Այս էջը հաստատված է

աշխատանքներ։ 2000-ին ավարտվել է Գյումրիի Անի թաղամասի կառուցապատումը (ճարտ-ներ՝ Լ. Ղալումյան, Ռ. Ալավերդյան), 2007-ին Երևանում ավարտվել է Հանրապետության և Ազատության հրապարակներն իրար կապող Հյուսիսային պողոտայի շին-ը (հեղինակային խմբի ղեկ.՝ Նարեկ Սարգսյան), կառուցապատվում են քաղաքի կենտր. մի շարք հանգույցներ, վեր են բարձրանում առավելապես նոր որակի և հորինվածքային լուծումներով բնակելի, վարչ., հաս. շենքեր՝ հիմնականում բազմահարկ՝ գեղ-ոճ. հատկանիշներով էականորեն տարբեր ավանդականներից։ Կատարվում են ծավալուն աշխատանքներ տարանցիկ ճանապարհների, ստորգետնյա անցումների և անցուղիների կառուցման, քաղաքի կենտրոնի երթևեկությունը թեթևացնելու, խցանումները վերացնելու համար ևն։

Վերելք է ապրում ճարտ. դիզայնը։ Շենքերի առաջին հարկերի տարածքները վերակառուցվել, նորոգվել են ժամանակակից դիզայնի բարձր չափանիշներով։ Երևանում, Ավանի ձորում, հանգստի և ժամանցի վայր է «Ջրաշխարհ» համալիրը (2005, ճարտ-ներ՝ Աշոտ Կանայան, Վարդան Հյուսյան), որն օրինակելի է լանդշաֆտի շահեկան օգտագործմամբ և հանգստի կազմակերպման պայմանների հարմարությամբ։

Անկախության տարիների 1-ին տասնամյակի ճարտ-ը բնորոշվում է եկեղեց. շենքերի աննախընթաց շին-յամբ։ Նոր եկեղեցիներ են կառուցվել ՀՀ գրեթե բոլոր մարզերում և Երևանի համայնքներում (ճարտ-ներ՝ Բաղդասար Արզումանյան, Արծրուն Գալիկյան, Հրաչյա Գասպարյան և ուր.), սակայն մեծ մասում հիմնականում կրկնվում են միջնադարյան ծավալատարած. հորինվածքները, պակասում նորարարությունը և արդիականի զգացողությունը։

Արդի քաղաքաշինությանը բնորոշ են որակ. նոր փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, Նոր շինանյութերի, կոնստրուկցիաների և տեխնոլոգիաների կիրառումը, ճարտ. ազգ. ավանդույթների և համաշխ. փորձի զուգադրումը ևն։

Վերջին տարիներին Երևանում կառուցվել են ավանդականն արդիականի հետ զուգակցող մի շարք շենքեր՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (2001, ՀՀ Պետական մրցանակ՝ 2001, ճարտ.՝ Ս. Քյուրքչյան), Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը (ՀՀ Պետ. մրց.՝ 2008, ճարտ.՝ Ջ. Թորոսյան, մասնակցությամբ՝ Ռոլանդ Մարտիրոսյանի), Հյուսիսային պողոտայի (2006) և Տերյան փողոցի (2007) բնակելի-հաս. համալիրները (երկուսն էլ՝ ճարտ.՝ Ն. Սարգսյան), Հյուսիսային պողոտայի բազմագործառնական համալիրը (2007, ճարտ-ներ՝ Լ. Ղալումյան, Ռ. Ալավերդյան), Ռուսաստանի հրապարակի Մոսկվայի տունը (2007, ճարտ-ներ՝ Լևոն Վարդանյան, Իսահակ Ներսիսյան) ևն։

Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1-2, Ե., 1942-48։ Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե., 1964։ Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտ. համալիրները, Ե., 1973։ Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992։ Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Ե., 2009։ Շախկյան Գ., Ոգի, գույն, կերպար, Ե., 2011։ Якобсон А. А., Очерк истории зодчества Армении V—XVII вв., М.-А, 1950; Токарский Н. М., Архитектура Армении IV—XIV вв., Е., 1961; Халпахчьян О. X., Архитектурные ансамбли Армении, 8 в. до н. э. — 19 в. н. э., М., 1980; Асратян М. М., Очерк армянской архитектуры, М., 1985; Григорян А Г., Товмасян М. А, Архитектура Советской Армении, М., 1986; Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa, t. 1-2, Wien, 1918; Cuneo P., Architettura Armena dal quarto al diciannovesimo secolo, t. 1-2, Roma, 1988.

Մուրադ Հասրաթյան, Գառնիկ Շախկյան