Թատերագրությունը նշանավորվել է Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1926), Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (1937-39, հրտ.՝ 1942), Թոթովենցի «Երկու սուր» (1930), «Մոխրակույտ» (1935), Մկրտիչ Ջանանի «Շահնամե» (1935), Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» (1935), «Սասունցի Դավիթ» (1938) դրամատիկ. երկերով։
Չարենցի, Բակունցի, Մահարու և մյուսների ստեղծագործություններով են պայմանավորվել նոր կյանքի գեղարվեստական սկզբունքները, գրողի և իրականության երբեմն հաշտ, երբեմն ընդդիմադիր դիրքորոշումները։ Ձևավորվել է նորագույն ժամանակների գրողի նկարագիրը, և գեղարվեստական գրակ-ը ձեռք է բերել զարգացման 2 հիմն. ուղղություններ՝ մի կողմում դնելով ազգային ավանդույթներին և արվ-ի բարձր պահանջներին հավատարիմ գրողներին, մյուս կողմում՝ բոլոր նրանց, ովքեր գրակ-ը դարձրին քաղաքական կամ սոցիալ-տնտեսական կարգախոսների արձակ ու չափածո պարզունակ շարադրանք։ Առաջինները տարբեր տարիների ու տարբեր պայմաններում բանադրվել են, բանտարկվել, աքսորվել և գնդակահարվել, երկրորդները՝ հովանավորվել են, պարգևներ ստացել։
1933-ին դադարեցվել է Չարենցի «Գիրք ճանապարհի» ժող-ի տպագրությունը, գործածությունից հանվել հայ գրակ-յան քրեստոմատիան, ժամանակակից գրողների այլ գրքեր, գրակ-յան պատմությունից դուրս են մղվել միջնադարի, նոր շրջանի (Րաֆֆի, Ռաֆայել Պատկանյան և ուրիշներ), արևմտահայ գրողների մեծ մասը, նրանք, ովքեր ազգային դիմագիծ էին տվել հայ ժողովրդի հոգևոր կերպարին։
Այսպիսի պայմաններում խորացել են 1920-30-ական թթ-ին ի հայտ եկած խմբակային պայքարի արատավոր կողմերը, որոնք մեկը մյուսի դեմ ուղղված քաղաքական մեղադրանքներով ողբերգ. հետևանքների են հասել 1930-ական թթ-ի 2-րդ կեսին, ապա կրկնվել հետագայում։
Հակադրվել են մի կողմից աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ), վերացական տեխնիցիզմը, գռեհիկ սոցիոլոգիզմը, մյուս կողմից՝ հայրենիքը, ազգային ավանդույթները, մարդու հոգեբանությունը։ Արդյունքում՝ մի կողմում երկրի ու գրակ-յան այսպես կոչված գաղափարական «նվիրյալներն» էին, մյուսում՝ «ազգայնամոլները» և «ժողովրդի թշնամիները»։ Այս կործանարար պայքարին զոհ են գնացել Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, Մ. Դարբինյանը, Հարություն Սուրխաթյանը, Պողոս Մակինցյանը, Դ. Տեր-Սիմոնյանը, աքսորվել են Գ. Մահարին, Զ. Եսայանը, Մ. Արմենը, Վ. Ալազանը, Վ. Նորենցը, Լեռ Կամսարը, Կարեն Միքայելյանը և ուր.։
Արհեստականորեն ընդհատվել է գրակ-յան զարգացման բնականոն ընթացքը, և գրողների շարքերը համալրվել են սոց. շին-ը, կոլտնտեսային շարժումը, արտադրական հաջողությունները գովերգող երկրորդական կարգի գրողներով կամ անհատի պաշտամունքը գովերգող աշուղներով։
Հայրեն. մեծ պատերազմի (1941-45) տարիների գրակ-ը դարձել է գաղափարական զենք, որի հիմն. ուղղվածությունը հայրենիքի պաշտպանությունն էր ու ազատագրումը, զենքը ձեռքին մարտնչող զինվորին հոգևոր նեցուկ լինելը, մաքառման ու սխրանքի պանծացումն ու հաղթանակի ապահովումը։ Առաջին իսկ բանաստեղծությունները գրվել են որպես մարտակոչ, որպես ուղերձ և պատգամ (Ա. Իսահակյան, «Ռազմակոչ», Ն. Զարյան, «Ձայն հայրական», Հ. Շիրազ, «Էքսպրոմտ»)։ Այդ ժամանակաշրջանում են ծնվել Շիրազի քնարերգության պսակը համարվող «Երգերի գիրք» (1942), «Լիրիկա» (1946) ժող-ները, հանրահայտ «Բիբլիական» (1946) պոեմը։
Ռազմի դաշտ մեկնելու և վերադարձի սրտահույզ բանաստեղծություններ է գրել Գեղամ Սարյանը («Մարտիկի երգը», «Սերմնացանները չդարձան տուն»)։ Այդ օրերի շնչով հանդես են եկել Սուրեն Վահունին, Գուրգեն Բորյանը, Թաթուլ Հուրյանը, Սողոմոն Տարոնցին, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Մարո Մարգարյանը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը և ուր.։ Պատերազմի տարիներին գրակ-յան մեջ գերիշխողը հայրենասիր. ապրումներն էին, որոնք պահանջում էին հայրենիքի պատմության և հերոս. անցյալի ոգեկոչում։ Դրան առաջինն անդրադարձել է Դ. Դեմիրճյանը, որը դեռևս 1937-39-ին գրել է «Երկիր հայրենի» պատմ. դրաման, ապա 1943-46-ին՝ «Վարդանանք» պատմավեպը։ Պատմ. թեմաներով հրատարակվել են Ն. Զարյանի «Արշակ և Շապուհ»