Այս էջը հաստատված է

նպատակներով ամրացվել և հարմարեցվել են Գնդեվանքը, Նորավանքը, Տաթևի, Թադեի, Հոգյաց վանքերը ևն։ XVII դ-ի նորակառույց համալիրներում է ձևավորվել վանք-ամրոցի հորինվածքը, որի բնորոշ նմուշներից են Տաթևի Մեծ անապատի, Շատիվանքի, Խոր վիրապի, Ամարասի, Դարաշամբի Սբ Ստեփանոս Նախավկայի, Ագուլիսի Սբ Թովմայի և այլ համալիրներ։

Ճարտ. համակառույցների կազմավորման ընթացքում մեծ դեր են ունեցել աշխարհիկ շինությունները՝ բնակելի շենքերը, սեղանատները, գավիթներն ու աստիճանաձև զանգակատները։

XVII-XVIII դդ-ում Սյունիքում կառուցվել են հիմնականում միանավ և եռանավ բազիլիկ, Նախիջևանում՝ 4 հենարաններով գմբեթավոր բազիլիկ եկեղեցիներ, Այրարատում և Վասպուրականում, բազիլիկ կառույցներից բացի, նաև այլ տիպեր՝ գմբեթավոր դահլիճներ, խաչագմբեթ եկեղեցիներ։ Եթե վաղմիջնադարյան բազիլիկներում ներքին տարածությունը բաժանվել է 3-4 զույգ մույթերով 3 նավի, ապա XVII դ-ի բազիլիկներում մույթերը հիմնականում 2 զույգ են, կան նաև 1 զույգ մույթերով (Հորթատեր, Կնեվանք, Ռինդ, Շինուհայր, Զորավոր, Բիստ, Շոռոթ)։ Դրանք չունեն վաղմիջնադարյան կառույցների գետնախարիսխները, սյունասրահները, ճակտոնները։ XVII դ-ի գմբեթավոր բազիլիկները (Մուղնու, Ագուլիսի, Մեսրոպավանի, Ցղնայի, Փառակայի, Ապրակունիսի, Գաղի, Մեղրիի ևն) իրենց հատակագծային և ծավալային լուծումներով մոտ են VII դ-ի նույնատիպ հուշարձաններին։

Եթե Արմ. Հայաստանում դեռևս կիրառվել է քառասյուն գավիթների կենտրոնակազմ հորինվածքը, ապա Արլ. Հայաստանում XVII դ-ում գավիթները վերածվել են եռակամար բաց սրահի՝ կցվելով եկեղեցիների արմ. ճակատներին։ Որոշ դեպքերում այդ սրահները համատեղվել են զանգակատների հետ (Մուղնի, Շողակաթ, Երևանի Զորավոր)։

XVII դ-ում նախադրյալներ են ստեղծվել երկրում ճանապարհների բարեկարգման, կարավանատների ու կամուրջների վերանորոգման և նորերի կառուցման համար։ Բազմաթիվ խոշոր կամուրջներ են կառուցվել Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի, Փամբակ և այլ գետերի վրա։ Ուշ միջնադարի կառույցներից հատկապես ուշագրավ են Աշտարակի (1664), Երևանի (1679), Օշականի (1706) բազմաթռիչք կամուրջները՝ տեղանքի հարմար ընտրությամբ և ինքնատիպ հորինվածքներով։

Զգալիորեն զարգացել են Վան, Կարս, Բաղեշ, Մուշ, Կարին, Երզնկա, Գյումրի, Էջմիածին քաղաքները, հատկապես Երևանը՝ Արլ. Հայաստանի վարչական կենտրոն դառնալուց հետո։ XVI-XVIII դդ-ում Երևանի տարածքային կառուցվածքը եռաստիճան էր՝ բերդ, համատարած այգիներով բնակելի թաղամասեր և քաղաքը շրջապատող բազմաթիվ բնակավայրեր։

XVII-XVIII դդ-ի ճարտ-ը կարևոր դեր է խաղացել Հայաստանի միջնադարյան ճարտ-յան ավանդույթների պահպանման և հետագա զարգացման մեջ։

XIX դարի և XX դարի սկզբի ճարտարապետությունը

XIX դ-ի սկզբին պարսկ. լծից Արլ. Հայաստանի ազատագրումը պայմանավորել է տնտեսության, ինչպես նաև քաղաքաշինության և ճարտ-յան որոշակի առաջընթաց։ Կառուցվել են Հայաստանի համար նորաբնույթ շենքեր՝ բանկեր, եվրոպ. տիպի հյուրանոցներ, թատրոններ ևն , միևնույն ժամանակ պահպանվել են ժողովրդական բնակելի տան և եկեղեց. կառույցների ազգային ավանդ. ձևն ու ոճը։ Քաղաքները մասամբ (Երևան, Վաղարշապատ) կամ ամբողջովին (Ալեքսանդրապոլ, Կարս, Գորիս) վերակառուցվել են կանոնավոր հատակագծման սկզբունքով։

Վերակառուցման և հատակագծման աշխատանքներն առավել ծավալվել են XIX դ-ի վերջին-XX դ-ի սկզբին, երբ քաղաքները Հայաստանում վերածվել են կապիտալիստ. հարաբերությունների զարգացման կենտրոնների։ Արդ-յան և առևտրի զարգացմանն էապես նպաստել են երկաթուղու կառուցումը մինչև Ալեքսանդրապոլ և Կարս (1899), Երևան (1902), ինչպես և խճուղային կապի ստեղծումը (Գորիս՝ 1877, Նոր Բայազետ և Շուշի՝ 1881)։ Կարևորվել են բնակարանների ջրամատակարարումը և կոմունալ սպասարկումը, բարեփոխվել սանիտարահիգիենային պայմանները։ XX դ-ի սկզբին Ալեքսանդրապոլում,