քնար. ու կառուցվածքային պարզությունը, հուզականությունը։ Նկարչի ստեղծագործության մեջ կարևոր տեղ ունեն գյուղ. կյանքն ու հայ գեղջուկներին պատկերող կտավները («Վար Արագածի լանջին», 1910-20, «Հովիվը», 1900-ական թթ., «Հայ գյուղացին», 1917, ևն)։
Նկարիչ և արվ-ի պատմաբան Արշակ Ֆեթվաճյանը (1866-1947) ստեղծագործ. կյանքի մի մասն անցկացրել է Ս. Պետերբուրգում և Անդրկովկասում, 1922-ից ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում։ Շրջագայել է Արլ. Հայաստանում, ստեղծել բարձրարվեստ բնանկարներ, հայկ. ճարտ. հուշարձանների նկարներ («Անիի Փրկիչ եկեղեցին» ևն)։ Հեղինակ է մատիտանկարների ու ջրանկարների (2000-ից ավելի), հայոց պատմության, դիցաբան., ազգագր. թեմաներով գործերի և դիմանկարների։ Նկարիչն առավել ճանաչվել է «Արևելյան փոստ», «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»), «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիրլյան» կտավներով։
XX դ-ի սկզբից հայ արվ-ի կենտրոներից էր նաև Ֆրանսիան, որտեղ հաստատվել և ստեղծագործել են մի շարք տաղանդավոր արվեստագետներ, որոնցից շատերը մասնագիտական կրթություն են ստացել Փարիզի Ժյուլիեն ակադ-ում։
Հայտնի է նատյուրմորտի ինքնուս վարպետ Զաքար Զաքարյանը (1849-1923), որի կտավներին բնորոշ են կուռ կառուցվածքը և նյութի խոր զգացողությունը («Երաժշտական գործիքներ», «Նատյուրմորտ։ Դեղձեր», 1900-ական թթ., ևն)։ Ծովանկարիչ և կենցաղանկարիչ Արսեն Շապանյանի (1864-1949) գործերում մարդիկ ու բնությունը հաճախ պատկերված են աշխույժ լուսաօդային (ոչ իմպրեսիոնիստ.) միջավայրում։ Դարասկզբի նշանավոր ծովանկարիչներից է Վարդան Մախոխյանը (1869-1937), որը նախ ստեղծագործել է Գերմանիայում, ապա՝ Ֆրանսիայում։ Նրա ռեալիստ. ծովապատկերները («Ծովային տեսարան», 1905, «Հուզված ծովը վերջալույսին», «Ալիք» ևն) ունեն ռոմանտիկ. երանգավորում, իսկ որոշ դեպքերում աղերսվում են սիմվոլիզմի հետ։ Ինչպես Շապանյանի, այնպես էլ Մախոխյանի ծովանկարներում նկատելի է Հ. Այվազովսկու արվ-ի ազդեցությունը։
Ֆրանսիայում են ստեղծագործել նաև բնանկարիչներ Հրանդ Ալյանաքը (1880-1938), Հերան Շապանը (Շապանյան, 1888-1939)։ Ֆրանսահայ արվ-ում ուրույն տեղ ունի Լևոն Քյուրքճյանը (1872-1924), որը կենցաղային պատկերներում ճշմարտացի արտացոլել է հասարակ մարդկանց կյանքն ու կերպարները։
Լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչը (1859-1938) գեղ. գործունեությունն սկսել է Փարիզում, շարունակել Կրակովում. ստեղծել է հայկ. թեմաներով կտավներ («Հայ գաղթականները Լեհաստանում» ևն), հոգեբ. դիմանկարներ («Սառա Բեռնարը Տոսկայի դերում», «Հենրիետ Ֆուրիե» ևն)։
Եգիպտոսում են ստեղծագործել բազմաժանր նկարիչներ Երվանդ Դեմիրճյանը (1870-1938) և Տիրան Կարապետյանը (1882-1963)։
Ռեալիզմին զուգընթաց իմպրեսիոնիզմի և հաջորդող ուղղությունների գեղարվեստական մտածողությունն ու արտահայտչամիջոցները դրսևորվել են հայ գեղանկարչության խոշորագույն դեմքերից մեկի՝ Եղիշե Թադևոսյանի (1870-1936) արվ-ում։ Նրա ստեղծագործության մեջ ազգ. թեմատիկ մարմնավորումները հաճախ կրել են Վ. Սուրենյանցի ազդեցությունը («Դեպի պանդխտություն», 1895, «Երկրպագություն խաչին», 1901, ևն)։ 1900-ական թթ-ի մի շարք գործերում նկատելի է իմպրեսիոնիզմին հատուկ գունային և լուսաօդային, երբեմն էլ պուանտիլիզմի միջոցների կիրառումը («Գետաբերան. Պուլդյու», 1902, «Հանճարը և ամբոխը», 1909, ևն)։ Թադևոսյանը չի սահմանափակվել սոսկ տպավորությունների վերարտադրությամբ, նախընտրել է նաև իրական աշխարհի ռեալիստ. ճանաչողությունը։