Այս էջը հաստատված է
XIX դարի և XX դարի սկզբի կերպարվեստը

Արլ. Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո (1828) հայկ. մշակույթի, մասնավորապես կերպարվ-ի զարգացման կենտրոններից է դարձել Թիֆլիսը։ Նպաստավոր էր նաև Ս. Պետերբուրգի և Մոսկվայի արվ-ի կրթօջախների դերը, որտեղ սովորել են հայ նկարիչներ։

Հայկ. նոր կերպարվ-ի հիմնադիրներից է Հակոբ Հովնաթանյանը (1806-1881)։ Նա հիմնականում ստեղծագործել է դիմանկարի ժանրում, որը հայկ. գեղանկարչության մեջ հասցրել է բարձր մակարդակի։ Ստեղծել է ժամանակակիցների (Նատալյա Թեումյան, Մարտիրոս Օրբելյան, Թովմաս Թովմասյան, Ներսես Աշտարակեցի և ուր.) բարձրարժեք դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում խոր հոգեբ. արտահայտչականությամբ, մարդասիրությամբ, գունային կառուցվածքով։ Պահպանելով բնորդի արտաքին գծերը՝ նկարիչը հատկապես կարևորել է նրա տարազը՝ շեշտելով գունային և դեկորատիվ հատկանիշները։ Կանանց դիմանկարներն առանձնանում են դեմքի երկարավուն, ձվաձև գծանկարով, նշաձև թախծոտ աչքերով, իսկ տղամարդկանցդ՝ սևի, ճերմակի, կանաչի և կարմրի նրբագեղ համադրումներով։ Հովնաթանյանի արվ-ը խոր հետք է թողել ժամանակի գեղանկարչության զարգացման վրա։ Նրա ստեղծած դիմանկարները գրակ-յան մեջ հայտնի են «Հովնաթանյան դպրոց» կամ «XIX դ-ի 1-ին կեսի թիֆլիսյան դպրոց» անվամբ։

Հայ նոր գեղանկարչության մյուս առաջատարը ակադ. կրթություն ստացած Ստեփանոս Ներսիսյանն է (1815-84). ստեղծել է պատմ. և ժանրային նկարներ, դիմանկարներ, բնանկարներ։ Նրա «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ական թթ.) կտավը նոր շրջանի հայ կերպարվ-ի կենցաղային ժանրի առաջին նմուշն է, որտեղ հին Թիֆլիսի կենցաղն արտացոլված է սոցիալ. որոշ ընդհանրացմամբ։

Ս. Ներսիսյանն ստեղծել է ինչպես ժամանակակիցների (Ա. Տեր-Ղուկասյան, Գ. Ակիմյան, Բ. Հ. Բեհբութով, Մելիք-Ադամյան, Գ. Իզմիրյան և ուր.), այնպես էլ պատմ. անձանց («Մեսրոպ Մաշտոց», «Սահակ Պարթև», երկուսն էլ՝ 1892) դիմանկարներ։ Ներսիսյանի ստեղծագործություններով որոշակիորեն հայկ. կերպարվ. է ներմուծվել ռոմանտիզմը։ Սակայն այդ ուղղության խոշորագույն ներկայացուցիչը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին է (1817-1900), որն իր հաստատուն տեղն ունի թե՛ հայ և թե՛ համաշխ. արվ-ներում։ Նա առաջինն է անդրադարձել հայկ. բնաշխարհի պատկերմանը («Արարատ», 1868, «Արարատ լեռան հովիտը», 1882), ստեղծել է դիմանկարներ («Ինքնանկար», «Նկարչի կնոջ դիմանկարը», «Գաբրիել Այվազովսկու դիմանկարը» ևն), աստվածաշնչյան թեմայով («Նոյը իջնում է Արարատից», 1887), հայոց պատմությանը նվիրված կտավներ («Հայ մարտիկի երդումը», 1891, «Հայ ժողովրդի մկրտությունը», 1892, ևն), ցասումով է անդրադարձել 1890-ական թթ-ին Թուրքիայում հայերի կոտորածներին («Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» ևն)։

Ազգ. ռեալիստ. բնանկարչության հիմնադիրը Գևորգ Բաշինջաղյանն է (1857- 1925)։ Նա առաջին հայ նկարիչն է, որ բնականից է պատկերել Հայաստանի («Սևանա լիճը լուսնյակ գիշերով», 1894, «Արարատ», «Դիլիջանի ճանապարհը», երկուսն էլ՝ 1895, «Զանգեզուրի լեռներում», 1904, «Ալազանի հովիտը», 1907, ևն), ինչպես և Անդրկովկասի («Ձնհալը Կովկասում», 1890, «Կազբեկ», 1895, ևն) բնաշխարհը՝ քնար. և էպիկ. մեկնաբանումներով։ Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. ստեղծել է ավարտուն և ամբողջական բնապատկերներ՝ զուգորդված խոր հայրենասիրությամբ։ Նա հայտնի է նաև որպես արվ-ի դաս. ժառանգությունը պաշտպանող տեսաբան։

Ս. Ներսիսյանից հետո Հարություն Շամշինյանն է (1856-1914) դիմել թեմատիկ ստեղծագործությանը։ Ստեղծել է հայ և վրացի ժողովուրդների կյանքը, տոնահանդեսներն ու ժող. խաղերը պատկերող կենցաղային ժանրի նկարներ, նաև ռեալիստ. բնապատկերներ ու դիմանկարներ («Հին Թիֆլիսը», 1887, «Շեյթան բազար», 1890, «Սանահինի կամուրջը», 1899, «Նկարչի մոր դիմանկարը» ևն)։

Հայկ. կերպարվ-ում թեմատիկ պատկերի մշակույթը միջազգ. մակարդակի է