Այս էջը հաստատված է

լույս» ժող-ի տպագրությունը, գիրքը կալանքի տակ է դրվել և որոշ կրճատումներից հետո միայն վաճառքի հանվել գրողի մահից հետո։

Աստիճանաբար գրոհի է անցել միջակությունը՝ հասնելով գրական ղեկավար դիրքի։ Իրենց դեմքն ու դիմագիծն ամրապնդած գրողները դիմացել են նաև այս փորձությանը։

Արձակում դարձյալ շարունակել է իշխող դիրք գրավել պատմ. անցյալը, արմատավորվել ժողովրդագր. մոտիվը։ Լույս են տեսել Հ. Խաչատրյանի «Արտավազդ» (1975) և «Արտաշես» (1980), Ս. Խանզադյանի «Խոսե՛ք, Հայաստանի լեռներ» (1976), «Թագուհին հայոց» (1978), «Անդրանիկ» (1989), Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1979), Հ. Ղուկասյանի «Բոգդան Սալթանով» (1980-1985), Մ. Շաթիրյանի «Արծաթե դար» (1983-86), Բ. Ուլուբաբյանի «Սարդարապատ» (1991) պատմավեպերը։

Գրակ-յան մեջ առավել ուշադրություն է դարձվել Մեծ եղեռնին, կորուսյալ հայրենիքին, ժամանակակից Հայաստանի կառուցմանը (Հ. Մելքոնյան, «Քարավան», 1971, «Իմ Մելքոն պապը», 1971, Անահիտ Սահինյան, «Կարոտ», 1974, Մ. Գալշոյան, «Բովտուն», 1974, «Մարութա սարի ամպերը», 1981)։ Այդ տարիներին նշանակալի գործեր են ստեղծել միջին սերնդի գրողները, որոնք իրենց ստեղծագործ. ուղին սկսել էին 60-ական թթ-ին (Վահագն Գրիգորյան, «Թագավորի փոքր որդին», «Կարմիր ձյուն», երկուսն էլ՝ 1974, «Ադամամութ» 1984, Զ. Խալափյան, «Ոսկե միջինը», «Մեռնող-հառնող», երկուսն էլ՝ 1975, «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը», 1978, Հ. Մելքոնյան, «Հարցաքննություն», «Ընթրիք հինգ հոգու համար», երկուսն էլ՝ 1977, Ռուբեն Հովսեփյան, «Որդան կարմիր», 1980, Վ. Պետրոսյան, «Վերջին ուսուցիչը», 1980, «Մենավոր ընկուզենի», 1981, Մանուկ Մնացականյան, «Պապը», 1988)։

Հայ արձակում, ի դեմս Աղասի Այվազյանի, նոր շունչ ու բովանդակություն են ստացել պատմվածքն ու նորավեպը՝ («Փառահամար», 1973, «Եռանկյունին», 1983, «Դիպլիպիտո», 1985, ժող-ներ)։ Այվազյանը հայտնաբերել է մարդու մեջ ապրող ներքին մարդուն, որի հոգեբ. մանրակրկիտ վերլուծությունն էլ դարձրել է իր գլխավոր նպատակը («Ընտանիքի հայրը», 1968, «Արմինուս», 1968, «Սինյոր Մարտիրոսի արկածները», 1977, «Աղի կոմսը», 1985)։

Հ. Մաթևոսյանը, լինելով կյանքի խոր զգացողության արձակագիր, ստեղծել է վիպակների ու պատմվածքների շարքեր, որոնք, լրացնելով ու շարունակելով մեկը մյուսին, ի հայտ են բերել կյանքի խորքերում թաքնված իրական հարցադրումները և գեղ. կատարյալ մարմնավորմամբ ներկայացրել ժամանակակից մարդու դատին («Ծառերը», «Աշնան արև», «Մեր վազքը», բոլորն էլ՝ 1978)։ «Տերը» (1983) վիպակում գրողը պատկերել է լճացման տարիների մարդու բարոյական անկումը։

1970-ական թթ-ի և հետագա տարիների պոեզիայում բարձր նվաճումների է հասել Հ. Սահյանը («Սեզամ, բացվի՛ր», 1972, «Իրիկնահաց», 1977, «Կանաչ-կարմիր աշուն», 1980, «Դաշտի ծաղիկ», 1986, ժող-ներ)՝ զանգեզուրյան բնաշխարհի՝ իր հայտնաբերած գեղ. իրականությամբ, դարի ու ժամանակի երկխոսությամբ։ Ժամանակի բանաստեղծ. դիմանկարը լրացրել է Վահագն Դավթյանը («Անկեզ մորենի», 1972, «Կապույտ գիրք», 1978, «Լույս առավոտի», 1984, «Անքնություն», 1987, ժող-ներ)՝ ազգ. ճակատագրի, մարդու և հավերժության հարաբերության մասին խորհրդածություններով։ Նոր ժող-ներ են հրատարակել Ս. Կապուտիկյանը («Դեպի խորքը լեռան», 1972, «Ձմեռ է գալիս», 1983), Լյուդվիգ Դուրյանը («Եղեգան փող», 1973, «Արեգակն արդար», 1976, «Արևագիրք», 1980), Ռազմիկ Դավոյանը («Մեղրահաց», 1973, «Տաք սալեր», 1978, «Պղնձե վարդը», 1983), Գ. Էմինը («Ճամփաբաժան», 1979), Հ. Հովհաննիսյանը («Արևոտ կղզու երգը», 1980) և ուր.։

Թատերագրության մեջ ընդհանուր առմամբ զարգացել է կատակերգությունը. տպագրվել են Ա. Պապայանի («Աշխարհն, այո՛, շուռ է եկել», 1967, «Արտասահմանյան փեսացու», 1972), Գ. Հարությունյանի («Ղազարը գնում է պատերազմ», 1968, «Հարսնացու հյուսիսից», 1973, «Խաչմերուկ», 1978), Ժ. Անանյանի («Տաքսի, տաքսի», 1973) պիեսները։

Գրական մամուլում («Գրական թերթ», 1984-85) ծավալվել են բանավեճեր, որոնք օգտակար դեր են կատարել չափանիշների վերականգնման և գորշ միջակության հաղթահարման գործում։ Այս շրջանում ավելի լսելի է դարձել 1960-1970-ական