Այս էջը հաստատված է
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հնադարի շինարարություն և ճարտարապետություն

Հայկ. լ-աշխարհում ճարտ-յան զարգացման համար կարևոր է նորքարեդարի (նեոլիթյան) ժամանակաշրջանը, երբ հայտնագործվել են կավաշաղախի կապակցող հատկությունները, ստեղծվել է առաջին արհեստ. շինանյութը՝ հում աղյուսը, կառուցվել են առաջին վերգետնյա բնակարանները։ Քարայրը՝ որպես հիմն. կացարան, տեղը զիջել է բնակարանին։ Արղանա բնակավայրի (այժմ՝ Թուրքիայում) մերձակա Չայոնու-Թեփեսի հնավայրի (մ. թ. ա. VIII հազարամյակ) պեղումներով բացվել են շին. տարբեր միջոցներով կառուցված կանոնավոր հատակաձևերով (ուղղանկյուն և կլոր) բնակելի և տնտ. շինություններ։

Մ. թ. ա. III հազարամյակի սկզբին Հայկ. լ-աշխարհում զարգացել է Շենգավիթյան մշակույթը, կառուցվել են մեկ կամ մի քանի շարք պարիսպներով ամրոց-բնակատեղիներ՝ բերդշեներ, կիկլոպյան կառույցներ, մետաղագործ. կենտրոններ (Մեծամոր)։ Բրոնզի դարում բարձր զարգացման են հասել մեգալիթյան կառույցները, մասնավորապես՝ միայն Հայկ. լ-աշխարհում հանդիպող ջրի պաշտամունքին նվիրված մենհիր վիշապաքարերը։ Մեգալիթյան կառույցների եզակի համալիր է Զորաց դաշտը՝ Սիսիանի մերձակայքում։

Առաջացել են հայկ. ժող. բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպերը, բազմասյուն կառուցվածքներ, երկհարկանի տներ։ Երևան են եկել մոնումենտալ ճարտ-յան (Մոխրաբլուր) և ամրաշին. (Յանիքթեփե, Շրեշ բլուր) կառույցներ։ Լեռն. գոտում տարածվել են անմշակ քարերից և ժայռաբեկորներից «կիկլոպյան» տեխնիկայով կառուցված շինությունները (Գառնի, Ձյանբերդ ևն)։

Մ. թ. ա. IX-VI դարերի ճարտարապետությունը

Նախորդ դարաշրջանի ամրոց-բնակատեղիների փոխարեն կառուցվել են ավելի հուսալի ամրոցներ և քաղաքներ, նաև ջրանցքներ, որոնցից հայտնի է հատկապես Մենուայի (Շամիրամի) ջրանցքը։ Ամրոցներով շրջափակվել են Տուշպա, Մենուախինիլի, Սարդուրիխուրդա և այլ քաղաքներ։ Բնակելի թաղամասերը, որպես կանոն, կառուցվել են բարձունքների ստորոտներում, պարսպապատ միջնաբերդը՝ գագաթներին։ Մեկից ավելի բարձունքների դեպքում հաճախ ստեղծվել է բազմամիջուկ քաղաքաշին. համակարգ՝ մի քանի միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։ Հատակաձևերը եղել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դարավանդաձև համակարգային սկզբունքներով։ Քաղաքաշինությանը բնորոշ էր սոցիալ. տարբեր խավերին պատկանող թաղամասերի առանձնացումը։ Միջնաբերդերը բաղկացած էին պալատ., պաշտամունքային, տնտ., զորանոցային բաժանմունքներից, 2-3 շարք պարիսպներից՝ կրկնվող աշտարակներով և որմնահեցերով։ Հաճախ պարսպի՝ բնականից չպաշտպանված մասերում ստեղծվել են արգելակներ՝ խրամներ։

Թեյշեբաինիի միջնաբերդն զբաղեցնում էր երկհարկանի պալատը, որի ստորին հարկում տնտ. և արտադր. բաժիններն էին, իսկ վերին հարկում՝ բնակելի, հանդիսությունների և պաշտոն. արարողությունների սենյակները։ Հայտնի են տաճարի 3 հորինվածքային տիպեր՝ քառակուսի եզրագծով, անկյունային աշտարակներով (Թոփրակկալե, Ազնավուրթեփե, Կայալիդերե, Չաուշթեփե, Ալթընթեփե), պարզ ուղղանկյուն հատակաձևով, երկայն. առանցքով տեղադրված մուտքով (Էրեբունի, Մուսասիր) և ուղղանկյուն, լայնական ձգված հատակաձևով (Խալդի աստծու տաճարը)։ Ներսը սվաղվել է, հարդարվել որմնանկարներով, սալապատվել մարմարով և ընդելուզվել գունավոր քարերով։

Կոթողներն ունեցել են պաշտամունքային նշանակություն, կանգնեցվել են զոհարանների մոտ։ Արհեստ. քարայրերը ծառայել են պաշտամունքի, թաղման, բնակության և այլ նպատակների։