ինստ․, 1994-ից՝ Գեղարվ-ի ինստ․, 2000-ից՝ Գեղարվ-ի պետ․ ակադ.) հիմնադրումը, որի շրջանավարտների նոր սերունդը ձգտել է նորովի արտահայտել հասարակությանը հուզող խնդիրները։
1950-70-ական թթ-ի հայկական գեղանկարչությունը հիմնականում ընթացել է ավանդ․ ժանրերի միաձուլման, իրականության հուզ. իմաստը բնության միջոցով բացահայտելու ուղիով (Հ. Զարդարյանի «Գարուն», 1956, Մ. Աբեղյանի «Ամառ», 1959, Տիգրան Սիմոնյանի «Սևանի ձկնորսները», 1957, ևն)։ 1950-ական թթ-ին Սարգիս Մուրադյանը, առաջիններից անդրադառնալով Մեծ եղեռնի թեմային, Կոմիտասին վերապատկերել է որպես հայ ժողովրդի հավաք․ կերպար («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, «Կոմիտաս։ 1915 թվական, ապրիլ», 1965), ավելի ուշ այդ թեման արտացոլվել է Գրիգոր Խանջյանի՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդումներում (1963-65)։ Նույն թվականների վերջին ստեղծվել են նաև Հայաստանում խորհրդ․ կարգերի հաստատմանը նվիրված (Ա. Բեքարյանի «11-րդ բանակի մուտքը Երևան, 1920 թիվ», Հմայակ Ավետիսյանի «Հայաստան։ 1920», ևն) և պատմ. ժանրի այլ գործեր, միաժամանակ անդրադարձել են ժամանակակից աչքի ընկնող երևույթներին, կերպարներն օժտել են հերոսականացման գծերով (Անատոլի Պապյան, Ս. Մուրադյան, Ք. Վարդանյան, Նիկոլայ Քոթանջյան և ուր․)։
Քանդակագործների նոր սերունդն ընդլայնել է ժանրերի և թեմաների շրջանակները։ Ուշագրավ են Ղ. Չուբարյանի Ալավերդու պղնձաձուլարանի բանվորների դիմաքանդակները, Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը (1960), Արա Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1963), «Մայր Հայաստան» (1967) հուշարձանները, Սարգիս Բաղդասարյանի դիմաքանդակներն ու արձանները (այդ թվում՝ «Մենք ենք, մեր սարերը», 1967, Ստեփանակերտ), Արտո Չաքմաքչյանի դիմաքանդակները, Խաչատուր Իսկանդարյանի մանրաքանդակները։ 1959-ին կազմակերպվել է Հ. Գյուրջյանի՝ Հայաստանին նվիրաբերած ստեղծագործությունների հետմահու ցուցահանդեսը։ 1960-ական թթ-ին Ա. Հարությունյանի քանդակազարդումները (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն․ Էրեբունի թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր) դեկորատիվ ռելիեֆի զարգացման լավագույն օրինակներից են։
1950-ական թթ-ի կեսերից մոնումենտալ քանդ-յան վարպետներն ավելի ազատ մեկնություններ են տվել իրենց գործերին (Ե. Քոչարի «Սասունցի Դավիթ», 1959, Ն. Նիկողոսյանի «Միքայել Նալբանդյան», 1966, Արտաշես Հովսեփյանի «Ալեքսանդր Թամանյան», 1974, Արա Շիրազի «Ալեքսանդր Մյասնիկյան», 1981, բոլորն էլ՝ Երևանում, ևն), որոնք հայկ․ կերպարվ-ի նշանակալի նվաճումներից են։ Ստեղծվել են նաև դեկորատիվ արձաններ (Ռուզան Քյուրքչյանի «Վերածնունդ», 1972, Հռիփսիմե Սիմոնյանի «Վանեցի աղջիկը», 1975, Դավիթ Բաբայանի «Ղարաբաղցի կինը», 1986, ևն)։
1950-60-ական թթ-ին գրաֆիկան աչքի է ընկել տեսակների բազմազանությամբ [Հ. Կոջոյանի՝ հայկ․ ժող․ հեքիաթների (1955), Է. Իսաբեկյանի՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի (1952), նաև Գ. Խանջյանի պատկերազարդումները, Ռուբեն Բեդրոսովի, Վլադիմիր Այվազյանի և ուր․ օֆորտները, լինոփորագրությունները, փայտափորագրությունները ևն]։ Բեմանկարչության մեջ ճանաչվել են Խ. Եսայանը, Կարապետ Մինասյանը, Սարգիս Արուտչյանը, Մ. Սվախչյանը, Գևորգ Վարդանյանը։
1950-ական թթ-ին աշխուժացել է հետաքրքրությունը նաև դեկորատիվ-կիրառ. արվ-ի նկատմամբ, հանդես են եկել պրոֆեսիոնալ ստեղծագործողներ, որոնք ձգտել են վերածնել խեցեգործության, ոսկերչության, ջուլհակության, գորգագործության ավանդ․ ձևերը։
Կիրառ. արվ-ի զարգացումը պայմանավորված էր նաև ճարտ-յան արմատ.