Այս էջը հաստատված է

եզրագծի մեջ, որոշ միանավ և եռանավ եկեղեցիներ ունեցել են արտաքին սյունասրահներ։

Հայաստանում VI-VII դդ-ում լայնորեն տարածվել է խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների տարբեր տիպերի շին-ը։ Դրանց հիմն. ճարտ. գաղափարը ներքին ծավալների միավորումն է ենթագմբեթային տարածության շուրջ։ Գմբեթավոր դահլիճները (Պտղնիի, VI-VII դդ., Արուճի, 661-666, Դդմաշենի, VII դ.), գմբեթավոր բազիլիկները (Տեկորի, V, Օձունի, VI դ-ի վերջ, Մրենի, 613-640, Գայանեի, 630, Բագավանի, 631-639, Զորի, VII դ., Գյումրիի, VIl-VIII դդ.), ինչպես նաև եռախորան գմբեթավոր բազիլիկները (Դվինի Սբ Գրիգոր, 608-615, Թալինի Կաթողիկե, VII դ.) սերել են եռանավ բազիլիկ հորինվածքից։ Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների հորինվածքային գաղափարը զարգացել է Մոխրենեսի (570-ական թթ.), Ավանի (588-597) եկեղեցիների օրինակով, դաս. կատարելության հասել նույնատիպ մյուս կառույցներում (Հռիփսիմե, 618, Գառնահովիտ, VI-VII դդ., Արամուս, VI-VIII դդ., Թարգմանչաց վանք, VII դ., Սիսավան, VII դ-ի վերջ, Արծվաբերի Սբ Աստվածածին, VII դ.)։ Հայտնի է, որ Վրաստանում հայ քարգործ վարպետների մասնակցությամբ VII դ-ում կառուցվել են Մցխեթի Սբ Խաչ (Ջվարի), Աթենի Սբ Սիոն (ճարտ.՝ Թոդոսակ) եկեղեցիները։

Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիները զարգացել են ներքին տարածության ընդլայնման և ամբողջացման ճանապարհով։ Դա ակնհայտ է Մաստարայի (VI դ.), Ոսկեպարի (VI-VII դդ.), Արթիկի (VII դ.), Հառիճավանքի Սբ Գրիգոր (VII դ.) եկեղեցիներում, որտեղ գմբեթը հենվում է խորանների և դրանք միմյանց կապող լայնաթռիչք տրոմպների վրա՝ պսակելով ողջ ներքին տարածությունը։

Հնագույն գմբեթավոր եկեղեցու՝ Էջմիածնի Մայր տաճարի հորինվածքը VII դ-ում կրկնվել է Բագարանի Սբ Թեոդորոս եկեղեցում (624-631) և Բյուզանդիայի միջոցով տարածվել է Եվրոպայում՝ դառնալով Կ. Պոլսի Նեա (IX դ.), Ֆրանսիայում՝ Օռլեանի Ժերմինե դե Պրե (806-811, ճարտ.՝ հայազգի Օդո լը Մեսեն), հտալիայում՝ Միլանի Սան Սատիրո (868-888), Հունաստանում՝ Աթոս լեռան վանքերի գլխավոր եկեղեցիների (X-XI դդ.) նախատիպը։

Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածքներ ստեղծելու ձգտումը VII դ-ի կեսին պսակվել է Ներսես Գ Շինարար կաթողիկոսի կառուցած, դարաշրջանի գլուխգործոց Զվարթնոցի եկեղեցով (641-652), որտեղ խաչաձև քառախորան միջուկը ներգծվել է բազմանիստ շրջանաձև պարագծի մեջ և ամփոփվել եռաստիճան ծավալում։ Ներսես Գ կաթողիկոսը (641-661) Տայքում եպիսկոպոս եղած ժամանակ իր նստավայր Իշխանում և Բանակ (Բանա) գյուղում նույնպես կառուցել է զվարթնոցատիպ եկեղեցիներ։ Այդ հորինվածքը VII դ-ում կիրառվել է Լյակիթի եկեղեցում, պատկերվել Փարիզի Սեն Շապել տաճարի բարձրաքանդակներում։

Խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքից են սերում բազմախորան եկեղեցիները (Եղվարդի Զորավար, 661-685, Իրինդ, VII դ-ի 2-րդ կես, Արագած, VI դ)։ VI-VII դդ-ում զուգահեռաբար մշակվել են խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր եկեղեցիների բազմազան տարբերակներ՝ Աշտարակի Կարմրավոր (VI դ.), Լմբատավանքի Սբ Ստեփանոս (VI դ.), Արզնիի Սբ Կիրակի (VI դ.), Թալինի Կաթողիկե (VII դ.), Բջնիի Սբ Սարգիս (VII դ.), Կոշի Սբ Ստեփանոս (VII դ.), Ագարակի (VII դ.), Ալամանի Սբ Անանիա (637), Ձագավանքի (Գետարգելի) Սբ Նշան (VII դ.), Օշականի Մանկանոց (Սբ Սիոն, VII դ.), Վանքասարի (VII դ.) ևն։

Աշխարհիկ շենքերի ճարտ-ը զարգացել է միանգամայն ինքնուրույն ուղիով՝ ժողովրդական բնակելի տան ճարտ-յանը բնորոշ հորինվածքային և կառուցվածքային լուծումներով։ Դվինի 2 (V և VII դդ.), Արուճի 2 (VII դ.) պալատների հորինվածքներում կենտրոնական տեղ են գրավել սյունազարդ