Այս էջը հաստատված է
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
Հայկական կերպարվեստի սկզբնավորումը

Հայաստանում հայտնաբերված (1950-ից) նախնադարյան արվ-ի հնագույն հուշարձանների ուսումնասիրությունից պարզվել է, որ նրանց որոշ մասը քարայրային գեղանկարչության նմուշներ են (մ. թ. ա. XIII-XII հազարամյակներ, Խոսրովի արգելոց, Ազատի գետափնյա քարայր)։ Դրանք մարդկանց ֆիգուրներ են (160-ից ավելի)՝ շագանակագույն կամ գորշավուն հազիվ նշմարվող նրբագեղ ուրվապատկերներով։ Հայկ. Տավրոսի և Արագածի լանջերին, Սիսիանի ու Վարդենիսի լեռներում պեղված ժայռապատկերներից հնագույնները նեոլիթ-էնեոլիթյան (մ. թ. ա. VI-IV հազարամյակներ), իսկ հիմն. մասը բրոնզեդարյան (մ. թ. ա. III-II հազարամյակներ) ծագում ունեն։ Հայաստանում ժայռարվ-ի ամենախոշոր «պատկերասրահները» Սյունիքի Ուղտասար (ավելի քան 2 հազար նկարազարդ քարեր) և Գեղամա լեռների Պայտասար հնավայրերում են։

Ժայռապատկերները բազմաթիվ զուգորդումներով կապված են հայոց հին հավատալիքների, բանահյուսության, հուռութքների, բնության տարրերի, Տիեզերքի շնչավորման հետ։ Բնիկների ստեղծած ժայռապատկերներում պատկերված են նետ-աղեղներով զինված հեծյալ որսորդներ, որսի շներ, ընտելացված կենդանիների հոտեր, երկանիվ ու քառանիվ սայլեր ևն։ Պատկերները դինամիկ են՝ փորագրված բարձր արվ-ով։

Ժայռապատկերներն արտահայտում են տվյալ դարաշրջանի մարդու նյութ. ու հոգևոր կյանքը և կարևոր սկզբնաղբյուրներ են հնագույն բնակիչների կենցաղի, պաշտամունքի, սովորությունների ու արվ-ի մասին։

Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգ., հմայական կամ պաշտամունքային նշանակություն, որոնց հիման վրա ենթադրվում է, որ նախամարդը յուրօրինակ պատկերացումներ է ունեցել Տիեզերքի և երկնային մարմինների վերաբերյալ։ Վարդենիսի լեռներում հայտնաբերված ժայռապատկերները (II հազարամյակ) երկնային լուսատուների շարժման, տարվա եղանակների և ժամանակի հաշվումների հետ կապված տոմարային նշանակությամբ բարդ հորինվածքներ են՝ արված գեղարվեստական մեծ հմտությամբ։

Վաղ և միջին բրոնզի դարերում կիրառ. արվ-ը դրսևորվել է հիմնականում խեցեգործությամբ։ Անոթների փայլեցրած մակերեսին նկարել են երկրաչափ., բուս., ջրային թռչունների, մարդկանց պատկերներ։ Մ. թ. ա. II հազարամյակի մետաղագործ. հոյակապ կերտվածք է Վանաձորի դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե թասը՝ դրվագված 6 առյուծներով։

Կերպարվ-ը նշանակալի զարգացման է հասել ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններում՝ մ. թ. ա. XIV-IX դդ-ում։ Մեծամորում և Դվինում հայտնաբերվել են մարդակերպ կուռքեր, մետաղագործության բարձր տեխնիկայով (կռածո, ձուլածո, դրվագված, փորագիր ևն) կերտված բազմազան գեղ. և այլ իրեր, զարդեր, Լճաշենի և Լոռիբերդի դամբարաններում, Արթիկում, Տոլորսում և այլ վայրերում՝ ցուլերի, այծերի, եղջերուների, թռչունների ձուլածո բարձրարվեստ արձանիկներ, բրոնզաձույլ մարտակառքերի մանրակերտներ՝ կառքին լծված ձիերով ու ռազմիկների պատկերներով։

Գեղ. հուշարձաններ են ստեղծվել նաև քարից՝ քառանիստ ու ձկնակերպ վիշապներ (բնորոշ են Հայկ. լ-աշխարհին), որոնք կապված են առավելապես կրոնապաշտամունքային ըմբռնումների հետ։ Կոթողների վրա քանդակված են օձի, ցուլի, խոյի, թռչունների, նաև բույսերի պատկերներ։ Իսկ վիշապները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր։

Հայաստանի տարբեր վայրերում հայտնաբերվել են նաև պտղաբերությունը խորհրդանշող (ֆալոսատիպ և կանանց կերպարանքով) քարե կուռքեր (մ. թ. ա. II հազարամյակի վերջ-I հազարամյակի սկիզբ)։ Պեղվել են նաև կիսաթանկարժեք բազմագույն քարերից, ոսկուց, արծաթից, բրոնզից, ապակուց պատրաստված ուլունքներ ու կախիկներ, որոնց վերագրվել են խորհրդանշ. հատկություններ։