Այս էջը հաստատված է

(1949) և «Խոսի՛ր, Հայաստան» (1952), Հ. Սահյանի «Որոտանի եզերքին» (1946), Վ. Դավթյանի «Առաջին սեր» (1947), Պ. Սևակի «Անմահները հրամայում են» (1948) և «Սիրո ճանապարհ» (1954), Հ. Հովհաննիսյանի «Իմ կյանքի երգը» (1948) բանաստեղծությունների ժող-ները, Սերո Խանզադյանի «Մեր գնդի մարդիկ» (1950) և «Հողը» (1954-55), Խ. Դաշտենցի «Խոդեդան» (1950), Վ. Անանյանի «Սևանի ափին» (1951) և «Հովազաձորի գերիները» (1956), Լյուսի Թարգյուլի «Կոմիտաս» (1956) վեպերը։

Գրական երիտասարդ ուժերի հետ իրենց ստեղծագործ. ուղին են շարունակել Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Ս. Զորյանը, Մ. Արազին, Լեռ Կամսարը, Ն. Զարյանը, Գ. Սարյանը, Վ. Անանյանը, Հ. Շիրազը, Խ. Դաշտենցը, Ս. Տարոնցին և ուր.։

Արձակում ստեղծվել են նկարագր-պատմող. ծավալուն վեպեր (Հ. Քոչար, «Մեծ տան զավակները», 1952, Քրիստափոր Թափալցյան, «Պատերազմ», 1946-49, Հմայակ Սիրաս, «Արարատ», 1950, Մ. Արմեն, «Յասվա», 1953, Միքայել Շաթիրյան, «Զինվորներ», 1955, Աղավնի, «Շիրակ», 1954)։

Հետպատերազմյան տարիների գրակ-ը, որի գլխավոր խնդիրը արդիականության գեղարվեստական պատկերումն էր, ի հայտ է բերել նյութի ընդգրկման նկատելի բազմազանություն։ Արձակագիրները գրակ. են բերել առօրեական փաստեր, դեպքերն ու իրադարձությունները զարգացել են զանգվածային ընդգրկումով և զուրկ են եղել հոգեբ. խորությունից։ Նույն սկզբունքով են ստեղծվել ոչ միայն պատերազմ., այլև պատմաազգագր., կենսագր., սոցիալ-բարոյական, արտադրական բնույթի երկերը։ Եվ այդ պարզունակությունն իր հետ բերել է չափանիշների անկում, կյանքի սխեմատիկ նմանակումը համարվել է գրակ.։

Բանաստեղծների համար նույնպես գլխավոր խնդիրը վավեր. հավաստիություն ունեցող նյութն էր (որոշակի դեպք, փաստ, եղելություն, իրադարձություն, պատմություն), որը և չափածո խոսքին հաղորդել է ակնարկային բնույթ։

Այդ տարիների թատերգությունը նշանավորվել է Ն. Զարյանի «Աղբյուրի մոտ» (1949) և «Փորձադաշտ» (1950) կատակերգություններով, Գ. Բորյանի «Բարձունքի վրա» (1948) դրամայով, Գրիգոր Տեր-Գրիգորյանի, Ալեքսանդր Արաքսմանյանի, Մելիք Քոչարյանի դրամատիկ. երկերով։

1954-70-ին հայ գրակ-ն ապրել է ստեղծագործ. վերելք։ 1954-ից երկրում կատարված արմատ. փոփոխություններից հետո (գլխավորն անհատի պաշտամունքի հաղթահարումն էր) գրակ-յան գեղարվեստական զարգացումը մտել է նոր փուլ։

Նախորդ տարիներին քաղաքական անհիմն մեղադրանքներով գրակ-ից դուրս էին մղվել հայ դաս., նոր և նորագույն շրջանների շատ նշանավոր անուններ, որոնք խորհրդանշում էին գեղ. այնպիսի ժառանգություն, ավանդույթների այնպիսի կայուն հիմք, առանց որոնց խաթարվել էր գրակ-յան օրինաչափ, բնականոն ընթացքը։

Հայ գրակ-յան մեջ վերականգնվել են թե՛ հին ու միջնադարյան (Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի և ուր.), թե՛ նոր (Ռ. Պատկանյան, Րաֆֆի և ուր.) գրակ-յան արժեքները և թե՛ գրակ-ից հանիրավի դուրս մղված Ե. Չարենցի, Ա. Բակունցի և մյուս գրողների երկերը։ Աքսորից վերադարձել և իրենց գրական ուղին են շարունակել Գ. Մահարին, Վ. Նորենցը, Վ. Ալազանը, Լեռ Կամսարը։ Տպագրվել են նրանց ստեղծագործությունները, գրվել մենագրություններ և ուսումնասիրություններ նրանց կյանքի ու գործունեության վերաբերյալ։ Վերականգնվել են արևմտահայ գրական արժեքները, ավելի մեծ ուշադրություն է դարձվել սփյուռքահայ գրակ-յանը։

Այդ տարիներին ուժեղացել է քաղաքական և մշակութային շփումն արտաքին աշխարհի հետ, գրակ-յան մեջ վերականգնվել են այնպիսի արմատ. սկզբունքներ, ինչպիսիք են պատմականությունը, ժողովրդայնությունը, ազգ. ավանդույթները, նորարարությունը, համակողմանիորեն ներկայացվել է բոլոր ժամանակների գլխավոր հերոսը՝ մարդը՝ իր անձն. ցավով և ուրախությամբ,