Այս էջը հաստատված է

միասին որմնազարդել են Ապրակունիսի Սբ Կարապետ եկեղեցին (1740), Էջմիածնի վանքի Ղազարապատ հյուրանոցը (1741), Վեհարանը ևն, Էջմիածնում նկարազարդել են Հայսմավուրք (1725-1730, Մատենադարան, ձեռ. № 1533)։ Հակոբ Հովնաթանյանի որդին՝ Հովնաթան Հովնաթանյանը (1730-ական թթ. - 1802), ստեղծել է որմնանկարներ և դիմանկարներ, աստվածաշնչյան թեմատիկ պատկերներ։ 1783-86-ին (որոշ ընդմիջումներով) աշակերտների և իր որդու՝ Մկրտումի հետ հիմնովին նորոգել է Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարները։ Նրան է վերագրվում Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի դիմանկարը։ 1776-ին Վրաց Հերակլ II թագավորը Հովնաթան Հովնաթանյանին հրավիրել է Թիֆլիս՝ որպես պալատ. նկարիչ։

XVII-XVIII դդ-ում տարբեր գաղթավայրերում ստեղծագործել են հայ նկարիչներ. Լվովում՝ Պավել Բոգուշը (ծ. թ. անհտ-1605/1613) և նրա երկու որդիները՝ Հակոբ (Յան) և Սիմոն (ծ. թ. անհտ-1644) Բոգուշները, Լեհաստանում ու Լիտվայում՝ դիմանկարիչ Հովհաննես (Յոնաս) Ռուստեմը (1762-1835) և ուր.։

Այդ շրջանում զարգացել է նաև գրքի ձևավորման ու նկարազարդման արվ-ը՝ գրքի գրաֆիկան։ Հայ գրքի հրատարակիչներից ու նկարիչներից հայտնի են Հակոբը և Հովհաննեսը (Նոր Ջուղա), Հովհաննես Անկյուրացին և մեկենաս Խոջա Նահապետը (Վենետիկ), Մատթեոս Ծարեցին, Բարսեղ և Հակոբ Սեբաստացիները, Հովհաննեսը և Պողոսը (Կ. Պոլիս), Հարություն Շմավոնյանը և Խաչիկ Զառիփյանը (Մադրաս), Մխիթար Սեբաստացին և ուր.։ Ոսկան Երևանցին իր աշակերտների՝ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ 1666-68-ին Ամստերդամում հրատարակել է հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը, որը XVII դ-ի հայ գրքարվ-ի գոհարներից է՝ արլ. մոտիվներով դրոշմազարդված կաշվե կազմով, 1470 մեծադիր երկսյուն էջերով, 160 պատկերով, որոնք վերարտադրում են գերազանցապես եվրոպ. դաս. նկարիչների, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի (1471-1528) և Ռաֆայելի (1483-1520) փորագրությունները։

Գեղ. մեծ արժեք ունեն նկարիչ և փորագրող Գրիգոր Մարզվանեցու 1706-ին Կ. Պոլսում հրատարակած Հայսմավուրքի փայտափորագրությունները։ Այդ և բազմաթիվ այլ հրատ-ներում նրա ձևավորումներն ու նկարազարդումներն աչքի են ընկնում ազգային ոճով։ Կատարելագործել է փայտափորագրության տեխնիկան, գծային փայտափորագրությանը զուգընթաց ստեղծել է դրա երանգային եղանակը, որը հետագայում լայնորեն կիրառվել է։ XVIII դ-ի կեսից հայ. գրքի գրաֆիկայում տարածված էր մետաղի, գլխավորապես պղնձի վրա կատարվող փորագրությունը՝ գրավյուրան։ Տպագիր գրքի արագ զարգացումը հետզհետե նվազեցրել է ձեռագիր գրքի պահանջարկը։ Թեև ստեղծվել են գեղ. արժեք ունեցող բազմաթիվ ձեռագրեր (մանրանկարիչ ծաղկողներ՝ Ղազար Բաբերդցի, Առաքել, Հերապետ և ուր.), սակայն դրանց նկարազարդումներն իրենց արվ-ով նկատելիորեն զիջում են նախորդ շրջանի մանրանկարներին։

XVII-XVIII դդ-ի կերպարվ-ն ամուր նախադրյալներ է ստեղծել XIX դ-ում հայ նոր նկարչության և քանդակագործության հետագա զարգացման համար։