Այս էջը հաստատված է

Լիվոռնոյում տպագրել է Սաղմոսարան, այնուհետև իր տպարանը փոխադրել է Նոր Ջուղա, որտեղ 1647-ին տպագրել է Պարզատումար, ապա սկսել Աստվածաշնչի հրատ-ը, որն անավարտ է մնացել Ջուղայեցու դեմ սկսված հալածանքների պատճառով։ 1687-88-ին Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի տպարանում հրատարակվել է ևս 3 գիրք։ Տպարանը մեծ ու փոքր ընդմիջումներով գործել է մինչև XX դ-ի վերջերը։

1640-ական թթ-ին իր տպագր. գործերով հայտնի է դարձել Հովհաննես Անկյուրացին (իտալացիները նրան անվանել են Ջիովանի Մոլինո)։ 1637-ին նա գնացել է Հռոմ, 4 տարվա ընթացքում փորագրել և ձուլել է տվել հայերեն նոր տեսակի տառերի կաղապարներ, անցել Վենետիկ, որտեղ 1642-ին հույն Սալիգաթաուի տպարանում լույս է ընծայել Սաղմոսարան, իսկ 1643-ին՝ Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» պոեմը։

Այս շրջանում Իտալիայի մի քանի տպարանատեր-հրատարակիչներ (Միքելանջելո Բարբոնի, Անտոնի Բորտոլի, Ջիովանի Բաշո, Ստեֆանո Օռլանդո, Դեմետրիու Թեոդոսիու և ուր.), նկատելով, որ հայերեն գրքերը լավ են վաճառվում, Վենետիկի իրենց տպարաններում հայկական բաժին են կահավորել և սկսել են հայերեն գրքեր տպագրել։

XVII դ-ի 2-րդ կեսին Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի կարգադրությամբ տպագր. գործերով, հատկապես Աստվածաշունչը տպագրելու նպատակով, Եվրոպա է մեկնել Սբ էջմիածնի նոտար Մատթեոս Ծարեցին։ Ամստերդամում նա դժվարությամբ տպարան է հիմնել և 1660-ի վերջերին սկսել է տպագրել Ներսես Շնորհալու «Յիսուս Որդին»։ Սակայն կարճ ժամանակ անց մահացել է՝ գործն ավարտին չհասցնելով։ Ծարեցու պարտքերը վճարել է նորջուղայեցի վաճառական Ավետիս Ղլիճենցը և հրատարակել գիրքը, իսկ տպարանը կոչել Սբ Էջմիածնի և Սբ Սարգսի անվան։ Ապա դիմել է Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին՝ իր եղբորը՝ Ուշի գյուղի Սբ Սարգիս վանքի վրդ. Ոսկան Երևանցուն, թույլատրել գալ Ամստերդամ՝ տպագր. գործը շարունակելու։

1664-ին Ոսկան Երևանցին կաթողիկոսի հանձնարարությամբ ստանձնել է տպարանի տնօրինությունը (այստեղից՝ Ոսկանյան տպարան) և 1666-68-ին Ամստերդամում տպագրել է Աստվածաշունչ (1462 էջ), որը հայ գրքի հնատիպ շրջանի տպագրության պսակն է. կազմը կարմիր կաշեպատ հաստ տախտակից է, բացվածքի 3 կողմը՝ ոսկեգույն փայլով և խազավոր ծաղկանկարներով, ներառում է 159 պատկեր։ Տպարանն Ամստերդամում գործել է մինչև 1669-ը. լույս է ընծայել 10 անուն գիրք, այնուհետև տեղափոխվել է Լիվոռնո, 1672-ին՝ Մարսել և գործել մինչև 1686-ը՝ հրատարակելով ևս 16 անուն գիրք։ Ոսկանյան տպարանն այդ շրջանի ամենաերկարակյացն էր. հրատարակել է շուրջ 40 անուն գիրք։ Այնտեղ առաջին անգամ, հոգևոր գրքերից (Շարակնոց, Սաղմոսարան, Մաշտոց, Ժամագիրք ևն) բացի, հրատարակվել են նաև աշխարհիկ գրքեր՝ «Գիրք Այբուբենից»-ը (1666), Ոսկան Երևանցու «Գիրք քերականութեան»-ը (1666), Վարդան Այգեկցու առակները (1668 և 1683), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց»-ը (1669), Հովհաննես Հոլովի «Համառօտութիւն ճարտասանականի արուեստի»-ն (1674) ևն, ինչպես նաև «Արհեստ համարողութեան»-ը (1675), որը առաջին աշխարհաբար հրատարակությունն է և թվաբանության հայ. առաջին տպագիր գիրքը։ Մարսելում 1673-ին առաջին անգամ տպագրության է պատրաստվել Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը, որը, սակայն, կաթոլիկ եկեղեցին արգելել է։

Ոսկան Երևանցու գրահրատարակչական գործունեությունը բեկում է մտցրել հայկ. տպագրության զարգացման ընթացքի մեջ։ Մեծացել է հայ. գրքի տպաքանակը՝ մի քանի հարյուրից հասնելով հազարների։ Ոսկանյան հրատ-ներն օրինակելի են իրենց ճշգրտված բնագրերով։ Հրատարակված գրքերը տարբեր ուղիներով հասցրել են Հայաստան ու հայաբնակ այլ վայրեր։ Ոսկան Երևանցին ստեղծել է անընդմեջ գործող հայկ. գրահրատարակչություն, տպագր. դպրոց, որտեղ սովորած վարպետները տարբեր քաղաքներում հիմնել են հայկ. նոր տպարաններ։

XVII դ-ի վերջին Ամստերդամում տպագր. գործունեություն են ծավալել Մատթեոս, Ղուկաս և Միքայել Վանանդեցիները։ Նրանք 1695-ին տպագրել են Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և 1-ին հայ. տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյց»-ը։ Հետագա տարիներին Վանանդեցիների