Այս էջը հաստատված է

Մատենադարան, ձեռ. № 1568)՝ Գրիգոր Նարեկացու 4 դիմանկարով։ Հռոմկլայի դպրոցի լավագույն ձեռագրերն ստեղծվել են Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի և Կիլիկյան Հայաստանի արքայատան պատվերով։ Այդ դպրոցի խոշորագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինը ձևավորել է ավետարան, թեմաների իր պատկերագր. համակարգը, ստեղծել դասականորեն վսեմ ու կոթողային հորինվածքներ, որոնք աչքի են ընկնում գույների աննախադեպ նրբերանգներով։

1270-ից հետո Կիլիկիայում ստեղծվել են հայկ. մանրանկարչության մի շարք գլուխգործոցներ, որոնք նկարազարդել են անհայտ նկարիչներ՝ շարունակելով ու զարգացնելով Թորոս Ռոսլինի արվ-ը. դրանցից են «Կեռան թագուհու Ավետարանը» (1272), «Վասակ իշխանի Ավետարանը» (1268-84, երկուսն էլ՝ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. № 2563, 2568), «Հեթում Բ թագավորի ճաշոցը» (1286, Մատենադարան, ձեռ. № 979), «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (XIII դ-ի վերջին քառորդ) ևն, որոնց բնորոշ են զարդային, թեմատիկ և ֆիգուրատիվ նկարները, գեղ. միջոցների բազմազանությունը, լուսագունային երանգավորումը։

1292-ին կաթողիկոսանիստ Հռոմկլայի անկումից հետո կիլիկյան մանրանկարչությունը կորցրել է նախկին ճոխությունը, գրեթե վերացել են թեմատիկ մանրանկարները։ 1320-ից հետո նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը վերադարձել է թեմատիկ մանրանկարների բոլոր ձևերին (տեքստային, լուսանցքային ևն), հետագա շրջանի հայկ. մանրանկարչությունը հիմնականում զարգացել է նրա ստեղծագործությունների ազդեցությամբ։

Բուն Հայաստանի որոշ շրջաններում, համեմատաբար կայուն քաղ. իրադրության պայմաններում, մանրանկարչությունը ծաղկել է XIII դ-ի 1-ին կեսից, գործել են մինչ այդ կազմավորված Անիի, ապա՝ Գլաձորի (ավանդույթները շարունակվել են Տաթևի մանրանկարչության դպրոցում՝ մինչև XV դ-ի վերջը) մանրանկարչության դպրոցները։ Նկարազարդվել են հայկ. մանրանկարչության մեջ ինքնատիպ ու բարձրարվեստ նոր մատյաններ՝ «Մշո ճառընտիրը» (1200-02, Մատենադարան, ձեռ. № 7729, գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս), «Հաղպատի Ավետարանը» (1211, Մատենադարան, ձեռ. № 6288, ծաղկող՝ Մարգարե), «Թարգմանչաց Ավետարանը» (1232, Մատենադարան, ձեռ. № 2743, ծաղկող՝ Գրիգոր) ևն։ Շքեղությամբ և պատկերագր. առանձնահատկություններով եզակի է «Երզնկայի Աստվածաշունչը» (1269, Երուսաղեմի Սբ Հակոբյանը վանքի մատենադարան, ձեռ. №1925)։ Անիի, Գլաձորի, Տաթևի մանրանկարչության դպրոցներում ստեղծագործել են ճանաչված անհատականություններ (Գրիգոր, Մարգարե, Իգնատիոս, Թորոս Տարոնացի, Մատթեոս, Մոմիկ, Ավագ, Գրիգոր Տաթևացի), որոնց գործերը միմյանցից տարբերվում են թե՛ ոճով, թե՛ պատկերագր. ավանդույթներով, սակայն բոլորը յուրովի կրել են կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը։

Վասպուրականի մանրանկարչության դպրոցի (XIII դ-ի 70-ական թթ.-XVII դ-ի վերջ) գրչության և մանրանկարչության բազմաթիվ կենտրոններում ստեղծագործել են ժամանակի երևելի մանրանկարիչներ Սիմեոն Արճիշեցին, Մելքիսեդեկը, Զաքարիա Աղթամարցին, Ծերուն Ծաղկողը, Ռստակեսը և ուր., որոնք ընդօրինակել և պատկերազարդել են բազմաթիվ ձեռագրեր։ Ծաղկող վարպետները հիմնականում հետևել և պահպանել են ազգ. գեղանկարչ. ավանդույթները, սակայն փոխել են մանրանկարների կերպարային և ոճ. պատկերները, կարևորել դեկորատիվ-հարթապատկերային ձևերը։

Մեզ հասած թեմատիկ նկարներով առաջին ամբողջ. մատյանը «Մլքե թագուհու Ավետարանն» է, որն ընդօրինակվել է 862-ին Վասպուրականում։

Մանրանկարչ. արվ-ի նշանակալի գործեր են ստեղծվել Ուտիքի, Արցախի, Նախիջևանի գրչատներում, ինչպես և Հայաստանից դուրս՝ գաղթավայրերում՝ Ղրիմում, Նոր Ջուղայում, Կ. Պոլսում և այլուր՝ ձևավորելով Ղրիմի, Նոր Ջուղայի ինքնատիպ մանրանկարչ. դպրոցները։ Այնտեղ ստեղծագործել են անվանի մանրանկարիչներ Գրիգոր Սուքիասանցը, Նատերը, նրա որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, նաև Նիկողայոս Ծաղկարարը, Հակոբ Ջուղայեցին և ուր.։

XVI-XVIII դդ-ում հայ գրքի տպագր. մշակույթի զարգացմանը զուգընթաց մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագր. արվ-ին։