ու հավերժ վերածնվող կյանքը։ Հայկ. պաշտամունքային կառույցներում դիմաքանդակի արվ-ը հիմնականում արտահայտվել է կտիտոր. հորինվածքներում։
Հայաստանի գեղ. մշակույթի զարգացման նոր առաջընթացը կապված է Անիի ճարտ. և քանդակագործ. դպրոցի հետ, որը հիմնականում հակված էր արվ-ների համադրությանը։ Եթե Կարսի և Օղուզի տաճարների պատկերաքանդակները որոշ հնավանդություն ունեն, ապա պեղումներով հայտնաբերված Գագիկ Բագրատունու բոլորաքանդակը (տեղն անհայտ է) կանխանշել է Հայաստանում զարգացած միջնադարի նյութ. մշակույթի «գեղանկարչական ոճի» ձևավորումը։ Անիի դպրոցի անքակտելի մասն էր նրա հուշարձանների զարդարվ-ը, որի ավանդույթները կիրառվել են Զաքարյանների հիմնադրած Հառիճի տաճարի (1201) քանդակագործության մեջ։ Միջնադարյան քանդակագործության գրեթե բոլոր տեսակները հիանալի արտահայտված են Աղթամարի Սբ Խաչ (X դ.), Նորավանքի Բուրթելաշեն (XIV դ.) եկեղեցիների, ինչպես նաև Սմբատ իշխանաց իշխանի գավթի (XIV դ., ճարտ. և քանդ.՝ Մոմիկ) պատկերաքանդակներում։
Միջնադարյան Հայաստանի տարբեր շրջաններում (Այրարատ, Տաշիր, Սյունիք, Շիրակ, Վասպուրական) ձևավորված տեղական քանդակագործ. դպրոցների նշանավոր վարպետների բարձրարվեստ գործերն առանձնանում են արտահայտչամիջոցների, թեմաների ու ոճերի բազմազանությամբ, կատարման տեխնիկայով, արվ-ների համադրման մոտեցումներով, հորինվածքային լուծումների յուրահատկություններով, Արևելքի ու Արևմուտքի արվ-ների նկատելի փոխազդեցությամբ։ Ուշ միջնադարի՝ նոր ժամանակների սահմանագծի քանդակարվ-ն աչքի է ընկել համակարգային ընդհանրությամբ, տեղային տարբերությունների համահարթեցման միտումով։ Ստեղծվել են հուշարձաններ՝ ուշագրավ ճակատազարդերով (Թադեի և Ստեփանոս Նախավկա վանքերի XVII դ-ի քանդակները)։ Համակառույցներին կից կանգնեցվել են հուշարձաններ, որոնք IX-XIV դդ-ի կառույցների համեմատությամբ ունեին դեկորատիվ այլ լուծումներ։
Միջնադարյան Հայաստանի աշխարհագր. դիրքը (ներառյալ Արևելք-Արևմուտք ընթացող առևտր. խաչուղիները) պայմանավորել է երկրի արհեստների և արհեստավոր. արտադրանքի տեսակների զարգացումը։ Բարձր մակարդակի է հասել դեկորատիվ-կիրառ. արվ-ը, հատկապես՝ գեղ. ջուլհակությունն ու կարարվ-ը, ոսկերչությունը, դրվագումը, խեցեգործությունը։
Մինչև XIX դ. գրքի ձևավորման արվ-ը եղել է առաջատար և մեծապես ազդել է այլ արհեստների վրա։ Պահպանվել են գրքի բազմաթիվ կազմեր ու պահպանակներ՝ պատրաստված տարբեր նյութերից կամ դրանց համադրությամբ (արծաթ, ոսկի, փղոսկր, ակնեղեն ևն) ու տարբեր գեղ. միջոցներով (դրվագում, փորագրություն, ընդելուզում ևն)։ Հայկ. միջնադարյան արվ-ի հնագույն և բացառիկ նմուշ է «Էջմիածնի Ավետարանի» (989) թեմատիկ փորագրումներով փղոսկրե կազմը (VI դ.)։ Գրակազմերի գեղ. նախօրինակով ստեղծվել են տարբեր տիպերի մասնատուփեր, պահարաններ (Աշոտ Երկաթի ակնազարդ երկաթե խաչի երկփեղկ պահարանը, X դ., «Խոտակերաց Սբ Նշան» թեմատիկ եռափեղկը, 1300, Ստեփանոս Նախավկայի մասնատուփը, 1302, Գեղարդի մասնատուփը, 1617, «Նոյյան տապանի տախտակի» պահարանը, 1698, բոլորը՝ Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն, Էջմիածին, ևն)։
XVII-XVIII դդ-ում տարածված էին ակնազարդ, հաճախ թեմատիկ պատկերներով ոսկեկուռ կամ արծաթակուռ բազկանման նշխարատուփերը (Գրիգոր Լուսավորչի աջը, 1657, Սբ Հակոբ Մծբնա հայրապետի աջը, 1709, երկուսն էլ՝ Ա. և Մ. Մանուկյան Գանձատուն, Էջմիածին, ևն)՝ կատարված տարբեր ոսկերչ. հնարքներով։ Ոսկերչության հատուկ ճյուղերից էր ժամերգության ծիս. իրերի (բուրվառներ, սկիհներ, մեռոնամաններ, խաչեր, գավազաններ ևն), ինչպես նաև