Այս էջը հաստատված է

բարձրացրել Վարդգես Սուրենյանցը (1860-1921)։ Ստեղծել է հայ ժողովրդի ներկային, պատմությանը և դիցաբանությանը նվիրված բարձրարվեստ գործեր («Լքյալը», 1894, «Ոտնահարված սրբություն», 1895, «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ», 1899, «Զաբել թագուհու վերադարձը գահին», 1909, ևն), բնանկարներ («Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ», 1897, ևն), դիմանկարներ («Ա. Գ. Իդելսոնի դիմանկարը», 1913, ևն), գրքի պատկերազարդումներ, 1915-ի Մեծ եղեռնից փրկվածների նկարաշարեր։

Վ. Սուրենյանցը հայկ. գեղանկարչության մեջ պատմ. ժանրի հիմնադիրն է, արևելահայ կերպարվ-ի խոշորագույն գրաֆիկն ու առաջին բեմանկարիչը։ Նա ծանոթ էր գեղանկարչության եվրոպ. նոր հոսանքներին, իր արվ-ում օգտագործել է մոդեռն ոճի որոշ հնարներ՝ պահպանելով ազգ. դիմագիծը։

XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին Ռուսաստանում ստեղծագործել են մի շարք հայ նկարիչներ, որոնք նույնպես նպաստել են հայկական կերպարվ-ի զարգացմանը։ Հայտնի են ծովանկարիչ Մանուկ Մահտեսյանը (1857-1908), Խաչատուր Տեր-Մինասյանը [(1870-1906), «Նախիր» (1904) կտավը ռեալիստ. արվ-ի բարձրարժեք նմուշ է], Գրիգոր Գաբրիելյանը (1862-1898), Մանուկ Ալաջալովը (1862-1934), Կարապետ Չիրախյանը (1873-1913), Գավիթ Օքրոյանցը (1874-1943)։

XIX դ-ում արևմտահայության մշակութ. գլխավոր կենտրոնը Կ. Պոլիսն էր, որտեղ ստեղծագործել են Մանասե նկարիչների տոհմի ներկայացուցիչները (հիմնականում՝ մանրանկարիչներ), Ումեդ (Հովհաննես) Պեյզատը (1809-1874, ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, կոմպոզիցիաներ), բնանկարիչ Ժակ Տամադը (Հակոբ Տամադյանը, 1839-1920), ծովանկարիչ Մկրտիչ Ճիվանյանը (1848-1906), Սիմոն Հակոբյանը (1857-1921, դիմանկարներ, աշխատանքային և մարտանկարչ. սյուժեներով գործեր)։ Դաս. բնանկարի վարպետ է Ասլան դ՚Աբրոն (Աբրոյան, 1848-1928)՝ Իտալիայում։

1916-ին Թիֆլիսում հիմնադրվել է Հայ արվեստագետների միությունը, որի անդամ-նկարիչները մեծ ավանդ ունեն թե՛ խորհրդային շրջանի, թե՛ Սփյուռքի կերպարվ-ում։ Ռեալիստ. գեղանկարչության մեծ վարպետ է Ստեփան Աղաջանյանը (1863- 1940). ստեղծել է հոգեբ. բնութագրումներով դիմանկարներ («Ինքնադիմանկար», «Նկարչի կինը», երկուսն էլ՝ 1926, «Բժիշկ Հ. Գաբրիելյանը», 1934, «Երգչուհի Բարոնկինան», 1935, «Բլանշը», 1940)՝ հայկ. կերպարվ-ում նոր մակարդակի հասցնելով այդ ժանրը։ Հեղինակ է նաև մանկ. դիմանկարների («Երեխայի գլուխ», 1912, «Գլխարկով տղան», 1912-13, «Տղայի դիմանկար», 1914, ևն), որը հազվադեպ երևույթ էր հայկ. կերպարվ-ում։

Թիֆլիսում և Ալեքսանդրապոլում է ստեղծագործել Ենոք Նազարյանը (1868-1928), որի կավճաներկ դիմանկարները (դերասաններ Ա. Արմենյանի, Մ. Մանվելյանի, Հ. Աբելյանի, գրող Ատրպետի և ուր.) առանձնանում են կերպարի բնութագրման ու գեղ. արտահայտչամիջոցների ներդաշնակությամբ։ Բնորդի հոգեվիճակն արտահայտող դիմանկարներ է ստեղծել Հմայակ Արծաթպանյանը (1876-1919), ուշագրավ են նաև նրա հայ իրականությունն արտացոլող կենցաղային պատկերները («Օրորոցի մոտ», 1911, «Պսակադրություն» ևն)։ Փանոս Թերլեմեզյանը (1865-1941) նույնպես նպաստել է հայկ. դիմանկարի (Կոմիտասի, Գ. Բաշինջաղյանի, Ա. Իսահակյանի, Ս. Թեհլերյանի և ուր.) ռեալիստ. ավանդույթների զարգացմանը, հեղինակ է նաև գունային մեղմ ներդաշնակությամբ բնանկարների («Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց», 1915), կենցաղային պատկերների («Բանվորուհին ջրհորի մոտ», 1903, «Սանահինի վանքի գավիթը», 1904, ևն)։

Կենցաղային պատկերներով ճանաչված է Հմայակ Հակոբյանը (1871-1939). ստեղծել է նաև դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, որոնց բնորոշ են թեմատիկ միասնականությունը,