներ, Ե., 1974։ Նույնի, Դանիել Վարուժան։ Կյանքը և գործը, Ե., 1978։ Դարոնյան Ս., Միքայել Նալբանդյան. կյանքը և գործունեությունը, Ե., 1979։ Ջրբաշյան Է., Չորս գագաթ (Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց), Ե., 1982։ Աղաբաբյան Ս., XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 1-2, Ե., 1983-84։ Անանյան Գ., Եղիշե Չարենց, Ե., 1987։ Շարուրյան Ա., Գրիգոր Զոհրապի կյանքի ու գործունեության տարեգրություն, Ե., 1996։ Մուրադյան Ս., Երվանդ Օտյան։ Կյանքը և գործը, Ե., 1996։ Նույնի, Գրական հանգրվաններ, գիրք 1, Ե., 2003։ Բախչինյան Հ., Պաղտասար Դպիր, Ե., 1999։
Նորագույն շրջանի հայ գրակ-յան սկզբնավորումը համընկել է պատմաքաղաքական 2 խոշոր իրադարձությունների՝ Առաջին համաշխ. պատերազմի (1914-1918) ավարտի և Հայաստանի պետականության վերականգնման (1918) հետ։ 1918-ով է սահմանագծվում նաև արևմտահայ գրակ-յան անցումը սփյուռքահայ գրակ-յան։
Նորագույն շրջանի հայ գրակ-յան զարգացումը պայմանավորվել է 3 հանրապետությունների՝ Հայաստանի առաջին հանրապետություն (1918-20), ՀԽՍՀ (1920-90), Հայաստանի երրորդ հանրապետություն (1991-ից), հետ։
Պատմ. զարգացման շուրջ 9 տասնամյակի ընթացքում նորագույն շրջանի հայ գրակ-ն անցել է բարդ ու հակասական ուղի, որը, պայմանավորված երկրի հանրային-քաղաքական կյանքի օրինաչափություններով, ունեցել է և՛ վերելքի, և՛ անկման տարիներ։ Այն պատմ. զարգացմամբ բաժանվում է 7 շրջափուլի՝
1. 1918-40 թթ.՝ կազմավորման և զարգացման ուղիների ճշտման,
2. 1941-45 թթ.՝ Երկրորդ համաշխ. պատերազմի,
3. 1946-53 թթ.՝ անկոնֆլիկտայնության և կյանքի գունազարդման,
4. 1954-70 թթ.՝ պատմահասարակական և կենս. ճշմարտությունների բացահայտման, վերելքի տարիներ,